24 февр. 2011 г.

Հղիների պայքարն ավարտվեց հաղթանակով. նրանք հետ կստանան բոլոր չվճարված նպաստները

Հղի կանանց մի քանի ամիս տեւած պայքարը՝ ընդդեմ ժամանակավոր անաշխատունակության նպաստների կրճատման, ավարտվեց հաղթանակով։

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 24-ին որոշեց Ազգային Ժողով անհետաձգելի կարգով ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որով վերականգնվում են հղիների նպաստներն այն չափով, ինչ եղել է մինչեւ 2011 թ. հունվարի 1-ը։

Հիշեցնենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ նպաստի առավելագույն չափ էր սահմանվել ամսական 150 հազ. դրամը։ Սա դժգոհություն էր առաջացրել այն կանանց շրջանում, ովքեր մինչ հղիությունը ավելի բարձր աշխատավարձ էին ստանում։

Անդրադառնալով սույն խնդրին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված էր չարաշահումներով:

«Հղիներին 1-2 օրով ընդունում էին աշխատանքի, նշանակում ամսական մի քանի մլն դրամ աշխատավարձ եւ պետությունը պարտավոր էր վճարել այնքան նպաստ, որքան նշանակել էր գործատուն; Մենք կոպիտ լուծում տվեցինք՝ 150 հազ. դրամ նպաստ նշանակեցինք 100 հազ. միջին աշխատավարձի պայմաններում։ Այդ չարաշահումները վերացան, սակայն դժգոհություններ առաջացան այն անձանց շրջանում, ովքեր տարիներով ավելի բարձր աշխատավարձ էին ստանում»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Տ. Սարգսյանը։

Նշենք, որ կառավարությունն, այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ պահպանել է։ Այսպես՝ հղիության նպաստը կվճարվի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձի չափով։ Այն անձինք, որոնք ավելի քիչ են աշխատել, նպաստը կստանան հետեւյալ մեխանիզմով՝ աշխատած ժամանակահատվածի եկամուտը կբաժանվի 12 ամսվա վրա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին հավաստիացրեց, որ հարցը համաձայնեցրել են հղիների եւ կանանց շահերը պաշտպանող մոտ 35 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ օրենքի փոփոխությունը ընդունվելուց հետո այն կունենա հետադարձ ուժ՝ բոլոր այն հղիները, որոնք կորուստներ են ունեցել նախորդ ամիսներին, ամբողջությամբ հետ կստանան իրենց գումարները։
                                                                                                                  NEWS.AM

Комментариев нет:

Отправить комментарий