Լուս.` Դավիթ Դադալյան |
Անահիտ Գրիգորյան
2012 թվականի համայնքային բյուջեի նախատեսմամբ` մի քանի օր է, ինչ Գորիսի կենտրոնական փողոցներն ունեն ճանապարհային նշագծում: Նշագծումներն իրականացվել են երկու օրում: Այն իրականացրել է Երևանից ժամանած հատուկլիցենզավորված կազմակերպության կողմից: Նշագծվել է 11 հազար քառակուսի մետր` Մաշտոցի փողոցից մինչ Արցախյան խճուղի, Արցախյան խճուղուց մինչև Անկախութան փողոց, Անկախության փողոցից մինչ Ավանգարդ փողոց:
Լուսակիրներ են տեղադրվել Մաշտոցից-Նժդեհ, Նժդեհից-Անկախություն և Անկախությունից-Ավանգարդ փողոցների խաչմերուկներում: Իսկ հարցիս, թե ինչու մնացած փողոցներում ևս նշագծում չի կատարվել, Գորիսի համայնքային իշխանության քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանը պատասխանեց. “ Դա խտրական վերաբերմունք չէ, պարզապես այն փողոցները, որտեղ չենք կատարել նշագծումներ, նեղ են կամ էլ ասֆալտը համապատասխան որակ չունի”:: Խ. Միրզոյանը հավելեց նաև, որ ամեն տարի փոսային նորոգումներ են իրականացվում և չի բացառում, որ հետագայում ուրիշ փողոցներում էլ նշագծումներ կարվեն:
Հարկ է նշել նաև, որ բնակիչներից ոմանք նշագծումներին թերահավատորեն են վերաբերում: Օրինակ` 75-ամյա Սերյոժա պապն ասում է. “Է~, բալա ջան, ասենք, թե էդքան փող ծախսել են ու գծել, ով ա էդ “զեբրա” կոչվածով անցնում”:
Սակայն 40-ամյա Լուսինեն բոլորովին այլ կարծիքի է. “Շատ ուրախ եմ, ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր երեխաներն էլ վերջապես կարող են ինքնուրույն փողոցն անցնել, միայն թե վարորդներն էլ կարգապահ, բանիմաց ու բարեխիղճ լինենն ու հետևեն փողոցային երթևեկության կանոններին:
Խոսք չկա` լավ գործ է, շատ ապրեն, թող մեր քաղաքն էլ վերջապես քաղաքի տեսք ունենա”:
Ակտագրման բաժնի պետ Սամվել Ալեքսանյանը նշում է, որ արդեն մի քանի օր է, ինչ սահմանված է հսկողություն ու այս օրերի ընթացքում գրվել է միայն մեկ ակտ /30.000 դրամ/ : Մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է այն մուծել, չմուծելու դեպքում գումարը կհնգապատկվի: Այդ էլ չմուծելու դեպքում, հարցը կհասնի դատարան:
Հ.Գ .
Ասում են` տրված հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել: Ուրեմն, եթե հնարավորությունը ընձեռնված է, եթե մեր կյանքը ապահովագրելով մարդիկ մտահոգ են, ուրեմն մենք էլ պարտավոր ենք իրավունքների հետ նաև մեր պարտականությունները քաջ գիտակցել ու բարեկիրթ քաղաքացի լինել: Իհարկե` բոլորս` հետիոտն, թե վարորդ…
Комментариев нет:
Отправить комментарий