Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզը դարձել է բնապահպանական ռիսկերի հանգույց: Թեմային ավելի հաճախ անդրադառնում են բնապահպանական խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր միջոցներով փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել, մասնավորապես, հանքարդյունաբերության հնարավոր բացասական ազդեցությունների վրա: Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարը չի ոգևորում նաև տաթևցիներին:2011թ. Fortune Oil չինական ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սյունիքի մարզի Սվարանց գյուղի երկաթի հանքերը: Սվարանցի հանքը ներկայումս գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Այն կտեւի մինչև 2013 թ. նոյեմբերի 7-ը: Եվ քանի որ Տաթևից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է գտնվում այդ նույն երկաթի հանքը, որոշեցինք գյուղի բնակիչներից իմանալ նրանց տեսակետները հանքարյունաբերության եւ արդեն իսկ Տաթեւում իրականացվող զբոսաշրջության ծրագրի մասին: Տեղացիների խոսքով իրենք հույս չունեն, որ ինչ որ ծրագիր կամ հանքի շահագործում կարող է դերակատարություն ունենալ իրենց սոցիալական պայմանները բարելավելու գործում:
«Մինչև «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործումը բոլորն ասում էին, թե մեր ապրելակերպը կտրուկ փոխվելու է, բայց Ճոպանուղին օգուտ տվեց միայն Շինուհայր գյուղին և Գորիսին: Էսօր մենք տուրիստ չունենք. սրանից 10 տարի առաջ գյուղն ավելի շատ տուրիստ ուներ, քան հիմա: Հիմիկվա տուրիստը մտնում ա միայն վանք, նստում ճոպանուղին ու էլի հետ դառնում Գորիս»,- նշեց Դիանա Մինասյանը:
Իսկ թե ինչու գյուղացիները պայմաններ չեն ստեղծում զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար տիկին Էմման ասաց. «Ինչպե՞ս պայմաններ ստեղծեմ, եթե 25 տարի ա չեմ աշխատում, նույնիսկ 20000-անոցն ու 5000-անոցը իրարից չեմ տարբերում` քանի անգամ եմ տեսել, որ...Դե’, էլ չասեմ, որ գյուղում ոչ գազ կա, ոչ էլ` խմելու ջուր: Իսկ եթե զբոսաշրջիկի համար առաջնային պայման հանդիսացող տաք ջուր ապահովել չենք կարող, էլ ի՞նչ հյուրընկալության մասին կարող է խոսք լինել»:
Իսկ Վաչիկ Մարտիրոսյանը, ով արդեն 5 տարի է իջևանատուն ունի, ասաց, որ առաջին 2 տարիներին մեծ թվով զբոսաշրջիկների էր հյուրընկալում, իսկ ճոպանուղու կառուցումից հետո գրեթե հյուրեր չի ունենում:
«Ճոպանուղին բացի վնասից, օգուտ չտվեց: Նույնիսկ էնտեղ աշխատողները մեր գյուղից չեն: Մեր գյուղի ջահելները պարապ, պատերի տակ նստած են, բայց ուրիշ տեղերից են գալիս ու աշխատում», -բողոքում էր ՆունեՄինասյանը :
Տաթևցիները նույն մտահոգությունն ունեն նաև հանքի շահագործումից հետո: «Թող ոչ ոք չմտածի, թե նոր աշխատեղեր կբացվեն ու մեր գյուղացիները կաշխատեն»,- իր մտայնությունների մասին բարձրաձայնեց Զարզանդ Մինասյանը,- մենք միայն վնասը կրողներն ենք»:
Իսկ Գարիկ Ապրեսյանը կտրականապես դեմ է հանքի շահագործմանը. «Մի երկու օլիգարխ մի մեքենայի փոխարեն մի քանիսը կքշեն, իսկ մենք մեր էշն էլ չենք կարա քշենք: Հանքի շահագորշումը մեծ վնաս կտա շրջակա միջավայրին. աղտոտված օդ, կեղտոտ ջուր, թունավոր սնունդ... Եթե ես մի օր արթնանամ ու անարատ կաթ չխմեմ ու պանիր չուտեմ, էլ ես ու՞մ եմ պետք»: Գարիկի միտքը շարունակեց Էմմա Մինասյանը. «Հանքը մեր հարստությունն ,է ու մենք դրանից կարող ենք օգտվել, եթե այն վատ ազդեցություն չունենա շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա: Հակառակ դեպքում` ավելի լավ ա բանջար ուտեմ, քան հանքը շահագործվի, ու երեխաներս գնան էդ հանքում աշխատելու»:
Համագյուղացիների մտահոգությունը կիսում է նաև Նիկոլայ Գրիգորյանն. « Վտանգը շատ մեծ է: Այդ հանքն ուսումնասիրել են են նաև Հայրենական Մեծ պատերազմից առաջ: Նույնիսկ 1968 թ. հանքը բացվել էին և այն տարածքում, որտեղ լցրել էին հանքից հանված հողը, մինչև այսօր էլ բուսականություն չկա: Եվ եթե կառավարությունը հաշվի առնի մեր կարծիքը, ապա մենք միանգամայն դեմ կլինեք դրա շահագործմանը»:
Իսկ երբ հարց բարձրացավ, թե արդյոք նրանք կլքե՞ն գյուղը, ասենք, մի կլորիկ գումարի...դիմաց, բացասական պատասխաններ հնչեցին .
- Ես ինձ առանց իմ գյուղի չեմ պատկերացնում:
- Կլքեմ, եթե վանքն էլ տեղափոխեն:
- Պետության հիմքը գյուղն ա, և եթե գյուղը չլինի, քաղաքացին ինչպե՞ս պիտի ապրի:
- բա մեր գերեզմաններն ու՞մ թողնենք… Hetq.am
Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում' լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում |
Комментариев нет:
Отправить комментарий