Մարիամ Մաթևոսյան
Հիմա էլ արավուսցիները շարունակում են հետեւել մի ավանդույթի` գարնանը կաթնապուր են եփում եկեղեցու բակում, բաժանում գյուղի տարեցներին, հիվանդներին, որ տարին բարենպաստ լինի, բերքը` առատ, կյանքը` ապահով: Ի՞նչ անի արավուսցին, եթե պետությունը ձեռք է քաշել իր գյուղից, մի կաթսա էլ իր ձայնը իշխանություններին հասցնելու համա՞ր եփի:
www.168.am
"Գորիսի մամուլի ակումբ" ՀԿ-ի "Տեղեկատվության ապահովում հանրային ծառայություններում" նախաձեռնության շրջանակներում, ի թիվս Գորիսի ենթամարզի մյուս գյուղերի, եղա Արավուս գյուղում:
Խոստովանեմ` առաջին անգամ էի այս գյուղում և առաջին պահ իմ մեջ գլուխ բարձրացնողը ռոմանտիկան էր, որն, ավա~ղ, ոլորաներով գյուղ տանող ճանապարհի ավարտին, առաջին իսկ զրույցներից, տեղի տվեց իրողության սթափ գիտակցմանը: Բարձր լեռնալանջին ծվարած, փեշերն իրեն հավաքած այս փոքրիկ գյուղում կենսական կարևորության շատ խնդիրներ տեսա:
Բայց ջրի խնդիրը իսկապե’ս խնդիր էր:Փոքրիկ քաղաքում ապրողիս համար, ով աչք է բացել ու տանը ջրի ծորակ տեսել, դժվար էր հավատալ, որ բարձր տեխնոլոգիանների սրընթաց զարգացումների մեր ժամանակներում, դեռ կան մեզ նման մարդիկ, ովքեր ջուրը կրում են ոչ ավել, ոչ պակաս` 2 կիլոմետր հեռավորությունից, այն էլ` ձորից: Այսինքն` այս գյուղում մի բուռ անգամ օգտագործած ջուրը նետելը մեղքի նման բան է:
ՙՋուրը մի տեղից մի այլ տեղ ենք պաս տալիս, մեկ է` էլի թափելիս աչքներս հետևից գնում է, -ասում է գյուղի շեմին ինձ հետ զրույցի բռնված տարեց կինը: -է~հ, ա’ խոխա, քեզ նման քանի~ տեսակ-տեսակ մարդիկ են եկել, գրել-ջնջել, քանի պոզավոր, գալուստիկով մարդ է եկել…Մեկ ա` ջուրը կրել եմ, մինչև մեռնելս էլ կրելու եմ: Անունս ի՞նչ եք անում, պասիլկա՞ եք ուղարկելու...՚:
Եվ միանգամից հասկանում ես կնոջ հիասթափությունը, երբ հայացքիդ ոլորված ճանապարհին տեսնում ես ձորից ջուր կրող մարդկանց հոգնած շարասյունը: Եվ ոչ միայն մարդկանց. ջուրը գյուղ հասցնելուն…օգնում են գրաստները: Ոնց որ նրանք էլ էին շատ հոգնած…Այո, ցայսօր այս գյուղում ջրամատակարարում չկա, մարդիկ ջուրը գյուղի ներքևի ձորից են բերում~ ՙՆաղդալու՚ աղբրից, ով ինչպես կարող է` դույլերով, բիդոններով, չորքոտանի բարեկամների օգնությումբ:
Ի՞նչ անեն բնակիչները` զայրանա՞ն, նեղսրտե՞ն, նեղանա՞ն, որ ի՞նչ: Տարրական կեցության ու հենց գոյատևման համար ջուր է պետք ու պիտի այն տուն հասցնես:
Քաղաքից, տարեց էն կնոջ ասած, ո՞վ, ո՞ր գալուստիկավորն է գալու իր համար թեկուզ մի ջրաման ջուր բերի: Ու այստեղ, բարձրագոչ ու զավեշտի պես է հնչում ՙհանային ծառայություն՚ ասվածը: Բա դեռ` հանրային ծառայության մատուցման որակ. պա~հ - պա~հ. երևի կասեր մեզ հեգնած էն կինը…
Որքան հնարավոր էր, ուշ աշնան կարճ օրվա ընթացքում գյուղ մի այցելության ընթացքում հասցնել մարդու հետ ծանոթանալ, զրուցել, հասկացա, որ 80-ամյա Նորայր Ջահանգիրյանն իր գյուղը գիտի ավելի քան հինգ մատի պես: ՙՋուրն արդեն երկու տարի է, ինչ բերել, հասցրել են գյուղի մոտակա բլուրը, որտեղ ջրավազան է կառուցվել: Մնում է գյուղի ջրի ներքին ցանցի հարցը լուծվի, որ ջուրը գյուղ հասնի, բայց սկսած գործը չեն շարունակում, էսօր-էգուց են անում, բայց…էգուցը չկա~ ու չկա~:
Համաձայն եմ, ծախսն էլ մենք կանենք, մենակ թող ջուրը տեղ հասցնեն: Էս տարիքի մարդ եմ, օրը մի քանի անգամ իջնում եմ ձորը ջրի…Ապրանք էլ պիտի ջրի տանես…Մեծ եմ, ծնկներս էլ չեն ենթարկվում,Մեղք են մեր էս գյուղացիք, ջրի էս տեսակ ծանր խնդիր երևի ոչ մի գյուղում չկա, էն էլ` էս դարում՚:
Մի պահ լռում է ու ցավով, խորը հոգոցով շարունակում. ՙէ~հ, տարիներ առաջ, երբ գյուղը պատերազմի առաջին գիծ էր, երբ հաղթանակի համար նաև մեր գյուղը շատ ծանր վճարեց, ավելի քան դժվար էր ապրել-գոյատևելը, բայց էն ժամանակ մտածում էինք, որ եթե տա Աստված, ամեն ինչ ավարտվի, ու մենք ոտքի ելնենք, լավ կլինի, բայց…Բայց քսան տարի է անցել, էլի ամեն ինչ նույնն է: Ափսոսում եմ, որ հիմա, էս խաղաղ օրով էլի տարրական պայմաններից զուրկ ենք՚:
ՙԱպրում եմ կեսուրիս ու եևկու երեխաներիս հետ: Ամեն օր, օրական 2-3 անգամ, բիդոններն էշին բարձած` իջնում եմ ձորը, ջուր բերում: Երեխեքս էլ խաղացող երեխաներ են, Աստված պահի, մեկ էլ տեսար` ցեխոտ-կեղտոտ մտան, օր ա լինում 2-3 ագամ շոր եմ փոխում: Դե’, մոտավորապես հաշվեք` լողացնել, լվացք անել, էլ չեմ ասում կենցաղային մյուս գործեր-հոգսերի մասին: Չեմ էլ հիշում, օրը քանի անգամ եմ իջնում-բարձրանում: Երեխեքս էլ քիչ-միչ օգնում: Մի խոսքով, իմ գործը ջուր կրելն է: Ձմռանն էլ գետինը սառցակալում է ու` ե’կ, իջի ձորն ու ծանր-ծանր բարձրացի: Հետո էլ ասում են` գյուղ աղջիկ չեն տալիս, է’, լավ էլ անում են՚:
Արավուսի համայնքային իծխանության ղեկավար Արգամ Հովսեփյանն էլ, չնայած լավատես երևալու ջանքերին, մտահոգ է. ՙԳյուղում մնացել է 53 տնտեսություն: Ահռելի, մեծ ջանքերի խնդիրը երկրով մեկ թմբկահարելուց հետո, գյուղում վերջապես դպրոցի շենք կառուցվեց: Մեր նախորդ դպրոցի շենքը, ինչպես լրագրողներից մեկն էր ասել, ավելի շատ փնթի փեթակի, քան շենքի էր նման. փայտե անշուք տնակ էր: Ապրեն, էս հարցը կարգին լուծում ստացավ: Դպրոցն էլի տարրական է, 12 երեխա ունեք: Այս տարի ունեցել ենք հինգ առաջին դասարանցի, պատկերացնո՞ւմ եք, չորսով ավել, քան անցած տարի էր: Ճիշտ է, չէի ասի, թե դպրոցի շենք ունենալուց հետո արտահոսքը դադարել է, բայց, համեմատած մնացած տարիներին, քչացել է:
Մնում է ջրի հարցը լուծվի: Ա~յ, թե լուծվի: Հիմա Տեղից ջուրը հասցրել ենք գյուղի մերձակայքը, բայց, ներքին ցանց չունենալու պատճառով, ջուրը գյուղ չի մտնում: Պետությունը պետք է ֆինանսավորի ներքին ցանցի կառուցումը, բայց դեռ ձայն չկա: Ինչ վերաբերում է գազամատակարարմանն ու Էներգամատակարարմանը, բավարար է, լուրջ խնդիրներ չեն լինում: Անջատումներ հազվադեպ են լինում: Գյուղը հոսանքազրկվում է հիմնականում բնական երևույթներից, քամիներից՚:
Հետո էլ ասում են` Հայաստանում հայ չի մնում, գնում ենԱսում են, իբր հնարներ են որոնում նրանց հետ պահելու համար:
Հաճախ մենք շատ մեծ պատճառներ ենք որոնում, բայց, կոնկրետ Արավուսում, երևի թե ոչ ահռելի գումարներ պահանջող այդ խնդրի լուծմամբ հնարավոր է հիմնականում լուծվի և սահմանային, կարևորագույն նշանակությամբ այդ գյուղի պահպանման հարցը: Կլուծվի՞…
Տուն եկա և փորձեցի Արավուսը փնտրել ինտերնետում: Այլ տեղեկություններ էլ գտա, որոնք ևս չուրախացրին:
Комментариев нет:
Отправить комментарий