26 нояб. 2012 г.

Մարզային մամուլը մեդիայի չափանիշներից դուրս մի տարածություն է

Մետաքսե Պետրոսյան
«Հայրենականչ»-ը հասարակական, քաղաքական, մշակութային երկշաբաթաթերթ է: Թերթը լուսաբանում է Արմավիրի մարզային կյանքը, որն ըստ թերթի լուսաբանումների, հանդիպումների, տոնակատարությունների, հանդեսների ու միջոցառումների մի անվերջանալի շքահանդես է: Երկու մամուլ ծավալով, 2500 տպաքանակով հրատարակվող թերթի հասարակական ու քաղաքական էջերում մարզպետի ու քաղաքապետի ուղերձներն են, այս կամ այն տոնի հետ կապված շնորհավորանքները, շրջայցերը, հանրապետության նախագահի ու նախարարների պաշտոնական այցերն ու տրված հանձնարարականների հպանցիկ լուսաբանումը:
Մարզում առկա խնդիրների, սոցիալական վիճակի կամ որեւէ այլ գերակա խնդրի մասին ուսումնասիրություն կամ գոնե անդրադարձ փնտրելը զուր է, չնայած թերթն ունի «Օրվա զարկերակ» խորագիրը: Խորագրի ներքո դարձյալ ուղերձ է՝ «Սրտի խոսք սեպտեմբերի 1-ի առթիվ»: Մարզպետարանի աշխատանքը ներկայացնում է ոչ թե թերթը, այլ՝ հիմնականում մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, ներկայացնելով մարզպետի հանձնարարականներն ու հրահանգները: «... մարզպետին հարցեր ուղղելու իրավունք տրվեց ներկաներին, ինչը ամուր կապի երաշխիք է քաղաքացի-մարզպետ փոխհարաբերությունների»,- գրում է «Հայրենականչը», մարզի ղեկավարի՝ բնակիչների հետ ունեցած մի հանդիպման առիթով:

Թերթն ընթերցելիս տպավորություն է ստղեծվում, որ մարզի բնակիչների առօրյան անցնում է տոների մեջ եւ միայն անցյալի պատմության «մորմոքներն» են մշուշում նրանց կյանքը: Այս երեւույթը բնութագրական է նաեւ մյուս մարզային թերթերի համար: Խորհրդային անցյալի դաժանությունների կամ ցեղասպանությունն ապրածների ժառանգների հուշերը ներկայացնելն ավելի դյուրին է թվում, քան մերօրյա խնդիրներից ու անարդարություններից խոսելը: Թերեւս բացառություն են մարզի կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումների, մի քանի դպրոցների վերանորոգման աշխատանքների մասին հրապարակումները:

Մշակութային կյանքը թերթը լուսաբանում է անհամեմատ լայն սպեկտրով. ցուցահանդեսներ, տոներ, հանդիպումներ, մեծաքանակ լուսանկարներով եւ դրանցից մեզ ժպտացող դեմքերով: «Գրական անկյունում» ներկայացված են ստեղծագործողների բանաստեղծություններն ու մտորումները:

«Արարատ» ամսաթերթը եւս տեղական իշխանության խոսնակն է. գովասանքների, մեծարումների, տոնակատարությունների, պարգեւ-շքանշանների բաշխման ու վաստակելու անվերջանալի շարանով: Թերթը լույս է տեսնում 1996թ.-ից., ներկայումս հրատարակվում է 1300 օրինակով: Ի դեպ, մեր մարզային թերթերից կարող ենք օրացուցային ճշտությամբ իմանալ երկիր մոլորակի վրա նշվող բոլոր տոների մասին, իսկ «Արարատը» դրանց վառ օրինակներից մեկն է: Օրինակ, մարզում ազգային, մշակութային, եկեղեցական տոներից բացի հանդիսավորապես նշում են «Երկրագնդի համաշխարհային օրը», «Մոլորակի օրը» ու էլի լիքը նման «անշառ» բաներ: Թերթի ամբողջական էջեր նվիրվում են դրանց լուսաբանմանը, իսկ օրինակ, ԱԺ ընտրությունների վերաբերյալ թերթը սահմանափակվում է ընդամենը մարզից առաջադրվող թեկնածուների գրանցման վերաբերյալ հայտարարությամբ, ՏԻՄ ընտրությունները, որը ոչ պակաս կարեւորություն ունեն մարզի համար՝ընտրված համայնքի ղեկավարների ցուցակը հրապարակելով:

Մարզում առկա բնապահպանական խնդիրներին թերթն անդրադառնում է բնապահապանական հ/կ-ների սույն թեմայի վերաբերյալ մարզում կազմակերպված սեմինարի շրջանակներում: Թվում է, թե մեր գործընկերները տեղյակ չեն իրենց տարածաշրջանում գործող Արարատի ցեմենտի գործարանի, Ոսկու կորզման ֆաբրիկայի, հանքարդյունաբերական գործարանների մասին եւ դրանց արտանետումների հետեւանքով բնակչության առողջական վիճակի վրա անդրադարձող լուրջ հետեւանքներին: Թեմաներ, որոնք կարիք ունեն խոր եւ համակողմանի ուսումնասիրության:

Արտաշատ քաղաքի բնակիչները չեն վարանում թերթերի էջերում գրավոր շնորհակալություն հայտնել տեղի ջրմուղ-կոյուղու աշխատակիցներին, առանց ձգձգումների ու պատրաստակամ իրենց սպասարկելու համար, որը տեղ է գտել եւ՛ «Արտաշատ», եւ՛ «Արարատ» թերթերի էջերում: Կարծում եմ, սա խոսում է այն մասին, որ բնակիչները լուրջ խոչընդոտների են հանդիպում ամենատարրական հարցերի լուծման առնընչությամբ տեղական կառավարման ու սպասարկման մարմիններին դիմելիս եւ մեկի, հավանաբար, նորմալ աշխատանքային գործունեությունն այդ աստիճան ուրախացնում է նրանց ու մղում «սրտի խոսք ասելու»:

Վայոց Ձորի «Վարդաձոր» թերթն անկախ պարբերաթերթ է, ունի 3000 տպաքանակ: Առաջին էջը՝ «Լուրեր մարզի առօրյայից» խորագրով ներկայացնում է տեղեկատվական բնույթի լուրեր, մարզպետի այցերը կամ այցելություններ վերջինիս: Մոտ երկու էջ նվիրված է մարզի եկեղեցական թեմի գործունեությանն ու առհասարակ եկեղեցական ծիսակարգերին ու տոներին: Թերթը որպես այդպիսին «անգույն» է, տառատեսակը՝ դժվարընթեռնելի: Այս թերթը նույնպես հերթական ՏԻՄ ղեկավարի խոսնակն է եւ ՏԻՄ ընտրությունների մասին ազդարարում է ընդամենը ընտրությունների օրը հիշեցնելով:

«Թալին աշխարհը» եւս իր դիմագծով չի տարբերվում վերը նշվածներից: Չնայած թերթի լոգոտիպի տակ նշվում է որպես հասարակական, քաղաքական, մշակութային անկախ թերթ, սակայն անկախ մամուլին բնորոշ դրսեւորումներ այնտեղ չես կարող պեղել: Ըստ այս թերթի՝ մարզամշակութային կյանքը եռում է իրենց տարածաշրջանում, ուշադրության կենտրոնում են նաեւ զինվորներն ու զորամասերը, սակայն շնորհավորանքերի ու երախտիքի խոսքերի շրջանակներում: Ուրախալի է, որ թերթն իր էջերում կարեւորում է զոհված ազատամարտիկների սխրանքներին ու անցած պայքարի ուղին: Գյուղացու ներկայիս հոգսաշատ ու բազում սոցիալական խնդիրներով դժվարին կյանքն ընդհանրապես դուրս է մարզային մամուլի «օրակարգից»:

Արագածոտնի մարզը ներկայացնող մյուս պարբերականը «Արագած աշխարհ» անկախ լրագիրն է 2 տպագրական մամուլով եւ 3000 տպաքանակով: Այս պարբերականն ունի անկախ մամուլի շնչառություն: Մյուսներից տարբերվում է առկա հիմնախնդիրներին սուր, կտրուկ մոտեցում ցուցաբերելու հատկությամբ, եւ ինչպես թերթն է նշում՝ պատրաստ է իր բարձրացրած խնդիրների լուծման համար հասնել մինչեւ դատական ատյաններ:

Խմբագրությունը տեղեկացնում է, որ թերթը «Հայփոստի» միջոցով հասնում է մարզի ամենահեռավոր ու ծայրամասային բնակավայրեր: Սա խոսում է այն մասին, որ թերթն ասելիք ունի, գտել է իր ընթերցողին եւ կախված չէ տեղական իշխանավորների բարեհաճությունից վաճառք կամ բաժանորդագրություն կազմակերպելու համար: Ավելին, խմբագրությունն ընդգծված վերաբերմունք ունի հայրենի սահմանները պահող զինվորի նկատմամբ եւ ազդարարում է. «Խմբագրությունը զինվորներին վերաբերող նյութերը՝ լինի շնորհակալագիր, մարտական սխրանք, թե՝ շնորհավորագիր, տպում է անվճար, դա մեր տասնամյակների հավատարիմ սկզբունքն է»:

Գեղարքունիքի մարզն ունի երեք պարբերական՝ «Սեւան», «Գեղամա աշխարհ» թերթերը եւ «Ափ» ամսագիրը, որոնք տպագրվում են պետական աջակցությամբ: Առաջին՝ «Սեւան»-ը, ամենաերկարակյացն է, լույս է տեսնում 1939թ.-ից 1000 օրինակով: Թերթը պահպանել է տպագիր մամուլի կարեւոր առանձնահատկություններից մեկը՝ յուրաքանչյուր համար հրատարակվում է խմբագրականով, ինչը բացակայում է մյուս բոլոր մարզային թերթերում: Թերթում լուսաբանվում են մարզում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները, հասարակական կյանքի մթնոլորտը, ներկայիս հրատապ թեմաները՝ արտագաղթ, մարդահամար, ԱԺ ընտրություններ, սոցիալական իրավիճակ եւ այլն:

«Սեւանի» հակաոտնյան է «Գեղամա աշխարհ» թերթը: Վերջինս լույս է տեսնում ուղղակի մարզպետի ու քաղաքապետի հազն ու փռշտոցը արձանագրելու համար: Շնորհավորական ուղերձների, ողջույնի խոսքերի տարափ է ՏԻՄ ղեկավարների կողմից ուղղված մարզի բնակչությանը ամենատարբեր տոների, հոբելյանների ու հանդիսությունների առթիվ: Սրանց հաջորդում են կարոտաբաղձությունը, հուշագրությունն ու ցավակցականները: Իսկ թե ինչ չլուծված խնդիրներ ու հոգսեր ունեն գեղարքունիքցիները, կամ ինչ սոցիալական պայմաներում են ապրում, կամ թե տարեկան քանի մարդով է համալրվում արտագնա աշխատանքի մեկնող-չվերադարձողների ցանկը, իհարկե, ոչ մի խոսք: Եթե որեւէ խնդրի մասին ակնարկ էլ կա, ապա դրանք արդեն լուծման ընթացքի մեջ են կամ առաջիկա ՏԻՄ «հնգամյակը գերակատարելու պլանում»: Այս թերթով առաջնորդվելու դեպքում ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Գեղարքունիքի մարզը ՀՀ տարածքային մաս չի կազմում կամ էլ օրըստօրէ ահագնացող սոցիալական ու տնտեսական ճգնաժամը դեռ չի բախել գեղարքունիքցիների դռները:

«Կոտայք» թերթը (նախկինում՝ «Արշալույս», լույս է տեսնում 1933թ.-ից), համանուն մարզի պարբերականն է, ունի նաեւ որոշակի բնութագիր, իսկ տպագրվող նյութերը՝ բովանդակություն: Թերթն անդրադառնում է մարզի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, սոցիալական խնդիրներին, կրթական, մշակութային, մարզական ոլորտներին, վերաբերմունք արտահայտում այդ խնդիրների առնչությամբ: Մասնավորապես, վերջին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ թերթը գրում է. «Մարդիկ սպասելիքներ չունեն, կշտացել են համայնքապետերից, բայց կգնան ու կընտրեն»: Թերթի կենսափորձը, որքանով որ օգնում է նրան նյութերի ընտրության կամ առկա խնդիրներին ահազանգելու հարցում, գրեթե նույնքան էլ նրան կառչած է պահում խորհրդային մամուլին բնորոշ գրելաոճից ու պաթոսից: Էջերի խորագրերն ու հոդվածների վերնագրերը դեռեւս այդ ժամանակների շնչով են ընտրվում, իսկ հոդվածներն էլ չեն կրում վերլուծական բնույթ, բացակայում են ուսումնասիրություները: Այդուհանդերձ, կարելի ասել, որ այս թերթն իր կենսագրությամբ տարածաշրջանի մշակույթի մի մասն է կազմում:

Մարզային թերթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք, անկախ իրենց կենսագրությունից, դուրս են ժամանակակից մեդիայի չափորոշիչներից եւ չեն արտացոլում հասարարակական կյանքի պահանջները: Ուստի, չափազանց թույլ են ու անդեմք վերջինիս վրա ազդելու համար: Նրանք չեն կարողանում քայլել ժամանակին համաքայլ, լինել նրա զարկերակը, եւ լուծումներ առաջարկել հասարակության առջեւ ծառացած խնդիրներին:



ույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում ՝ "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ" միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են "Գորիսի մամուլի ակումբ ՀԿ"-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий