Սերիալների մասին ես սերիալավարի շատ-շատ եմ գրել: Պաթոսած ցավով եմ գրել, անպաթոս մտահոգությամբ եմ գրել, հուսահատ ու ընդվզած եմ գրել: Գրել եմ սիրտ հանգստացնելու, էս ցավին դարման անելու, մեր երեխեքի ոգեղեն աշխարհն…"ամորձատումից" փրկելու հույսով:
Գոնե՝ այդ համոզվածությամբ եմ գրել: Բայց վերջերս սկսել եմ հասկանալ, ասես, որ էս՝ սերիալահեղափոխության հեղինակները հեչ անգետությունից, անբանությունից կամ անճաշակությունից, անգամ փողատենչությունից չէ, որ օրումեջ այսքան ու այսչափ սերիալ են…արտաթորում: Իմ մաշկի վրա զգացածով ասեմ: Լինում չէ՞, որ նայածդ հաղորդումը ավարտվում ու միանգամից սերիալն է սկսվում, ու դու, մինչ կհասցնես փոխել ալիքը, նրանք՝ սև մայկաներով, քաչալ գլուխներով ու բկաչափ հաստությամբ ոսկե շղթաներով հաստավիզներն իրենց գարշանք բառաֆոնդով, մորթել-խժռել-սատկացնելու արյունասփյուռ գիշատիչատենդով խուժում են տունդ, խուժում տանտիրոջ չէ՝ սեփականատիրոջ իրավունքներով, ու միանգամից, ոչ ավել, ոչ պակաս, պարալիզում էս երկրում ապրելու հավեսդ. տեր Աստված, մի՞թե այլևս էս է մեր երկիր Նաիրին…Մի՞թե սրանք են լեգենդար հայորդաց ցեղի շարունակողները:
Մի՞թե սրանք են հայ օջախների սյուն-տղերքը: Մի՞թե սրանցով ենք ներկայանալու աշխարհին: Ինքներս՝ մեզ: Մի՞թե հեչ պետք չէ վատ զգալ այս երկոտանիների մասին խոսելիս "սրանք" ասելիս: Հակառակ պարագայում կվիրավորենք ինքներս մեզ: Հիմա՝ ինչո՞ւ են փաթեթներով սերիալները կրնկակոխ հետապնդում մեզ: Որ…Որ մարդկանց մեջ փշրեն հույս, հավատ, սեր ասվածները, որ մարդկանց մեջ գլխատեն լավի ամեն սպասում, որ…Որ Աստծուն փառք տանք, մի կտոր հաց ունենալու համար-անգլխացավանք հաց ունենալու համար, որ…հասկանանք, թե ովքեր են այս երկրի "ասող"-ները, թե ինչ կսպասվի մեզ, եթե բան է հանկարծ…Այնպես որ, ես, ասես, հասկանում եմ, որ սերիալահեղափոխությունը լուրջ, շատ լուրջ քաղաքականություն է, որ շատ կարգին էլ իրականացվում է, որ էս գործով զբաղված են մեզնից շա~տ-շա~տ-շա~տ խելոք, կյանքի վայելքի իրական գինը հասկացող մարդիկ, մարդիկ, որոնց ձեռքին է թե երկիրն այս, թե այս երկրի բախտի տնօրինման իրավունքը…Էնպես որ՝ դեռ սերիալներ են գալու: Շա~տ…Գրադարակների գրքերն էլ, ի վերջո, լեթարգիական քուն են մտնելու: Ո՞վ կարդա: Անգամ…"Հրեշտակների դպրոցում" այն հակացուցված է: Այստեղ են ասել՝ նրանք հասան իրենց…մուրազին: Լա~վ հասան…
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий