Անահիտ Բաղդասարյան
Այս տարի Գորիսի պետական համալսարանի(ԳՊՀ) առկա և հեռակա բաժիններում բակալավրի որակավորում ստացան 365, իսկ մագիստրոսի՝ 65 ուսանող: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրա Սաֆարյանի խոսքով` բակալավրի որակավորում ստացած ուսանողների մոտ 30%-ը շարունակում է սովորել մագիստրատուրայում: Հիմնականում մրցակցություն լինում է իրավագիտության և տնտեսագիտության ֆակուլտետներում: ԳՊՀ-ն համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան մի շարք համալսարանների հետ, ինչպիսիք են` Լենինգրադի պետական համալսարանը, Սլովակիայի կենտրոնական եվրոպական համալսարանը, ինչպես նաև` ՀՀ 6 մանկավարժական բուհերի կողմից ստեղծված կոնսորցիումի հետ համատեղ, իրականացնում է ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի ստեղծումը: Յու.Սաֆարյանի փաստմամբ՝ շուտով համագործակցության պայմանագիր կկնքվի նաև Երևանի պետական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների հետ: Բոլոնիայի համաձայնագրի համաձայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է 20-80 տոկոս զեղչ, իսկ «Կարիերա» կենտրոնի հետ համատեղ համալսարանը փորձում է աշխատանքի տեղավորել լավագույն ուսանողներին:
Այս տարվա հայտերը ընդունվում են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը, իսկ երկրորդ փուլով կընդունվեն արտասահմանից ժամանած և բանակից զորացրված երիտասարդների հայտերը:
Վերջում էլ պարոն Սաֆարյանը այս տարվա շրջանավարտներին մաղթեց քաջ առողջություն, բանակ գնացողներին՝ բարի ծառայություն, ամուսնացողներին՝ երջանիկ ամուսնական կյանք, իսկ ուսումը շարունակողներին՝ մասնագիտական հմտություններ և նորանոր բարձունքներ:
Комментариев нет:
Отправить комментарий