12 дек. 2011 г.

"Տաթևեր" ճոպանուղին հանդես է գալիս նոր նախաձեռնություններով

Սուսաննա Շահնազարյան

««Տաթևեր» ճոպանուղու գործարկման անցած 14 ամիսների ընթացքում ճոպանուղի նստողների մեջ տոկոսային առումով ավելի փոքր թիվ են կազմում Սյունիքի բնակիչները»,- տարածաշրջանի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների հետ դեկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը` հավելելով, որ որպես «Տաթևի վերածնունդ» ծրագրի բաղկացուցիչ մաս, ճոպանուղու գործարկումն ի վերուստ, զբոսաշրջության ոլորտում շրջադարձային դերակատարություն ունենալուց բացի, նպատակ ուներ ոչ միայն հանդես գալ որպես Հայաստանի հարավի զբոսաշրջության ընդլայնված երթուղիների սկզբնակետ, այլև տարբեր նախաձեռնությունների միջոցով նպաստավոր պայմաններ ապահովել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:Տիգրան Ղազարյանի խոսքով, ծրագրի շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքների ապահովումը նպատակին հասնելու գործողություններից մեկն է, և այդ առումով նա կարևորեց ճոպանուղու հարևանությամբ բացված «Տաթևատուն» ռեստորանի և «Տաթևեր»-ի համագործակցությունը, որի առաջին նախաձեռնությունը վերաբերում է Սյունիքի տարբեր բնակավայրերի բնակչության տարբեր խավերի համար դեկտեմբերի 20-29 հայտարարված զեղչերի ճկուն համակարգին, ըստ որի` տարածաշրջանի դպրոցականները, ուսանողները, ինչպես նաև կոլեկտիվ հայտեր ներկայացնողները ճոպանուղու երկկողմանի ուղղևորության և «Տաթևատուն» համալիրում ճաշելու համար կվճարեն համապատասխանաբար 3000, 4000 և 4500-ական դրամ:

Բացի դրանից` առաջարկվում է նաև ամանորյա տոնական միջոցառումների փաթեթ:

«Այս նախաձեռնություններն ուղղված չեն «Տաթևեր»-ի կամ նրա գործընկեր «Տաթևատան» այցելուների խթանմանը, այլ նպատակ ունեն մեկ անգամ ևս փաստել, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի գերնպատակներից մեկը տարածաշրջանի բնակչության սոցիալական պայմանների բարելավումն է»,-ասաց Տիգրան Ղազարյանը:

Դրա վկայություններից է նաև այն փաստը, որ ճոպանուղու հարակից գյուղերի բնակիչների համար օրական մեկ անգամ անվճար երթևեկելու արտոնությունը, չնայած նախատեսված էր 1 տարվա համար, շարունակվում է նաև այժմ:

Հիշեցնենք, որ «Տաթևեր»-ն աշխարհի ամենաերկար անկանգառ, հետադարձելի ճոպանուղին է, որը սկիզբ է առնում Հալիձոր գյուղից և հասնում մինչև Տաթև գյուղ, որտեղից մի քանի մետր հեռավորությամբ Տաթևի վանական համալիրն է: 2010 թվականից սկսած 1 տարվա ընթացքում ճոպանուղու այցելուների թիվը հասել է 70 հազարի:                        hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий