1 окт. 2012 г.

«Կապանյան լրատու»` Կապանում նոր թերթ է լույս տեսնում

Արդեն մեկ ամիս է Կապանում նոր թերթ է հրատարակվում՝ «Կապանյան լրատու» անունով: Թերթի հիմնադիրն ու խմբագիրը լրագրող Մարատ Հարությունյանն է: «Կապանյան լրատուն» տպագրվում է 10 օրը մեկ պարբերականությամբ, ունի լրատվական, վերլուծական, հրապարակախոսական ուղղվածություն: Առայժմ հրատարակվում է 500 օրինակով: Ձեւավորումը եւ տպագրությունը կատարվում է Երեւանում, քանի որ Սյունիքի մարզում տպարան չկա:
«Կապանյան լրատու»-ի հոդվածների մեծ մասը գրում է հենց ինքը՝ խմբագիրը: Մարատ Հարությունյանն ասում է, որ շուտով օգնական ուժ՝ մեկ արտահաստիքային թղթակից կունենա:

«Միշտ զգացել եմ, որ տեղական լրատվամիջոցներն ունեն լուրջ բացթողումներ: «Կապանյան լրատու» թերթը լինելու է անկեղծ զրույց հասարակության հետ: Թերթի առաջնահերթ նպատակն է Կապանում դաստիարակել քաղաքացիական ակտիվ եւ իրազեկ երիտասարդություն», - ասում է Մարատ Հարությունյանը:

Բացի լուրերից եւ հարցազրույցներից «Կապանյան լրատու»-ում կա «Ստեղծագործում են կապանցիները» վերտառությամբ էջ, որտեղ տպագրվում են տեղացիների ստեղծագործություններից պատառիկներ: Թերթը լուսաբանելու է Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի խաղերը: Էքսկլյուզիվ նյութերի համար թերթի եւ «Գանձասար»-ի ֆան ակումբի միջեւ պայմանավորվածություն կա:

«Կապանյան լրատու»-ն առայժմ ինտերնետում ներկայացված չէ: Խմբագիրը նախընտրում է իր թերթը տեսնել տպագիր տարբերակով:

Նոր թերթի ֆինանսավորումը կատարվում է առայժմ անհատ բարեգործների եւ հովանավորների միջոցով: «Դեռ թերթը նոր է լույս տեսնում, կարծում եմ շուտով գովազդային նյութերի շնորհիվ կկարողանանք հոգալ տպագրության ծախսերը», - ասում է Մարատ Հարությունյանը:

Կապանում դեռ քչերն են տեղյակ «Կապանյան լրատու»-ի մասին: Կապանի մշակույթի կենտրոնին հարակից կրպակում թերթի առաջին համարից ստացվել է 10 օրինակ, որից վաճառվել է 8-ը: Երկրորդ համարը դեռ նոր է վաճառքի հանվել:

Կապանում նոր թերթի ուղղվածության մասին տարբեր ասեկոսեներ են շրջանառվում, քանի որ անդրանիկ համարը լույս տեսավ տեղական ընտրությունների շրջանում եւ պաշտպանում էր Կապանի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Մարատ Հարությունյանն հերքում է իր թերթի կապը քաղաքապետի հետ:
                                                                                                  Աղավնի Նավասարդյան
                                                                                                                            media.am

Комментариев нет:

Отправить комментарий