23 февр. 2012 г.

“Մշակույթը նրա համար չի, որ զուգարան պահի…”


Բացում, որին հաջորդեց...իսպառ փակումը

Այն, որ մեր քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները բազմաբնույթ են, ու դրանց լուծումները` նրանց համար շատ հաճախ անիրական ու անտեսանելի, դա նորույթ չէ…

Տարիքային տարբեր խմբերի մարդկանց անհանգստացնում են տարբեր խնդիրներ՝ սկսած մշակութային-ժամանցայինից մինչ սոցիալական-տնտեսական:

Բայց այն խնդիրը, որին որոշեցի անդրադառնալ այս անգամ, երևի, կարևոր է բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, հետաքրքրություններից. յուրաքանչյուր ոք նախ… կենսաբանական էակ է:

Ու՝ առանց երկար նախաբանի՝ ինչո՞ւ Գորիսում չի գործում քաղաքային զուգարանը, ո՞վ է պատասխանատու դրա համար: Բնավ էլ արժանապատվությունից ցածր չհամարեցի այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմել “գործնական” քայլերի:
Նախ պետք էր պարզել, թե ում ենթակայության տակ է այդ՝ ինչու ոչ, հույժ կարևոր կառույցը: Քանի որ զուգարանը գտնվում է զբոսայգու տարածքում, որը հանդիսանում է քաղաքապետարանի սեփականությունը, նախ խոսեցի քաղաքապետարնի աշխատակազմի ղեկավար Գագիկ Հարյապետյանի հետ: Նա մասնավորապես ասաց. “Զուգարանը կառուցվել է 2007թ.-ին՝ USAID-ի հովանավորությամբ (քաղաքապետարանը ևս ունեցել է ներդրում), այն նույն ծարգրի շրջանակներում, որով քաղաքում կառուցվեցին աղբամաններ”: Հետո, երբ հարցրեցի, թե այս պահին, ինչու չի շահագործվում զուգարանը,Գ. Հայրապետյանն ինձ ուղղորդեց զրուցելու Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադիա Մարդյանի հետ, քանի որ մշակույթի տունն է ղեկավարում զբոսայգին:

Զուգարանի շահագործման պատասխանատվության առնչությամբ, մշակույթի տան տնօրեն Ա.Մարդյանը պարզաբանեց. “Նախ ասեմ, որ դա իմ որոշելու խնդիրը չի: Մշակույթը նրա համար չի, որ զուգարան պահի: Բոլորս էլ գիտենք, որ մշակույթի տունը համայնքային ենթակայության հաստատություն է, որի գործունեությունը վերահսկվում է քաղաքապետարանի կողմից: Ճիշտ է, զուգարանը գտնվում է զբոսայգում, սակայն կառուցման, բացման օրից մինչ այսօր երբև հաստիք նախատեսված չի եղել”:

Մարդյանի վերջին այս դիտարկումը՝ կապված հաստիքի նախատեսման հետ, չհատվեց USAID-ի կողմից իրականացվաց “DRIDGE-Կամուրջ” (Շինարարական և վերականգնողական ենթակառույցներ` հանուն զբաղվածության զարգացման և աճի ) ծրագրի նախատեսումների հետ.

BRIDGE ծրագիրը ենթադրում է, որ 16 նոր աշխատատեղեր կառաջանան (2 պարտիզպան, 3 հավաքարար, 4 տեխնիկական ծառայողներ և 6 սպասարկողներ), որոնք կվարձատրվեն զբոսայգու ստացած եկամտային միջոցներից: Ներկայումս քաղաքապետարանը վարձում է 7 հոգու` զբոսայգու ղեկավարման և պահպանման համար:
Վերանորոգումից հետո քաղաքապետարանը (որը հանդիսանում է զբոսայգու սեփականատերը) քաղաքի մշակույթի տնից ( որը ղեկավարում է զբոսայգին) կվերցնի զբոսայգու տնօրինությունը. Քաղաքապետարանը`
 • կմշակի մշակութային և մարզական միջոցառումների անցկացման պլան,
 • կհատկացնի վարձակալության ենթակա տարածքներ, կսահմանի վարձավճարները և մասնավոր գործարարներից կհավաքի վարձավճարները և
 • նոր աշխատողներ կվարձի զբոսայգու շահագործման և պահպանման համար:


Այստեղ են ասել՝ no comment…

“Եթե կա ինչ որ մեկը, ով պատրաստ է այս պայմաններով աշխատել, ես պատրաստ եմ զուգարանը…նվիրել իրեն”

Իմ՝ “Իսկ ինչպե՞ս էր, որ կար ժամանակ, երբ այն շահագործվում էր” հարցին, Ա.Մարդյանը պատասխանեց. ”Ինձ խնդրել էին գտնել մեկին, ով կգա ու կաշխատեցնի զուգարանը: Գտել ենք մի քանի հոգու, բայց նրանք եկել են /10-15 հոգի/, մի երկու օր աշխատել ու բերել, նորից բանալիները հանձնել են մեզ: Ամենաշատը մի կին է…դիմացել, այն էլ՝ ամառվա ամիսներին, երբ զբոսայգում եռուզեռ էր՝ զբոսաշրջիկներով, հովեկներով…

Անցած տարի, օրինակ, 5-6 ամիս /գարնան ու ամռան ամիսներին/ զուգարանը գործում էր, ու այդ ընթացքում ընդամենը 22 հոգի է օգտվել զուգարանից”:

Շարունակելով զրույցը՝ նա ասաց. “Հիմա մենք առաջարկում ենք աշխատանք հետևյալ պայմաններով. մենք աշխատողից ոչինչ չենք ուզում, ինչ աշխատի օրվա մեջ /մուտքը՝ 50 դրամ/՝ իրենն է, մենք և’ հոսանքի համար ենք վճարում, և’ ջրի: Աշխատողից միայն կպահանջվի օրական զուգարանի 2 թուղթ առնել: Եթե կա ինչ որ մեկը, ով պատրաստ է այս պայմաններով աշխատել, ես պատրաստ եմ զուգարանը…նվիրել իրեն”:

Ա. Մարդյանը խնդիրն ավելի շատ տեսնում է ոչ թե զուգարանի բաց կամ փակ լինելու մեջ, այլ՝ մարդկանց մտածելակերպի. “Դու երիտասարդ ես, չես հիշի, բայց նախկինում էլ Գորիսում անվճար քաղաքային զուգարան կար /էլի զբոսայգու տարածքում/, բայց էն ժամանակ էլ մարդիկ հիմնականում չէին օգտվում զուգարանից, իրենց կարիքները ծառերի տակ էին հոգում: Սա խոսում է մեր մենտալիտետի մասին, մենք պետք է ձևավորենք այդ կուլտուրան”:

Մշակույթի տան աստիճանները
Ա.Մարդյանի փաստմամբ, չաշխատող զուգարանից առաջին հերթին տուժում է հենց մշակույթի տունը. “Մեր հավաքարարները /մշակույթի տան/ ամեն օր աստիճաններին 10-15 դույլ ջուր են լցնում, իսկ ամառվա շոգին գարշահոտից խուսափելն ուղղակի անհնար է…Սա է մեր քաղաքի վիճակը, էսպիսին են մարդիկ, էսպես են վերաբերվում մշակութային օջախներին…Ի՞նչ ասեմ: Ձեր կարծիքով՝ ինձ համար ավելի լավ չի՞ լինի, որ զուգարանը նորմալ գործի, չգան մշակույթի տան տարածքը կեղտոտեն”:

Հարցին, թե հիմա կոնկրետ ինչ վիճակում է զուգարանը, Ա.Մարդյանը պատասխանեց. “Զուգարանը շատ լավ վիճակում է, կաֆելապատված, ջուրը շուրջօրյա է…Ճիշտ է, չեմ ասում՝ չեխական ունիտազ կա դրած, բայց մինիմալ պայմանները ստեղծված են:

Ես համոզված եմ, որ սա կլինի ինքնածախսածածկումով հիմնարկ: Ինչքան կա մարդը, այնքան կլինի դրա անհրաժեշտությունը”:

Վերջում նա ասաց. “Ես ամենագոհ ու ուրախ մարդ կլինեմ, եթե այդ զուգարանն աշխատի, բայց շատ ցանկալի կլինի, որ մեր հաջորդ հանդիպման թեման լինի մշակութային”:

Իսկ ահա համայնքի ղեկավար Նելսոն Ոսկայանը՝ ի պատասխան իմ այն հարցին, թե հնարավոր չէ, արդյոք, դրա համար ունենալ առանձին հաստիք, հստակ աշխատավարձ, պատասխանեց. “Միջոցների տեսակետից շահագործումը դժվար է, սակայն իրականացումը կարևոր է: Դա ցավոտ հարց է. ամռանը զբոսայգում կկատարվեն վերափոխման աշխատանքներ, ու այդ ժամանակ, կցուցաբերենք նոր մոտեցումներ”:

ՀԳ
Մեղմ ասած, ոչ այնքան սովորական թեմայով իմ այս հրապարակումը մեղավորներ որոնելու հետաքննություն չէր, մտահոգություն է մեր քաղաքի, մեր քաղաքի մարդկանց, մեր բարոյական ու քաղաքացիական նկարագրի շուրջ: 21-րդ դարում, պատմական մեր երկրամասում, որը աշխարհին զարմացրեց ճոպանուղիով, որը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն, մի հաստիք չի գտնվում քաղաքային զուգարանի համար՝ լրջորեն վտանգելով մեր՝ քաղաքակիրթ լինելու նկարագիրը զուգարանի փնտրտուքից ցայտնոտի մեջ հայտնված հյուրերի աչքին...Մեղադրե՞նք ծառերի ու պատերի հետևում իրենց բնական կարիքները հոգացող տեղացիներին…

Իսկ մերձակա…կանաչներում խաղացող մանուկների առողջությո՞ւնը…

                                                                                                               Շուշան Օհանյան

1 комментарий:

  1. я думаю, для городских властей "самый удобный" решение на двух листах А4 формата напечатать две жирных буква "М" и "Ж" и повесить на двух деревьях, дешевле и "цивильный"...

    Рубен, Россия





    ,

    ОтветитьУдалить