18 авг. 2012 г.

Սիսիան. հանրային ծառայությունների ոլորտում խնդիրները տարբեր են

Մարիամ Մաթևոսյան
Գորիսի մամուլի ակումբը “Տեղեկատվության ապահովում հանրային ծառայություննրում” ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում և նրա 21 գյուղական համայնքներում հանրային ծառայությունների մատուցման իրավիճակը մոնիտորինգի ենթարկելուց հետո, փորձեց այս անգամ նմանատիպ վերլուծություն կատարել նաև Սիսանի տարածաշրջանի 18  /Սառնակունք, Գորհայք, Անգեղակոթ, Սպանդարյան, Իշխանասար, Բալաք, Լծեն, Շամբ, Շաքի, Տոլորս, Մուցք, Շաղատ, Բռնակոթ, Լոր, Աղիտու, Գետաթաղ,Սալվարդ, Աշոտավան/ գյուղական համայնքներում:
Այս գործընթացը կնպաստի Սյունիքի մարզում հանրային ծառայությունների ոլորտում տիրող իրավիճակի ավելի ընդհանրական պատկերի ստեղծմանը:
“Թափանցիկ հանրային ծառայություն” ծրագիրը իրականացվում է Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի աջակցությամբ:
Այսուհետ կփորձենք պարբերաբար ձեզ կներկայացնել վերոնշյալ համայնքներում տիրող իրավիճակը:
Նախնական տվյալներով՝ համեմատելով Գորիսի և Սիսանի գյուղական համայնքների հանրային ծառայությունների որակը /գազ, լույս, ջուր/, ասենք, որ տարբերությունը նկատելի էր: Եթե Գորիսի շատ համայնքներ /Արավուս, Տաթև, Խնածախ/ խմելու ջուրի ռեսուրսներ չունեն, ապա Սիսանի համայնքներում ջրի պակաս չկա. “Մեր գյուղ 100 տեղից ջուր է մտնում, մեր խնդիրը քանակը չի, այլ որակը: Ջրի ներքին ցանցը շատ հին է ու մաշված: Միայն դա է մեզ անհանգսատցնում”,-ասաց գորհայքցի Հասմիկը:

Մեր այցելած գյուղերում՝ Գորհայք, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, ջրամատակարարումը և էներգոմատակարարումը հասանելի է բոլոր տնային տնտեսություններում: Իսկ ահա գազամատակարարման ոլորտում իրավիճակը քիչ այլ է. դեռ կան չգազաֆիկացված տնտեսություններ:

Մեր հետ զրույցի ժամանակ Անգեղակոթ համայնքի գյուղատնտեսության գծով առաջատար մասնագետ Պավել Առաքելյանն ասաց. “325 տնտեսություն ունեցող գյուղում, 244 ծուխ բնական գազով է ապահովված, մոտավորապես 90 տնտեսություն բնական գազ չունի, որը պայմանավորված է զուտ ֆինանսական պատճառներով”:

Անգեղակոթում մարդիկ հիմանականում բողոքում են ձմռանը՝ գազի ճնշման ցածր լինելուց. “Միայն ձմռան ամիսներին է գազի ճնշումը թուլանում, դրանով տուն չես կարող տաքացնել, ստիպված աթար ենք վառում”,- ասում է գյուղացիներից մեկը:

Սպանդարյան գյուղում գազամատակակարարում չկար, ընդ որում՝ գազատարը հենց գյուղի մուտքով է անցնում: ”Որ գազ լինի, լավ կլինի, ոնց որ հնադարյան մարդիկ լինենք: Գազատարները մեր մոտով են անցնում, բայց մենք գազ չունենք: Որտեղ ասում եմ՝ զարմանում են”, -վրդովված նշում է Արևիկ Զաքարյանը: “2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ծրագրի մեջ ընդգրկվել է Սպանդարյան համայնքի գազամատակարարման հարցը,-մեր հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի քարտուղար Վարուժան Վարդանյանը: Բայց այդպես էլ կյանքի չկոչվեց: Տեղյակ եմ, որ առաջիկա ընտրությունների քարոզարշավի ծրագրի մեջ նույնպես ընդգրկված է, հույս ունենք այս անգամ, իսկապես, խնդիրը լուծում կստանա”:

Սառնակունքում բողոքը ավելի շատ հոսանքի հաճախակի տատանումներն են: Ինչպես տեղեկացանք բնակիչներից՝ գյուղի վերևում գտնվող գազալցակայանի կոմպրեսատորները աշխատում են գյուղին հասանելիք հոսանքի աղբյուրից: Արդյունքում գյուղում թուլանում է հոսանքի լարումը, որն էլ հանգեցնում է հաճախակի տատանումների: Եղել են նաև դեպքեր, երբ տատանումները շարքից հանել են հոսանքին միացրած ջրատաքացուցիչները:

Ամենուր բոլորին անհանգստացնում էր գազի բարձր սակագինը. ”Համ չենք աշխատում, համ էլ եղածը թանկացնում են: Գյուղացու վիճակը վատացել է, առաջընթաց չկա: Տունը տաքացնելու համար աթար ենք վառում, գազով ապահովված ենք, բայց չենք կարողանում նորմալ օգտվել”,-ասում է Ժիրայր Վարդանյանը:

                                                                                                                    շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий