28 мар. 2013 г.

«Գորիսում տեղի է ունենում մի գործընթաց, որը կարող ենք անվանել մշակութային կայունության պահպանում»

Մարիամ Մաթևոսյան
«Կարևորելով ինքնաճանաչողության խնդիրը հայ մարդու համար՝ Գորիսում սկսում ենք նոր մշակութային միջոցառումների շարք,-պատում է Արտուր Խոջաբաղյանը,-որի ընթացքում երիտասարդները կլսեն գորիսեցի տարբեր մտավորականների, ովքեր կներկայացնեն, մասնավորապես, Սյունիքի պատմությունը, մշակույթը, արվեստը, եկեղեցին, ճարտարապետությունը: Արդյունքում միջոցառման մասնակիցները քայլ առ քայլ կծանոթանան այն հսկա ժառանգությանը, որ թողել են մեզ մեր պապերը, կծանոթանան այն փառավոր էջերին, որոնք գրանցվել են Սյունյաց պատմության մեջ»:
ԵՊՀ-ի Քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողուհի՝ Նունե Խաչատրյանը գտնում է, որ Գորիսում տեղի է ունենում մի գործընթաց, որը կարող ենք անվանել մշակութային կայունության պահպանում:
«Ուրախ եմ, որ մի խումբ գորիսեցիներ ձփռնամուխ են եղել այս գործի ի կատար ածելուն: Այն կարծես թե վերածվում է ավանդույթի:

Ուզում եմ ասել, որ եթե մենք ցանկանում ենք, ինչ-որ կերպ փոխել որոշակի երևույթներ, եթե ուզում ենք հետաքրքրվածություն մտցնել մեր առօրյա, ապա վերջ պետք է դնենք այն տեսակետին, որ ոչինչ չկա մեր քաղաքում»:- Եթե մի քանի տարի առաջ չկար, ապա այսօր կա, շատ կա, հնարավորություն կա նաև, որ հենց դու ձեռնամուխ լինես դրանց իրականացմանը»,-ասում է Նունեն: Նա գտնում է, որ նմանատիպ հանդիպումները հետապնդում են սոցիալականացման բարձր մակարդակ, զարգացվածություն. «Միանշանակ ճանաչողական հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն, որովհետև այդ հանդիպումների միտքն առողջ է, Արտուրի կազմակերպած հանդիպումների հիմքում ընկած է հայապահպանությունը»:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր մշակութային օջախներում…

Թատերարվեստ 

Թատրոնն այսօր կա, աշխատում է՝ չնայած ապրում է ծանր օրեր: «Այն ակտիվությունն ինչ ակնկալում է հանդիսատեսը թատրոնից՝ առայժմ չկա: Բայց ապագան խոստանում է նոր մշակութային վերելք»,- ասում է Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը:-Շուտով մենք կօգտագործենք նաև թատրոնի փոքր բեմը, հանդես կգանք նոր բեմադրություններով, այսպես կփորձենք հանդիսատեսի և թատրոնի կապն ամրապնդել: Չենք մեռացել նաև փոքրերին. նրանք հաճախ կտեսնեն հեքիաթի հերոսներին թատրոնի բեմում»:

Իսկ ինչո՞ւ այս ընթացում թատրոնը չի կարողացել բավարարել մշակութային քաղցը, ինչո՞ւ ներկայացումներ հաճախ չեն լինում՝ լեփ-լեցուն դահլիճներով, այս հարցերը, վստահ եմ, հուզում են շատ շատերին: Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան տնօրեն Արկադիա Մարդյանը գտնում է, որ երիտասարդ սերնդի մեջ մեռել է մշակութային կուլտուրան, բացի այդ, հանդիսատեն ինքն անհատական հետաքրքրվածություն չունի մշակութային կյանքի հանդեպ: «Այսօր երիտասարդները թատրոն, համերգ գալիս են առանց գիտակցելու դրանց կարևորությունը»:

Ռոմա Հայրապետյանը շատ քիչ է թատրոն գնում. «Պատճառն այն է, որ նոր ու հետաքրքիր ներկայացումներ շատ քիչ են լինում: Խաղաղացանկն էլ չի թարմացվում»,-ասում է նա: Ստացվում է այնպես, որ մեր մեջ չի մեռել մշակութային կուլտուրան, ուղղակի այն ինչ ուզում է հանդիսատեսը արվեստից՝ նա չի ստանում:

Երաժշտարվեստ

Թեև Մշակույթի տունն ունի բավականին մեծ ներուժ՝ բազմաբովանդակ և բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար, սակայն նրանց չենք տեսնում տարբեր միջոցառումներին: «Ունենք շնորհաշատ երեխաներ, ովքեր կարող են իրենց երգ ու պարով, երաժշտական գործիքների կատարմամբ հիացնել շատ շատերին, բայց ցավոք, մեր շինության պատերից դուրս գրեթե ելույթ չեն ունենում»,-ասում է Ա. Մարդյանը: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ հասարակությունն անհատական հետաքրքրվածություն չունի: Մշակույթի տունը մասսայական միջոցառումններ կազմակերպում է քաղաքապետարանի պատվերով: Մեծամասնությամբ նշում են պետական տոները՝ տարվա կտրվածքով է 15-16 միջոցառում:

«Քաղաքում կազմակերպված ոչ մի համերգի չեմ մասնակցում, քանի որ իմ նախընտրած երաժշտությունն այնտեղ չեմ լսում»,-ասում է Հեղինեն ու շարունակում,-երբ աշխարհը Բիոնսե, Շակիրա, Կետի Պերի է լսում, մենք մեր համերգներին Իվանուշկի ենք լսում(իմիջայլոց խումբը վաղուց լուծարվել է) կամ էլ 90-ական թվականների այլ հիթեր: Մոռանում ենք, որ գուսանական ու ժողովրդական երգեր էլ ունենք»: Ստացվում է այնպես, որ մենք հետ ենք մնում ժամանակակից երգարվեստից, որն էլ ուղղակիորեն ազդում է հանդիսատեսի անտարբերության վրա:

Գեղարվեստ

Գորիսի քաղաքային պատկերասարահ շատ քչերն են այցելում, բայց ոչ բոլորը գիտեն, որ ժամանակ առ ժամանակ, անյտեղ անհատական ցուցահանդեսներով հանդես են գալիս ճանաչված գեղանկարիչներ՝ Սլավիկ Ղազարյանը, Հրանտ Թադևոսյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արմեն Վանցյանը:

«Իրականում հանդիսատեսի խնդիր ունենք: Շատ անգամ ենք հրավերներ ուղարկել, բայց ստացվում է այնպես, որ ամեն անգամ նույն մարդիկ են ներկա լինում»,-նշում է պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը:

Լիլթ Մաշուրյանը, ով սովորում է Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանում, վերջին անգամ պատկերասրահ գնացել է 3-րդ դասարանում: Իմ հարցին՝ ինչո՞ւ՝ պատասխանեց. «Այդ հարցն ինձ երբևէ չեմ տվել…»:

Երիտասարդ բլոգեր Արտուր Խոջաբաղյանի տեսակետով մշակութային հնարավորություններն անսահմանափակ են մեր քաղաքում, ուղղակի ցանկություն է պետք: Ըստ նրա՝ եթե մարդն ուզում է ինչ-որ լավ նախաձեռնությամբ հանդես գալ, ապա ինքն այնպայման գտնում է համախոհներ, որոնց օգնությամբ կարող է ցանկացած մշակութային իրադարձություն կյանքի կոչել: «Կա պասիվ և ակտիվ հանդիսատես,-ասում է Արտուրը,-ակտիվները հիմնականում փորձում են ինչ-որ բան գտնել, իսկ պասիվները՝ չեն պրպտում: Ստացվում է այնպես, որ պասիվ հանդիսատեսն ավելի շատ է: Այստեղ պետք չէ մեղադրել հանդիսատեսին, մեղավորը ոլորտի պատասխանատուներն են»,-իր խոսքում ավելացնում է Ա. Խոջաբաղյանը: Նրա հետ համակարծիք է դերասան Էրիկ Գրիգորյանը. «Այսօր մենք հանդիսատեսին ենք մեղադրում, որ ներկայացման չեն գալիս, իսկ ո՞վ է ասում, որ հանդիսատեսը սխալ է… Դատարկ դահլիճի համար էլ ենք մենք պատասխանատու, այսինքն մենք հանդիսատեսին չենք տալիս այն, ինչ իրենք են ուզում: Եթե հանդիսատեսը կոմեդիա է սիրում, պետք է կոմեդիա բելադրել: Գոնե այսպես հանդիսատեսին բերենք դեպի թատրոն կամ մշակույթի որևէ օջախ»,-ասում է երիտասարդ դերասանը:









Комментариев нет:

Отправить комментарий