11 июл. 2012 г.

Հանդիպում քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ

Մարիամ Մաթևոսյան
Ուսանողների ամառային հանգիստը ակտիվացնելու և երիտասարդներին համայնքային ծրագրերին մասնակից դարձնելու համար հուլիսի 10-ին ժամը 15.00-ին համայնքի երիտասարդները հանդիպեցին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին՝ քննարկելու հետևյալ հարցերը.
1. Գորիսի 2012-2022թթ. զարգացման ռազմավարական ծրագիր,
2. ՀՀ Կառավարության 10 հունիսի 2011թ-ի N 973-Ն “Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին” որոշում,
3. Հայ-ֆրանսիական կամավորական խմբերի համագործակցություն:

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, քաղաքի խնդիրներով մտահոգ երիտասրդներ, ակտիվ քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը ներկայացրեց Գորիսի 2012-2022թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նպատակները` զարգացնել Հայաստանի տեղական համայնքների համայնքային պլանավորման կարողությունները, որպեսզի նրանք կարողանան պատասխանատվություն կրել իրենց բարելավման համար, աջակցել նրանց՝ առաջ քաշելու ճշգրիտ տեսլականներ, նպատակներ և խնդիրներ:

Երիտասարդները, տեղում ծանոթանալով “Գորիս համայնքի 2012-2022 զարգացման ռազմավարական ծրագիր” գրքույկին, դրա բովանդակությանը, հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել քաղաքապետին:
Դավիթ Դադալյանը, օրինակ, խնդրեց պարզաբանել, թե 2012-2014թթ.-ին Գորիսում 3 տեղեկատվական անկյունների կառուցումը, ինչ է իր մեջ ներառում, ու ստացավ հետևյալ պատասխանը. “Նախատեսվում է ինֆորմացիոն կենտրոնների ստեղծում. հնարավոր է, որ առանձին տարածքներ չհատկացվեն, այլ,ասենք, դրանք գործեն որևէ հյուրանոցային համալիրի ներսում”:

Արա Միրզոյաննին էլ հետաքրքեց, թե ինչես են պարզել, որ Գորիսում գործազրկությունը կազմում է 16%, նրա կարիծիքով, այդ թիվը շատ ավելի մեծ է, քան նշված է գրքույկում: “Այդ տվյաները վերցրված են համապատասխան վիճակագրությունից, և չեմ կարծում, որ այդտեղ որևէ անճշտություն կա”,-պատասխանեց քաղաքապետը:

Երիտասարդներին հուզող հարցերից էր նաև քաղաքի մաքրությունը, աղբամանների տեղադրումը, մշակույթային ակտիվության պակասը, չգործող քաղաքային զուգարանը, Դիտակետի տարածքում շինարարական աղբի մաքրումը:

Դիատակետի կեղտոտվածության հարցը բարձրացրեց Դավիթ Քյարունցը. “Այդ տարածքում նորից շինարարական աղբ է թափվել: Ես գիտեմ, որ Ձեր կարգադրությամբ՝ այն անցած տարի մաքրվել է, բայց ժամանակի ընթացքում նորից շինարարկան աղբ է կուտակվել: Առաջարկում եմ այս անգամ մաքրելուց հետո նստարաններ տեղադրել”: 
Մասնակիցները ևս համակարծիք էին, ու քաղաքապետը խոստացավ համապատասխան տեխնիկա տրամադրել՝ աղբը տարհանելու համար, ինչպես նաև ձեռք բերել նստարանների համար անհրաժեշտ նյութերը:

Դավիթ Դադալյանը բարձրացրեց նաև հետևյալ հարցը, թե ինչու շատրվանների տարածքում չկան աղբամաններ: “Երեկոյան ժամերին արդեն այնտեղ նկատվում է աշխուժություն ու շատ հաճախ մարդիկ, աղբամաններ չլինելու պատճառով, տարածքը կեղտոտում են: Նստարանների կարիք էլ է զգացվում, գոգերին նստելն անհարմար է”,-ավելացրեց նա:
Այս հարցի լուծման համար, քաղաքապետը խորհուրդ տվեց դիմել ձեռնարկությունների, անհատ մարդկանց՝ ֆինանսապես աջակցելու համար: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի բյուջեն ներկա պահին խիստ նեղ է ու չի կարող հոգալ այդ ծախսերը:
Արա Միրզոյանն էլ առաջ քաշեց Երկրագիտական թանգարանի` ստվերում մնալու հարցը. “Թանգարանը ներկայանալի կառույց է ու կարող է այցեքարտ լինել, ուղղակի պետք է տեսանելի ցուցանակ` թե’ հայատառ, թե’ անգլատառ գրառումով:

Քաղաքային զուգարանի չգործելու հարցը ևս մեկ անգամ բարձրացրեց Շուշան Օհանյանը՝ նշելով. “Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ սրա մասին. հասկանում եմ, որ քաղաքապետարանի բյուջեն սուղ է, և միգուցե Ձեր կարծիքով սա այս պահին այնքան էլ կարևոր խնդիր չէ: Խնդրում եմ այս հարցին լուծում տաք: Վստահ եմ, որ դրա համար մեծ միջոցներ չեն պահանջվում: Շատ տհաճ է, երբ զբոսայգում նստած ես, ու, անկախ քեզանից, ականատես ես լինում, թե ինչպես են տղամարդիկ չգործող զուգարանի հարակից տարածքում հոգում իրենց բնական կարիքները”:

“Գտեք որևէ մեկին, ով պատրաստ է 32 000 դրամով աշխատեցնել զուգարանը. թող հենց վաղն էլ գա ու անցնի աշխատանքի”-պատասխանեց Նելսոն Ոսկանյանը:

Նորաբաց կարուսելներ, հաճելի երաժշտություն, բացօթյա սրճարան, նստարաններ ու...չգործող զուգարան, տհաճ հոտ, հակահիգենիկ մթնոլորտ: Իրոք, համաձյանվեք, սրանք համատեղելի չեն:

Քաղաքապետն ասաց նաև, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հին Գորիսում տուրիստական երթուղիների կազմում, փողոցների անունների հայերեն և անգլերեն լեզուներով ցուցանակներ, Հին Գորիսի եկեղեցու վերանորոգում, Գորիսի երեք թանգարանների ցուցանմուշների ցուցանակների թարգմանում և տեղադրում:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում…Հնչեցված խոստումներն ու առաջարկությունները հուսադրող ու ոգևորող էին: Մնում է իրագործել և ոչ թե թղթի վրա թողնել դրանք: Իսկ դրա համար անհրաժեշ է բոլորիս սրտացավ վերաբերմունքն ու հետևողական աշխատանքը:

Комментариев нет:

Отправить комментарий