19 июн. 2011 г.

Հայաստանում հանգիստը երկու անգամ ավելի թանկ է, քան արտասահմանում. գներ, հարցումներ

Հայաստանում հանգիստը նվազագույնը երկու անգամ ավելի թանկ հաճույք է, քան արտասահմանում: Այս են փաստում NEWS.am-ի անցկացրած հարցումները ներքին տուրիզմ իրականացնող գործակալությունների շրջանում:

Ի դեպ, պետք է շեշտել, որ Հայաստանում ավելի շատ գործում են արտագնա տուրիզմով զբաղվող տուրգործակալություններ, քան ներգնա: Այս հանգամանքը գործակալությունները բացատրում են այն բանով, որ մեզանում քչերն են ցանկանում հանգստանալ Հայաստանում, քանի որ այստեղ հանգիստը երկու եւ ավելի անգամ թանկ է, քան տարածաշրջանային եւ նույնիսկ եվրոպական երկրներում հանգիստը անցկացնելը:


Ինչ վերաբերում է Հայաստանում ամառային հանգստի գներին, ապա պետք է ասել, որ տարբեր գործակալություններ տարբեր ծառայություններ են առաջարկում, իսկ փաթեթների գները կախված է այն հանգամանքից, թե օրինակ` քաղաքացին որտեղ է ցանկանում հանգստանալ, հյուրանոցում, թե քոթեջում է գիշերելու, օրական քանի անգամ է սնունդ ցանկանում, տրանսպորտածախսը պետք է հոգա գործակալությունը,թե ոչ եւ այլն:

«Տաթեւ» տուրգործակալությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 7 օրյա հանգիստը Սեւանում 4 հոգու համար սկսվում է 472 հազար դրամից, որի մեջ մտնում է ամեն ինչ` 3անգամյա սնունդ, գիշերել, տրանսպորտ: Ծաղկաձորում 2 հոգու 7 օրյա հանգիստը սկսվում է 139 հազար դրամից, իսկ Դիլիջանում երկու հոգու համար 7օրյա հանգիստը 300 հազար դրամ է: Ջերմուկում 1 օրյա հանգիստը արժե 20 հազար դրամ: Իսկ «Էն Էյջ թրավել»-ի միջոցով Ծաղկաձորում մեկօրյա հանգիստը կազմակերպելը արժե 5 հազարից -5500 դրամ, Սեւանում եւ Ջերմուկում` օրական 10 հազար դրամից սկսած, Դիլիջանում` 7 հազար դրամ, Աղվերանում եւ Արզնիում` օրական 5 հազար դրամ: Սեւանում 1 անձի համար 7օրյա հանգիստը «Եվրասիա» տուրգործակալությունում արժե 65 հազար դրամ, Ծաղկաձորում` 56 հազար դրամ` մեկ անգամ սնունդով, Ջերմուկում` ավելի քան 100 հազար դրամ, Աղվերանում` 50 հազար դրամ, Դիլիջանում` 60 հազար դրամ: «Սիդոն» տուրգործակալությունից մեզ հայտնեցին, որ Արզնիում մեկ օրյա հանգիստը սկսվում է 16 հազար դրամից, Սեւանում` 25 հազար դրամից, Ծաղկաձորում` նվազագույնը 13 հազար դրամից, Ջերմուկում` 25 հազար դրամից, Լուսակերտում եւ Աղավնաձորում` 6 հազար դրամից: Ծաղկաձորում եւ Սեւանում մեկ օրյա հանգիստը «Նոյան տուր» գործակալությունում արժե 20 հազար դրամ, Դիլիջանում եւ Աղվերանում` 15 հազար դրամ, իսկ Ջերմուկում` 30 հազար դրամ:

Ի դեպ, մեկ շաբաթ առաջ էլ NEWS.am-ը ներկայացրել էր արտասահմանում այս ամռան հանգստի գները: Հուսանք, որ հանգստի մեկնել ցանկացողներին կարողացանք ինչ-որ չափով օգտակար լինել:                                            news.am

Комментариев нет:

Отправить комментарий