Անահիտ Բաղդասարյան
Գորիսում սովորաբար չքնաղ աշուն է լինում, իսկ այս տարի աշունը իր տեղը շատ շուտ զիջեց ցրտաշունչ ձմռանը: Բնությունն էլ, ասես, ժողովրդի կողմից չլիներ այս անգամ: Ձմեռը եկավ, ու մարդանց առջև ծառացավ հարցը` ինչպես պաշտպանվել ցրտից. գա՞զ, փա՞յտ, էլեկտրաէներգիա՞, տաք հագո՞ւստ, թե`…համբերություն: Այս հարցը հուզում է գրեթե ողջ բնակչությանը:ՙՑրտերը շուտ վրա հասան: Գոնե մինչ մայրամուտ նստում էի պատուհանի մոտ ու տաքանում արևի ջերմությամբ, -գանգատվում է 72-ամյա տիկին Ռիման: -Բնակարանիս բոլոր դռները փակել եմ ու տեղավորվել ամենափոքր սենյակում:
Օրվա մեջ մի քանի անգամ, 10 րոպեով ջեռուցիչն եմ միացնում, որ օդի սառնությունը կոտվրի ու էլի անջատում: Դե մութն ընկնելուն պես էլ պառկում եմ: Բա ի՞նչ անեմ, եթե հոսանքով տաքանամ, պիտի բերանիցս կտրեմ ու տամ պետությանը: Թոշակառու կնոջ համար գիտե՞ք էդ ինչ ա, երբ դրսից մի տուփ լուցկի անգամ օգնություն չի գալիս: Ոչ մի բան փայտի հետ համեմատելի չի. փայտն ուրիշ ա, ես էլ կուզեի փայտ վառել. 2 խոր.մ փայտ լիներ` ինձ լրիվ բավական էր, բայց այն գնելու համար առնվազն քառասուն օր պիտի սոված մնամ...՚
Տիկին Ռիմայի խոսքն ընդհատում է հարևանուհին` տիկին Քնարան. ՙՁմեռը գալուն պես, սիրտս սևանում ա: Մերն էլ սեփական տուն ա, տաքացնել չի լինում: Գազ ենք վառում, բայց, հազիվ մի սենյակն ա տաքացնում: Պետությանը փող ենք տալիս, բայց մրսում, ստիպված այգու ծառերից ենք կտրել: Բա ի՞նչ անենք, տանը երեխա կա՚:
Մոտավոր պատկեր ստանալու համար, թե մեր համաքաղաքացիներն ինչով և ինչպես են նախընտրում տաքանալ, որոշեցի հանդիպել հանրային սպասարկման ոլորտում աշխատող հսկիչների հետ:
Հայաստանի էլցանցեր, ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղի ՙԳորիս՚ էլցանցի հսկիչ Վարդան Շալունցի խոսքով իր սպասարկած տեղամասում` Գետափնյա թաղամասում, բնակիչների մոտ 85%-ը նախընտրում է էլեկտրական էներգիա սպառել և, հաստատելու համար, համեմատեց հոկտեմբեր ամսվա սպառած էներգիայի գումարը` 1 միլիոն 675 հազար դրամ, նոյեմբերի ամսվա հետ` 2մլն.570 հազար: Նա նաև նշում է, որ ամեն ամիս մոտ 15 տուն հոսանքազրկվում է` ծախսած էներգիայի գումարը չվճարելու պատճառով: ՙԴե’, ի՞նչ անենք, միսն առանց ոսկորի չի լինում՚, -ասում է հսկիչը:
Իսկ ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ-ի Գորիսի տեղամասի, հսկիչ Սամվել Ջավահիրյանն էլ պատմում է, որ իր տեղամասի (որտեղ հիմնականում սեփական առանձնատներ են ընդգրկված) տնտեսությունների մոտ 60%-ը գազ է սպառում: Ժողովուրդը մեծ դժվարությամբ է հայթայթում գումարը, բայց հիմնականում վճարումները ժամանակին են կատարում` խուսափելով հնարավոր անջատումներից. ՙԱմեն անգամ մեծ դժգոհության եմ հանդիպում, մարդիկ բողոքում են` գազով տուն չես տաքացնի , բայց, դե’, այդ հարցում մենք մեղք չունենք՚,- ասում է Սամվելը:
Տեղին է հիշել` Ձմռան օրերը կուգան, բայց չեն երթա, ու մարդիկ էլ ստիպվածկանգնել են երկընտրանքի առաջ. ի՞նչ անել չմրսել, չհիվանդանալու համար եղած-չեղած միջոցները ծախսել ջերմություն ապահովելու համա՞ր, թե` վատնել թանկ ու հաճախ անորոշ բաղադրությամբ դեղերի վրա: Եվ, ցավոք, հաճախ ստիպված ես հույս ունենալ, թե հիվանդությունն այս անգամ կշրջանցի քեզ և փորձում ես հնարավորինս դիմադրել` կոմունալ քիչ վճարումներ կատարելու համար:
Բայց, միևնույն է, Ձմեռ պապի անակնկալ այցի փոխարեն, դռան մոտ քեզ սպասում են գազի, լույսի, ջրի մարդիկ` վճարման կտրուկ վերջնաժամկետներով:
Комментариев нет:
Отправить комментарий