11 июн. 2011 г.

Հասարակությունը թերսնվում է, ինչը հանգեցնում է սթրեսների. բժիշկ-մասնագետների գնահատականը

Մեր հասարակության 85 տոկոսը թերսնվում է եւ միայն 15 տոկոսն է լիարժեք սնվում, հետեւանքն էլ նույնը կլինի, կունենանք 15 տոկոսով առողջ հասարակություն, 85 տոկոսով` հիվանդ: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիում գործող նեվրոպաթոլոգ Անահիտ Գալստյանը: Ըստ նրա, հատկապես երեխաների, դեռահասների վրա է թերսնումն ազդում:

«Դա բերում է սթրեսի, ջղաձգության, գրգռվածության, մարդը որ սոված լինի, ի՞նչ սպասես նրանից, նրա օրգանիզմը պահանջում է, մեր հասարակությունը սոված է եւ պետք է լրջորեն վերաբերել այս խնդրին»,-հայտարարել է Անահիտ Գալստյանը:

Նորմալ սնվելու եւ առողջ ապրելու համար երեքանգամյա ճիշտ սնունդ է պետք, իսկ դրա համար` ֆինանս: Հանրապետությունում ընդունված միջին աշխատավարձի չափը 80-100 հազար դրամ է, իսկ Գյումրիում ավելի պակաս` 50-60 հազար դրամ: «Սա չի բավականացնում անգամ մեկ հոգու համար մեկ ամսում նորմալ սնունդ կազմակերպելու համար: Նվազագույնը մեկ շաբաթում 50 հազար դրամ է անհրաժեշտ: Հիմա քչերը կարող են օգտվել մրգից, բանջարեղենից, ամեն ինչ այնքան թանկ է»,-իր կարծիքն է հայտնել Գյումրիում աշխատող գինեկոլոգ Արմեն Իսահակյանը: Ըստ նրա, մարդկանց գրպանների ու շուկայում առկա գների անհավասարակշռությունը բերում է անհավասարակշռության օրգանիզմում: «Անկախ նրանից, թե ինչ են կառուցում, ինչպիսի հասարակություն են ուզում ունենալ, ասեմ, որ ամենակարեւորն այն է, որ այդ հասարակությունը նախ մարմնով առողջ լինի»,-ասել է Արմեն Իսահակյանը:                                                                      news.am

Комментариев нет:

Отправить комментарий