Լենա Հովսեփյան
Օրերս Երևանում էի: Հյուրընկալված էի քաղաքի խիտ բնակեցված թաղամասերից բազմահարկ շենքի մի բնակարանում: Մեկ էլ, արևը մայր մտնելուն պես, տան հարսը արագ վազեց դեպի պատշգամբ, ՙԷլի ուշացա, նրանք վառարանը վառել են՚; Տանտիկինը. իմ զարմացած հայացքին ի պատասխան, պարզաբանեց. ՙՆերքևի հարևաններից մեկը աթար է վառում, ծխահոտը կպչում է լվացքին: Դրա համար շուտ հավաքում ենք, տուն բերում՚: Ես ականջներիս չէի հավատում, աթա՞ր Երևանում, այն Երևանում, ուր էլիտար շենքերի, գերշքեղ մեքենաների խենթ մրցակցությո՞ւն է…ՙՀա, մենք էլ չէինք հավատում, չնայած մարդիկ ի՞նչ անեն, ամեն ինչ էլ վառում են` գրքերից մինչ կոշիկ: Այդ, իմ ասած հարևանի հետ վերջերս որդիս վերելակով բարձրացել է, դուրս գալիս ստվարաթղթե արկղը սղմվել-պատռվել է, և չոր աթարը թափվել է:Տղայիս սրտնեղված ասել է, որ գյուղից` հայրական տնից է բերել, ավտոտնակում պահում է, քիչ-քիչ, մութն ընկնելուց հետո, տուն բերում: ՙԻ՞նչ անեմ,- ասել է,-տանը հղի հարս կա, փոքր երեխեք, տան միակ աշխատողն էլ ես եմ: Ես էլ պահակ եմ…Ապրե’ս դու, թո’ղ հարևանները չիմանան, երեխեքս կամաչեն…՚:
***
Հետդարձիս լույսերի մեջ ընկղմված գիշերային Երևանն ինձ փայլուն պատրանք թվաց, որի շողշողացող վարագույրների ստվերում, ավելի քան ճապաղ գյուղն է ու, այդպես էլ քաղաքացի չդարձած, գիշերը վերելակով տուն աթար տանող, պահակ գյուղացին…
Комментариев нет:
Отправить комментарий