24 февр. 2011 г.

ՏՏ ոլորտը, Հայաստանը ու մի քիչ էլ…Գորիսը


Նրանց համար, ովքեր այս ոլորտով հետաքրքրված են, բայց՝ քիչ տեղյակ, ասեմ. թե ինչ է ՏՏ-ն. “գերժամանակակից” մի արտահայտություն, ասել է թե՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Այն ներդրումներն ու զարգացումները, որ այսօր կան այս ոլորտում, ահռելի են: Իսկ Հայաստանը, իհարկե, անմասն չէ այդ ամենից: Որպեսզի ասելիքս պարզ լինի ու ավելի հավաստի, նախ՝ մի փոքրիկ վիճակագրություն:

Օրինակ, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15% աճ: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն. դրամ, ինչը 15.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ /129.9 մլն. դրամ/: Հայաստանում այս ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5000 մարդ, ոլորտում գործում է 197 ընկերություն: ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. hատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն. դրամ:


Ինձ թվում է /և վստահ եմ, որ այդպես շատերն են մտածում/ մեր պետության համար թվերը “փոքրիկ” չեն:

…Ու զարգանում է ոլորտը…զարգանում է՝ անկախ նրանից, թե ով, որքանով է կարողանում հասկանալ այն, ընդունել, ճիշտ օգտագործել: Մեկին ուղղակի անհասկանալի ու խորթ է երևույթը, մեկն ուղղակի հեռվից նայում է դրան, մեկ ուրիշը՝ երբեմն անկախ իրենից, փեշով հպվում է, մյուսը “վազում է” հետևից, իսկ ոմանք էլ փորձում են, որքան հնարավոր է “ձեռք ձեռքի բռնած” ընթանալ դրա հետ:

Իրոք, ոլորտը զարգանում է, իրոք, ժամանակները շատ են փոխվել: Ես դա ամենալավը հասկանում եմ մի պարզ օրինակով. շատ հաճախ երեկոները skype-ով խոսում եմ դրսում գտնվող բարեկամներիս հետ, ու տատս, ով այդ ժամերին հելունը ձեռքին գործում է, վերցնում է ակնոցները, գալիս, մոտ նստում ինձ ու դեմքի զարմացած արտահայտությամբ հարցեր տալիս այդ “հրաշքի” մասին; Ես ամեն անգամ բացատրում եմ տատիկիս, թե դա ինչ է, էտ ինչ հրաշք է, որ համ տեսնում եմ, համ խոսում…ու տատս գլխով է անում, բայց…բայց հաջորդ օրը նույն հարցը՝ քիչ կամ շատ փոխված ձևակերպումով: Ես չեմ զարմանում, որովհետև նրա համար /ով նախկին ուսուցիչ է՝ մեծ ստաժով/ դա “անհասկանալի աշխարհ է”: Լսում է ու վերջում ասում. “Է~, մեկա ինչ ուզում ես ասի, ես էտ ինտերնետից բան չեմ հասկանում”:

Սա 82-ամյա կինն է ասում, իսկ որքանո՞վ է “այդ ինտերնետը” հասկանալի, ու, որ ամենակարևորն է, հասանելի մեր՝ անկախության սերնդի համար: Որքանո՞վ ենք մենք կարողանում այն ճիշտ և ի օգուտ մեզ օգտագործել:

Որպեսզի մոտավոր պատկեր ստանայի մեր քաղաքում ինտերնետից օգտվողների թվի մասին /ու քանի որ, ինչքանով ես եմ տեղյակ, քաղաքում հիմնականում օգտվում են VivaCell-MTS-ի, Orange-ի և Beeline-ի ծառայություններից/, փորձեցի կապվել նրանց հետ ու ստանալ որոշակի ինֆորմացիա, ու այստեղ “օգնության” եկան վերոնշյան տեխնելոգիաները՝ իրենց անուրանալի առավելություններով. հիմա ցանկացած ինֆորմացիա կարելի է ստանալ՝ առանց տեղից շարժվելու:

Ու նամակներ ուղարկեցի նրանց՝ իրենց իսկ կայքերում մատնանշած էլ. փոստերին /mts@info.am, contact-centre@orangearmenia.am, hr@orange-ftgroup.am/` բացառությամբ Beeline-ի, այս դեպքում օպերատորը իմ հարցերին պատասխանում էր օնլայն ռեժիմով:

Փաստորեն, ամենաարագը ստացվեց վերջինիս դեպքում /անկախ նրանից, որ իմ հարցի պատասխանը այդպես էլ չգտա/, մի քանի փոքրիկ քայլեր ու ես հայտնվեցի chat-ում, ուր ինձ սպասում էր սիրալիր օպերատորը /իմ դեպքում՝ Кристинан/: Դե իսկ ինչու Кристинан, և ոչ՝ Քրիստինեն, ինձ թվում է պարզ է. ”ԱրմենՏել” ՓԲԸ /Հայաստանի տարածքում գործում է Beeline ապրանքանիշով/ մտնում է “ՎիմպելԿոմ” ԲԲԸ խմբի մեջ, որը ռուսական ընկերություն է/: Սա միջանկյալ, իսկ ահա մեր փոքրիկ զրույցը օպերատորի հետ՝ դատողություններն ու ենթադրությունները թողնելով ձեզ:


-Բաժանորդ Շուշան -ը(ն) սկսել է նոր սեսիա HiLine ինտերնետ - Ընդհանուր տեղեկատվություն թեմայով
-Օպերատոր Кристина -ը(ն) միացել է. Բարև Ձեզ: Ինչով կարող եմ օգտակար լինել:
-Շուշան: Բարև Ձեզ, ես Շուշանն եմ, Գորիսից, լրագրող: Ինձ ինֆորմացիա էր պետք, թե դուք Գորիսում քանի ինտերնետ-բաժանորդ ունեք, ինձ տեղի գրասենյակից պատասխանեցին, որ չեն կարող նման ինֆորմացիա տալ, ու՞մ կարող եմ նման հարցով դիմել:
-Кристина: Ներեցեք, բայց դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, որևէ անձ չի կարող Ձեզ նման ինֆոմացիա տրամադրել:
-Շուշան: Իսկ որևէ վիճակագրություն, թեկուզ անցած տարվա, հնարավո՞ր է ինտերնետում գտնել:
-Кристина: Կայքում նույնպես չկա նման ինֆորմացիա:
-Շուշան: Փաստորեն Դուք որևէ ինֆորմացիա օգտագործողների մասին չեք կարող տալ:
-Кристина: Ներեցեք, բայց ոչ:
-Շուշան: Հաջողություն, շնորհակալ եմ:
-Кристина: Շնորհակալ ենք, որ օգտվում եք Beeline ծառայություններից:

Հետո նույն հարցով նամակ ուղարկեցի info@mts.am հասցեով ու չեմ կարող չասել, որ այս էլ որերորդ անգամ հիացա նրանց օպերատիվ աշխատանքից. տարբեր առիթներով մի քանի անգամ դիմել եմ նրանց: Ու, չանցած մի ժամ, ստացա երկրորդ պատասխանը՝

“Բարև հարգելի Շուշան: Շնորհակալություն հարցի համար: Խնդրում եմ տեղեկացնել, թե որ լրատվամիջոցն եք ներկայացնում և որքանով եք տեղեկացված մեր կազմակերպության մասին: Օգնության կարգով տեղեկացնեմ, որ տարբեր հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով կարող եք այցելել մեր ընկերության վեբ կայք` www.vivacell.am հասցեով:

Այժմ` բուն հարցի մասին այնքանով, որքանով դա չի հակասում կոմերցիոն գատնիք պարունակող տվյալները չհրապարակելու ցանկացած կազմակերպության ռազմավարությանը: Այս տարվա հունվար ամսվա տվյալներով, ամբողջ հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի (մոդեմներով) բաժանորդների թիվն գերազանցում է 42 հազարը”:


Իսկ ահա Orange-ից երկեք օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացա՝ չնայած, որ նրանց թողած երկու հասցեներով էլ նամակ էի ուղարկել:

Իրականում, եթե անկեղծ լինեմ, ես չգիտեմ, թե այդ ինֆորմացիան որքանով է կոնֆիդենցիալ կամ կոմերցիոն գաղտնիք, բայց սա մի պարզ օրինակ է՝ համոզվելու, թե ինչքան հեշտ է այսօր ինֆորմացիա ստանալ /էլի եմ ասում՝ անկախ նրանից, թե քո հետաքրքրությունը որքանով է բավարարվում/, ու ցույց տալ՝ առանց որևէ միտում ունենալու որևէ մեկին գովազդելու կամ հակառակը, թե որքանով են օպերատիվ նրանք, որքանով են պատրաստ կիսել տեղեկատվությունը:

Էդպես էլ կոնկրետ թվեր չիմացա, բայց, որպես քաղաքացի, մի պարզ բան հասկանում եմ, որ ինտերնետ օգտագործողների թիվը արագ աճում է՝ չնայած նրան, որ մարդիկ շատ դեպքերում անգամ չեն կաողանում “կիրթ” օգտվել, ստանալ անհրաժեշտ՝ գոնե մինիմում ինֆորմացիա:

Ինչպես մի ժամանակ դաշնամուրն էր տան անհրաժետ ատրիբուտիկա, այդպես էլ այսօր համակարգիչն է: Հա’, էդպես է, օդից չեմ խոսում, “փուչ” դատողություններ չեմ անում, ուղակի սեփական պրակտիկայից եմ ասում: Գնում են համակարգիչը՝ ինչքան հնարավոր է լավը, թանկը, ամեն մի մասի ամենալավը, ու…ու հետո հանկարծակի հիշում են, որ իրենք համակարգչից օգտվել չգիտեն: Ա’յ քեզ ռեբուս:

Ու հետո մի խնդիր էլ կա. այսօր մշտական ինտերնետ ունենալը, շարքային քաղաքացու համար, մեղմ ասած, թանկ հաճույք է: Ենթադրենք Գորիսում ուսանող ես, գերազանց առաջադիմությամբ սովորում ես, լավագույն դեպքում վեց կամ յոթ հազար դրամ կրթաթոշակ ես ստանում ու էս ամենի հետ մեկտեղ “համարձակություն” ես ունենում տանն ինտերնետ ունենալ…

Այսօր, իրոք, ինտերնետը թանկ հաճույք է, դեռ չեմ խոսում որակից: Որպեզի պատկերացում ունենանք Հայաստանում ինտերնետի որակի մասին, ներկայացնեմ մի քանի թվեր, որոնք վերցրել եմ www.netindex.com կայքից. այստեղ կարող եք մշտապես հետևել, թե մեր երկիրը, ինտերնետի արագությամբ, որ տեղն է զբաղեցնում: Վարկանիշի առաջատարների եռյակում են հետևյալ պետությունները Հարավայի Կորեան /37.39Mbps/, Լիտվան /28.68 Mbps/, Շվեդիան /26.57 Mbps/, իսկ ահա Հայաստանը 123-րդ տեղում է՝ 1.93 Mbps, իսկ վերջին՝ 168-րդ տեղում, Բոլիվիան է՝ 0.55 Mbps արագությամբ:

Պարզ երևում է, որ ինտերնետի՝ բարձ որակ ապահովելու գործում, շատ անելիքներ կան, մանավանդ՝ մարզերում, ուր վիճակն ավելի վատ է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է՝ հաճախ՝ առանց հետ նայելու, այն ունի շատ առավելություններ, երբեմն՝ թերություններ: Դե, երևի, դա բնական է. ինչպես հայտնի ասացվածքն է ասում. “Երկու երնեկ մի տեղում չի լինում”:

                                                                                                        Շուշան Օհանյան
                                                                                                                          Hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий