3 дек. 2011 г.

Իսկ վերևից` ճոպանուղուց, ամեն ինչ չքնաղ է թվում

Քրիստինե Հայրապետյան


Գորիսի ենթամարզում գյուղ կա, որտեղ Եվրոպան համարյա եկել-նստում է, գյուղ էլ կա` հասարակական ֆորմացաիների նախաշեմին է, ասես իր ոչ թե գաղափարական ընկալումներով ու աշխարհճանաչությամբ այլ էս աշխարհից, որպես անհատ տնտեսություն, պարզ հողեղեն` մի բան հասկացողի:

Իսկապես` գյուղ կա, որտեղ ՙՋիպն՚ ու ՙջակուզին՚ արդեն արմանք-զարմանք չեն, գյուղ էլ կա, ուր դեռ օրն ի բուն, լավագույն դեպքում` ոչ բոլորին հասանելի ՙՋիպով՚` էշով, ջուր են կրում: Աշխարհին արդեն նաև իր ճոպանուղով զարմացրած Տաթևն էս շարքում հաստատ հետնապահներից չէ, բայց շատ էլ առաջապահ չէ իր համբավ-հռչակին, իր անցուդարձին համեմատ: Այստեղ էլ առկա են մի շարք խնդիրներ, որոնց մասին խոսելն, անկասկած, շատ ավելի հեշտ է, քան դրանց լուծում տալն ու կարգավորումը, որովհետև մեր` մի քիչ երկար նորանկախ մնացած երկրում, դեռ այնքա~ն, հաճախ անհույս, հերթի կանգնած խնդիրներ ու միշտ չհերիքող բյուջե կա:


Գյուղը խմելու ջրի խնդիր, որպես այդպիսին, համարյա թե չունի: Ջուրը կա, բայց խմելու համար, տաթևցիների վկայակոչմամբ, այնքան էլ պիտանի չէ: Շատերը խմելու ջուրը գյուղի աղբյուրից են տանում, որը սարի մաքուր ջուր է և, ինչպես մի տարեց մարդ կատակով ասաց` բանվորական աղբյուր է.ՙԱռաջ սանէպիդկայանը պարտադիր ստուգում էր մեր գյուղի խմելու ջուրը, բայց հիմա, ամեն լավ բանի հետ, էդ էլ է, երևի, վերացել: Ո~վ գիտի` մեջն ինչե~ր կան: Դեռ մեր աչքով տեսածը չեմ ասում…


Ի՞նչ անենք` մեր օրգանիզմի համար վտանգավոր է, թե` չէ, օգտագործում ենք: Լավն էն ժամանակ չի՞ եղել, որ մեր հեռավոր նախնիները կավե խողովակներով սարերից հոսող ջրերը, աղբյուրները բերում-հասցնում էին վանք ու մեր էս տարածքները. Կավ էր` ի~նչ կոռոզիա, ի~նչ մաշել…Էն ժամանակվա ինժեներների արածի հետքերը դեռ կան-պահպանվել են, հետո էլ ասում են` հիմա ուրի~շ ենք, հիմա զարգացա~ծ ենք…՚:

Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի վկայությամբ, անելիքների կողքին, արվածն էլ քիչ չէ. ՙՄիջազգային ամենատարբեր ծրագրերով ու սատարումներով, նաև` գյուղի միջոցներով, նորոգվել է 1000 խմ տարողությամբ ջրամբարը, որը հնարավորություն է տալիս գյուղը լիարժեք ապահովել ջրով: Սակայն ջրի ներքին ցանցի մաշվածության և դրանից էլ բխող ջրի կորուստների պատճառով, դա առայժմ մեզ չի հաջողվում: Ջրագիծը ուղիղ կես դար առաջ է կառուցվել և նորացման անհետաձգելի խնդիր ունի: Մոտ 600 մ խողովակաշար պետք է փոխվի: Այս գործում, վերջերս գյուղ կատարած իր հերթական այցի ժամանակ, խոստացել է աջակցել մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Արդեն ներկայացրել ենք նախագծանախահաշվային փաստաթղթերը: 

Լուրջ բարեկարգման խնդիր ունի նաև գյուղի ոռոգման ջրագիծը, որն էլի շատ մաշված է, որի ուղղությամբ էլ մարզպետը խոստացավ կոնկրետ քայլեր ձեռնարկել՚: 

Զրույցից պարզվեց նաև, որ Տաթևի թվով 980 բնակչությամբ 250 տնտեսությունների մոտ 50 տոկոսն արդեն երեք տարի է`օգտվում է կոյուղու ցանցից, որ գյուղի ներքին թաղամասերում այդ խնդիրը դեռևս լուծված չէ, որ այդ աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկայում:

Թե գյուղապետը, թե բնակիչները նշեցին, որ Տաթևը բոլոր բնական ռեսուրսներն ու հնարավորություններն ունի զբոսաշրջության կենտրոն դառնալու, որի համար էլ, բնականաբար, առավել քան կարևորվում է այս խնդիրների արագ ու հետևողական լուծումը:

Գյուղում մի քանի ընտանիք ժամանակի շունչն ավելի արագ որսալո՞վ, թե` առկա հնարավորությունները պարզապես ավելի ճիշտ նպատակաուղղելով, կարողացել են զբոսաշրջիկներին որոշակի ծառայություններ մատուցել ու, բնականաբար, որոշակի եկամուտներ ունենալ: Եվ եթե բավարար կենցաղային պայմաններ լինեն, ավելի կբարելավվի սպասարկումը, բայց գյուղի մի մասում շուրջօրյա ջուր կա, իսկ մյուսում`օրվա մեջ մի քանի ժամ են ջուր ունենում:

ՙԸնդհանուր ջուրը գյուղի ջրամբարից են բաց թողնում, իսկ այն հաճախակի փոխելու, թարմացնելու ու նաև քլորացնելու դեպքում, էլի, ոչինչ, մաքուր է լինում, խմելու համար կարելի է օգտագործել՚, -ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Քանի որ Տաթև իմ այցի հիմնական նպատակը մատուցվող հանային ծառայությունների մասին իրազեկվելն ու տեղեկատվություն հավաքելն էր, ուստի, ջրի խնդրից բացի, հետաքրքրվեցի նաև էներգամատակարարմանն ու գազին առնչվող խնդիրներով: Տաթևցիների վկայությամբ, հոսանքի ընդհատումների պատճառ են լինում անբարենպաստ եղանակները: Տաթևում հաճախակի են լինում հոսանքի ընդհատումներ:

Գյուղի էներգամատակարարումը կատարվում է Բարձրավանից: Էլեկտրական սյուններն ու լարերը հին են, շահագործվել են 1964 թվականին, իսկ, մինչդեռ. ըստ մասնագետների, դրանց շահագործման ժամկետը չպիտի գերազանցի 25 տարին:

Բնակիչներից մեկի խոսքով` օրեր առաջ տեղացած ձյան պատճառով, մի ամբողջ օր հոսանք չեն ունեցել. ՙՎթարների հետևանքով հոսանքի ընդհատումները եթե արագ վերականգնելի չեն լինում, ուրեմն…՚:

Տաթևացին սպասում է, թէ երբ վերջապես կգազաֆիկացվի գյուղը, երբ կկարողանան իրենք էլ օգտագործել այդ երկնագույն վառելիքը: 

ՙՄեր գյուղի ժողովուրդն ինչի±ց է օգտվում, ոչ մի կարգին ջուր ունենք, ոչ` գազ: Ձմեռն արդեն եկավ, բայց եթե գյուղի տները մտնեք, կտեսնեք, որ փայտի հարցը դեռ չեն լուծել: Անտառից չենք կարողանում փայտ բերել` չի թույլատրվում, տուգանքն էլ 1 մլն դրամ է: Ովքեր ձի ունեն` էլի կարողանում են անտառի խորքերից փայտ բերել: Ի՞նչ պիտի վառենք ձմռանը, փայտն էլ շատ թանկ է, և ոչ բոլորն են ի վիճակի փայտ առնելու:.Դե’, ե’կ ու տուն պահիր, երեխա պահիր…Բա ճոպանուղով աշխարհին զարմացրած գյուղում գազ չի՞ լինի,-ասաց գյուղապետարանի պատի տակ` գյուղի կենտրոնում, արևկող անող ծերունիներից մեկը:- Հեղուկ գազից ենք օգտվում, բայց էդ էլ ձեռ չի տալիս. 7 հազար դրամ ենք վճարում 10 լիտրանոց բալոնին: 

Որակի մասին էլ չեմ ասում` կնանիք սաղ օրը բողոքում են մրոտվող աման-չամանից: Գազը բերողին էլ ենք վճարում, որ քաղաքից բերում-հասցնում ա մեզ, ու էդ գազը մեզ վրա շատ թանկ ա նստում՚:

Զրույցի պահին մեր կողքով, դեպ վանք նայելով ու հիացական բացականչություններով, անցավ զբոսաշրջիկների աշխույժ մի խումբ: ՙԷ~հ, ձեր կլխի մի մազը պիտեի, ա’ անդարդնի…՚:

Հետդարձին կանգնեցինք ճանապարհի ոլորաններից մեկում, որ լուսանկարենք ճախրող ճոպանուղին: Գիտեմ` վերևից ամեն ինչ այնքա~ն չքնաղ է…

Комментариев нет:

Отправить комментарий