1 мая 2012 г.

“Լիներ մեկ հոտ, մեկ հովիվ, ունենայինք մեկ Մայր եկեղեցի…”


Մարիամ Մաթևոսյան
Հանրության շրջանում իշխող կարծիք է, որ մենք` բոլորս, հիմնականում անհանդուրժող ենք կրոնական կազմակերպությունների, նրանց ծավալած գործունեության նկատմամբ: Դեռ ավելին՝ մի քիչ էլ թշնամաբար ենք նրանց վերաբերվում: Անկասկած, ամեն ոք այս հարցում ունի դիրքորոշումը, վերաբերմունքի իր հիմնավորումները, իր պատճառները:

Գորիս քաղաքում էլ, որքանով տեսանելի ու զգալի է, ևս անհանդուրժողականության մթնոլորտն առկա է, առկա է անթաքույց անհանդուրժողականությունը. կասկածներ, անվստահություն, մտայնություններ, հնարավորինս շփումներից խուսափում:

Սակայն նույն մեր քաղաքում կան մարդիկ, անհատներ, ովքեր հանդուրժող են, ովքեր դավանանքի ընտրությանն ավելի հանգիստ են վերաբերում՝ համարելով յուրաքանչյուրին վերապահված բնական ու սահմանադրական իրավունք: Գուցե այս հարցում, այս պարագայում առկա է նաև անտարբերության, ի միջի այլոց վերաբերմունքի գործո՞նը…
Կարինեն, լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, ոչ միայն հանդուրժում, այլև ջերմ ընկերություն է անում կրոնական այլ կազմակերպության ներկայացուցչի հետ: Նա ներկայացնում է “Եկեղեցասիրաց եղբայրակցություն” կազմակերպությունը, որը, իր փաստմամբ, մարդկանց գիտելիքներ է հաղորդում Հայ Առաքելական եկեղեցու, քրիստոնեության մասին:

Կարինեի հարևանուհին` Ժենյան, համալրում է “Ադվենտիստներ” կրոնական կազմակերպության շարքերը. “Մենք ձգտում են առողջ ապրելակերպի` մեր անդամներին ու համակիրներին ներկայացնելով հոգեպես և ֆիզիկապես առողջ մարդու առավելությունները”:

Հետաքրքիր էր Կարինեի վերաբերմունքն այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ու փորձեցի պարզել` որտեղի՞ց է սնվում նրա հանդուրժողականությունը:

-Դավանանաքի ազատ ընտրության հնարավորությունը ամենքիս է վերապահված: Ոչ մեկս մյուսին որևէ բան պարտադրելու իրավունք չունենք, չնայած շատ են բացահայտ մոլորված, անսկզբունք ու հավերժ ինչ-որ ավելի լավ բան որոնող մարդիկ: Կարող ես, թերևս, խոսել, զրուցել, բայց երբեք ոչ՝ պարտադրել,-ասում է Կարինեն:

Կարինեն ու Ժենյան դրկից հարևանուհիներ են: Առավոտներն անպայման այցելում են իրար, մեկ բաժակ սուրճի շուրջ զրուցում տարբեր թեմաներից, կարծիքներ փոխանակում, նախորդ օրն…ամփոփում…Ու երբեք հակասություններ չեն ունենում: Բայց…

“Շատ քիչ, բայց եղել են դեպքեր, երբ բախվել ենք իրար,-պատմում է Կարինեն: -Մի առավոտ սովորականի նման սուրճ էինք խմում, երբ նա առաջարկեց միասին ինչ-որ տեսանյութ դիտել: Անմիջապես գլխի չնկա, որ դա իրենց հավատքի մասին տեսանյութ է: Երբ հասկացա, կտրականապես հրաժարվեցի ու խնդրեցի այլևս ինձ հետ նման թեմաներով չխոսել, այլապես… Դա իմ վերջին զգուշացնումն էր: Ես չեմ հանդուրժի, որ ինձ ինչ-որ բան պարտադրեն կամ կարծեն, թե ես չհասկացա իրենց “միամիտ” խաղը”:

Կարինեն երբեք չի փորձել նույն ձևով…համոզել ընկերուհուն. “ Չեմ սիրում, երբ Աստծո անունը պատեհ-անպատեհ բերնեբերան են տանում: Ես խոսում եմ միայն այն ժամանակ, երբ առիթ է ներկայանում: Ես իմ հավատքը ոչ մեկին չեմ պարտադրում, այլ փորձում եմ ապրածս կյանքով լինել օրինակ ”:

Ժենյան էլ համարյա չեզոք վերաբերմունք ունի այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ. “ Բոլորս էլ մարդիկ ենք, մի հող ու ջրի ենք, նույն հալի ենք, թշնամիներ չենք, ուղղակի յուրովի ենք հասկանում ու մեկնաբանում Աստվածաշունչը: Ըստ այդմ էլ ապրում ու արարում ենք”:

Ըստ Կարինեի՝ “միախմբվելուն, մեկ հոտ դառնալուն” կնպաստի եկեղեցու սպասավորների էլ ավելի ակտիվությունը և ժողովրդի հետ կապի սերտացումը: Նա համոզվածէ, որ շատերը չգիտեն ծեսերի, պատարագների մասին, հոգևոր գիտելիքների ահռելի պակաս ունեն, ուստի հայտնվում են հոգևոր կուրության մեջ…

Մեր զրույցի վերջում էլ Կարինեն ցանկացավ, որ ինչպես Ավետարանում է գրված՝ լիներ մեկ հոտ, մեկ հովիվ, ունենայինք մեկ Մայր եկեղեցի…

                                                                                                               

















Комментариев нет:

Отправить комментарий