Սուսաննա Շահնազարյան
Խոզնավարն աշխարհի ծայրին է, այնքան հեռու, որ ձմռան շունչը դեռ այստեղ չի հասել: «Ճամփա կա՞, որ հասնի: Գյուղ բերող երկու ճանապարհներից մեկի տարբեր հատվածներում մշտապես վթարային իրավիճակներ են ստեղծվում, երկրորդից միայն «ճ» տառն է մնացել»,- ասում է խոզնավարցի Անի Քոսյանը:
Վերջինս Երևանից է հարս եկել և արդեն 22 տարի տեղացիների հետ կիսում է նրանց կենցաղային դժվարությունները: Չի թաքցնում, որ խնդիրներ կան, բայց ըստ նրա՝ դրանք այնքան շատ են, որ լուծելու համար տարիներ են պետք: «Շատ բան է փոխվել Խոզնավարում: Ամենից առաջ դպրոցի նոր շենք է կառուցվել, բայց մարդկանց կենցաղում դեռ էական փոփոխություն չի նկատվում»,- ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին:
Նրա կարծիքով՝ դա հնարավոր կլինի միայն, եթե պետությունը սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր մշակի: 90-ական թվականներին «Շեն» հիմնադրամը գյուղում մի քանի բնակելի տներ է կառուցել, որոնք հատկացվել են հիմնականում կարիքավոր մտավորականներին: Անիի կարծիքով՝ այսօր էլ դրա անհրաժեշտությունը կա, Խոզնավարում մեծ թիվ են կազմում այն ընտանիքները, որոնք երկու-երեք որդիներով նույն հարկի տակ են բնակվում:
Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանի խոսքով՝ ժամանակին ադրբեջանական սահմանից ուղիղ գծով 500 մ հեռավորության վրա գտնվող գյուղի կենցաղում լուրջ փոփոխություններ կարող է մտցնել գազիֆիկացումը:
«Այս խնդիրը մինչև վերջերս շարունակում էր համայնքի զարգացման ծրագրում իր առաջնային տեղը գրավել: Առաջին անգամ, երբ համայնքի ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու առաջադրվեցի, ինձ հետ պայքարում էր ևս երեք թեկնածու: Այն ժամանակ հասարակական կազմակերպություններից մեկը թեկնածուների և ընտրողների միջև բանավեճ կազմակերպեց: Ընտրողների մեծ մասի հարցերը վերաբերում էին գազիֆիկացման խնդրին: Կրկնական ընտրությունների արդյունքում ես ընտրվեցի և տեսնելով, թե որքան կարևոր է խնդիրը՝ այն ընդգրկվեց համայնքի զարգացման ծրագրում: Սակայն առաջին ընտրաշրջանից հետո խնդիրն այդպես էլ չլուծվեց, իսկ հիմա արդեն Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԻՖԱԴ) աջակցությամբ սկսվել են գյուղի գազիֆիկացման աշխատանքները»,- ուրախությամբ ասում է համայնքի ղեկավարը:
Վարո Գրիգորյանը նաև նշում է, որ հեռավոր, մասնավորապես սահմանամերձ գյուղերում արմատական փոփոխությունների կարիք կա: Դրա համար, համայնքի ղեկավարի կարծիքով, «թախտին նստել ու բախտին սպասելու» փոխարեն պիտի «դռնեդուռ ընկնել». նա, ով ստանձնել է համայնքային խնդիրների լուծման գործը, պիտի պատասխանատվությունն իր վրա վերցնի:
Ինքը համայնքային խնդիրների լուծման համար չի զլանում հարյուր դուռ բախել: «Դադար չեմ թողում մարզպետին: Էնքան եմ գնում-գալիս, մի խնդրի լուծման համար աջակցում է, մյուսն եմ նշում, ինքն էլ, երևի տեսնում է, թե ոնց եմ «վիզ դնում», ընդառաջում է, հատկապես երբ որևէ ծրագրի համար համայնքի ներդրման կարիք է լինում»,- ասում է Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
Նա նաև նշում է, որ չնայած տեղական բյուջեն բավական փոքր է՝ ընդամենը 4,2 մլն դրամ, բայց հաջողվում է «արդյունավետ ծախսել ամեն մի լուման»: «Բյուջեի եկամտային մասն ընդամենը 1,2 մլն դրամ է կազմում, հարկերը 100%-ով հավաքում ենք ու հասկանալով, որ դրանք համայնքի անդամների փողերն են՝ անպայման ուղղորդվում է որևէ խնդրի լուծմանը»:
Նա նաև չի թաքցնում, որ համայնքի զարգացման ծրագիրը կազմելու համար քննարկումներ չեն կազմակերպվել, բայց ըստ Վ. Գրիգորյանի, արդարացումն այն է, որ ընդամենը 100 տնտեսություն ու 418 բնակիչ ունեցող համայնքի խնդիրներն այնքան ակնառու են, որ քննարկումների կարիք, ըստ էության չի լինում:
Դրանցից առանձնացնում է հատկապես համայնքապետարանի շենքի, հանդիսությունների սրահի վերանորոգումը, խմելու ջրի մատակարարման կարգավորումը, որոնք բոլորն էլ ընդգրկված են եղել համայնքի զարգացման 2009-20012թթ. Ծրագրում, և անցած տարիներին այդ խնդիրներն արդեն լուծվել են: Դրանց փոխարեն, համայնքի ղեկավարի խոսքով, նոր ծրագրում կընդգրկվեն լուսավորության, կոյուղու կառուցման և հատկապես միջհամայնքային ճանապարհիբարեկարգման խնդիրները: Խոզնավարի մշակութային կյանքում կարևոր իրադարձություն կարող է լինել մշակույթի տան հիմնանորոգումը, որն, ըստ համայնքապետի, ընդգրկված է եղել նախորդ քառամյա ծրագրում, և Սոցներդրումների հիմնադրամն արդեն իսկ սկսել է չափումներ ու հաշվարկներ կատարել:
Ի տարբերություն համայնքի ղեկավարի՝ խոզնավարցիներից ոմանց կարծիքով մարդիկ իրենք պիտի «իրենց գլխի ճարը տեսնեն»: Օրինակ՝ Վարդիթեր Միրզոյանի խոսքով՝ «գյուղապետը չի աշխատելու, բերի իրենց տա»: «Մեր ընտանիքում 3 հոգով ենք ապրում, երկու կով ենք պահում, խոտի հարցը մանավանդ էս տարի շատ դժվար լուծվեց, բայց չենք դժգոհում, մեր գլուխը պահում ենք»,- ասում է տիկին Վարդիթերը և խնդրում իրեն «տելեվիզրի» մեջ չգցեմ, «կասեն՝ լավ են ապրում, էլ մեզ կմոռանան»:
Վարո Գրիգորյանի համար լավ ապրելու հիմնական պայմանն այն կլինի, որ գյուղի մոտ երեսուն երիտասարդներն ամուսնանան, տուն-տեղ դնեն, անգամ խոստացել է, որ առաջին տասը ամուսնացողներին ոչ միայն քավոր կլինի, այլև նրանց հարսանեկան արարողության ծախսերն իր վրա կվերցնի:
«Աղջիկները դժվարությամբ են գյուղ հարս գալիս, բայց լավն այն է, որ տղաները խելքներովը չեն ընկնում ու չեն հեռանում գյուղից: Վերջին հինգ տարում ընդամենը երկու ընտանիք է մեկնել Խոզնավարից, հարմարվում են, երևի նաև պատասխանատու են զգում, որ երկրի սահմանը մենք ենք պահում»,- ասում է համայնքի ղեկավարը և հավելում, որ այդ օրը Ազգային բանակ են ճանապարհել Պետրոսյանների ընտանիքի կրտսեր որդուն, ում եղբայրը նույնպես ծառայում է:
«Ամեն բանակ գնացողի հետ անհանգստանում եմ. չլինի, հանկարծ միտքը փոխվի ու ծառայությունից հետո գյուղ չվերադառնա: Դա ինձ ավելի է պարտավորեցնում, որ մի նոր խնդրի լուծման համար ուղիներ գտնեմ»,- ասում է համայնքապետը:
hetq.am
Комментариев нет:
Отправить комментарий