"Հա, դե դուք վերջում թուրքերի հետ էլ կբարեկանաք" ,"Չէ', քեզ նման, Շուշան, շտեղ մի զիբիլ ես տեսնում, նկարում ես ու մեր քաղաքը պախարակում"
Շուշանը ես եմ, իսկ այս խոսքերը ինձ են հասցեագրված...ավելի ճիշտ, երեկ իմ հասցեին հնչեցին, ֆեյսբուքի "ԱԶԱՏ ԳՈՐԻՍ" խմբում:Խմբում հայտարարություն էր տեղադրվել, որ Գորիսում թուրք լրագրողների հետ հանդիպում է լինելու: Հայտարարության տակ սկսվեց ակտիվ քննարկում ծավալվել, որը բնական եմ համարում:
Ես, հասկանալով, որ ֆեյսբուքում օգտատերերը շատ տարբեր են, արձագանքման իրենց "նախընտրելի" տարբերակներն ունեն, սկզբում խուսափեցի ավելորդ միջամտությունից: Հետո զգացի, որ չէ, խոսակցությունը սխալ ուղղությամբ է գնում, ու անձնական վիրավորանքներ են հնչում:
"Աննկարագրելի հայերնասերների" մի բանակ սկսեց մեզ մեղադրել` "Ինչպե՞ս եք հանդուրժում, որ թուրքը ոտք դնի Գորիս", "Ո՞ւր մնաց ձեր հայենասիրությունը", "Հա, դե դուք վերջում թուրքերի հետ էլ կբարեկանաք", սրան գումարած նաև իմ հասցեին վիրավորանքներ` "Դե դուք էլ դրսից հովանավորված մի երկու ֆլեշ մոբ եք անում, ու ձեզ թվում է` քաղաքի համար ի՞նչ որ բան եք անում հա՞", "Չէ', քեզ նման, Շուշան, շտեղ մի զիբիլ ես տեսնում, նկարում ես ու մեր քաղաքը պախարակում"...շարքը չեմ շարունակում, որովհետև անիմաստ եմ համարում:
Չեմ ուզում նորից անդրադառնալ այս հանդիպմանը, որովհետև երեկ երկար քննարկվեց այն, ու սա հարցի մի այլ կողմն է: Ես միայն կարճ կասեմ իմ կարծիքը. "Ես սիրում եմ իմ քաղաքը, սիրում եմ իմ հայրենիքը, ես երբեք չեմ մոռանա, որ եղել է ցեղասպանություն, բայց...չմոռանալով անցյալը` ես ավելորդ ագրեսիա չունեմ":
Իսկ հիմա որոշ մարդկանց համար հստակեցնեմ, թե ես ինչ աշխատանք եմ կատարում: Ես չեմ պախարակում իմ քաղաքը, չեմ փորձում աղավաղել մեր քաղաքի նկարագիրը...ուղղակի, "սիրելինե'րս", լրագրողի աշխատանքն է այդպիսին: Եթե, օրինակ, ես գրում եմ քաղաքային չգործող զուգարանի մասին, այնպես չէ, որ առանց այդ զուգարանի ես իմ կյանքը չեմ պատկերացնում կամ դա միայն ինձ է պետք, եթե խոսում եմ քաղաքի կենտրոնում արդեն երկու օր սատկած-ընկած շան մասին, այդ շունը միայն իմ համար չէ, որ ստեղծում է սարսաափելի սանիտարահիգենիկ վիճակ...և այս կարգի ուրիշ խնդիրներ:
Պարզաբանում եմ. հենց իմ ծննդավայրի հանդեպ սերն է, որ ես ուզում եմ լուծված տեսնել այս խնդիրները, որ աչք չեմ փակում, մեր տանը չեմ նստում ու սկսում անդադար բողոքել, քննադատել: Ասում են, չէ՞, մինչև երեխան լաց չի լինում, մայրը կուրծք չի տալիս...
Հ.Գ. Ուղղակի, ի տարբերություն ոմանց, իմ "լացը" կոնկրետ պատճառ ունի, ու ոչ թե...ուշադրություն գրավելու համար է: Շուշան Օհանյան
Комментариев нет:
Отправить комментарий