Չհանդուրժողականությունը, ծամել-որոճելը՝ թեկուզ անհավես, անմիտում անգամ, հավակնում է /եթե վաղուց արդեն չի կռճիկացել/ ազգային գենետիկ նկարագիր խուժել ու թեկուզ սարդաթելի հաստությամբ, բայց հազարամյակներ չխունացած հենքաթելերին…մետաստազվել:
Ի~նչ հաճույք ենք ստանում ցավ պատճառելուց, ցավացնելուց, ներվի մեջ խայթ խրելուց: Եվ ամենամեծ ցավն այն է, որ խայթերն այդ հաճախ ու հիմնականում փոխ առած են՝ ոչ սեփական, պատճենած անգամ-միայն թե կծեն ու ըմբոշխնեն ցավ պատճառելու դիվային խրախճանքը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք չարացել: Մի փոքր շրջում ես համացանցում ու, ցավոք, ամաչում այն բանի համար, որ քո ոսկեղենիկ, մեսրոպյան, սրբության սրբոց հայերենի տառերը հպատակվում ու ”թույլ են տալիս”, որ իրենցով այդօրինակ զազրելի տեքստ ու նախադասություններ սարքեն, մաղձ ու տհասություն թափեն, անդաստիարակության վավերագրեր ծեփեն…
Կապ չունի՝ ո՞վ է “թակարդ” ընկած զոհը՝ Եվրոտեսելի անկանխատեսելի չափորոշիչները չշրջանցած երգչուհի՞ն, քաղաքական՝ այլևս …թույլ լագերի զո՞հը, էկրանից հաջողակ ու հարուստ…”սուպերա՞ստղը”, օվկիանից այն կողմ կնոջից բաժանվել պատրաստվող լեգենդար մե՞կը…Միայն թե իրենք, առանց որևէ տրամաբանության ու փաստարկման, այլ կերպ գրեն՝ “համարձակ”, բոլորից տարբեր, “դզող”, “լացացնող”…Առաջին տպավորությամբ ծառս եղած զայրույթ-նողկանքդ տեղի է տալիս, երբ հանդարտվելու սեփական հորդորիդ ականջալուր, փորձում ես հասկանալ, թե որտեղից է սնուցվում, ավելի ստույգ՝ սնուցվել այդ չուզելը, չխայելը, չհանդուրժելը, ագրեսիան…Ասում են՝ պահանջարկը առաջարկ է ծնում, մենք վերջերս Արևմուտքին քսմսվելուց այնպիսի հաճույք ստացանք, որ մատաղացուն, առանց պահանջի, մենք առաջարկեցինք, դանակը չարխով մի լավ անցկացրինք, ծնկաչոք ժեստով բռան մեջ դրինք ու…խորին խոնարհում բուկը դեմ տվինք/առայժմ մատաղացուինը, հետո՝ ուզենք-չուզենք…/…
Այնքան էինք խունջիկ-մունջիկ զմայլվել, որ չհասկացանք, որ իրենց, միայն իրենց խերը հասկացողները մատաղացուի ոչխարի մորթու տակ տապ անել էին տվել մեր հազարամյակակուռ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ՝ “Մանուշն ու գառնուկ ախպերը” բայեվիկներով, Թումանյանի հեքիաթները “Որոգայթներ”-ով, ծնողամեծարությունը…իրավունքների ցունամիով, ակնարկ-դիմանկարները մորն ու կնոջը սպանած որդու ձեռքի արյունոտ դանակի գերծավալուն լուսանկարով… փոխարինելով…Զարմանո՞ւմ ենք, որ մեր իսկ ցանած մոլախոտի սերմից հացահատկի ծիլը…ուշանում է…
Комментариев нет:
Отправить комментарий