12 мая 2011 г.

Սխալմամբ վիրահատական սեղանին հայտնված մանկան առողջությանը վտանգ չի սպառնում

Ախուրյանի բնակիչ, «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում սխալմամբ վիրահատական սեղանին հայտնված 4-ամյա Նարեկ Դարբինյանի առողջությանը վտանգ չի սպառնում, նա իրեն լավ է զգում: Այս մասին մայիսի 11-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Դարբինյանի հայրը` Արկադի Դարբինյանը: Ի դեպ, բոլոր լրատվամիջոցներում երեխայի ազգանունը սխալմամբ Դանիելյանն է գրվել: Արկադի Դարբինյանը բավարար է համարում արված քայլերը. «Ով որ սխալվել է, չպիտի աշխատի եւ նա այլեւս չի աշխատում»:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է դիմել իրավապահ մարմիններին եւ դատի տալ սեփական երեխային նշտարի տակ դնելու համար, Ա. Դարբինյանը պատասխանեց. «Ո՞ւմ բողոքես, ասա բողոքեմ: Ի՞նչ իրավապահ մարմին, ի՞նչ բան, երեխուս կտրած մարմինը կբերեն հե՞տ կտան: Որ էդ մարդուն 15 տարի նստեցնեն, ինձ օգուտ կլինի՞: Պիտի փառք տանք Աստծուն, որ ամեն ինչ բարեհաջող է վերջացել: Որ տանենք էդ բժշկին դատենք, ի՞նչ կփոխվի: Ինչ երեխուս հետ է եղել, աշխարհի մեջ բացառիկ դեպք էր: Տանենք քրեական պատասխանատվության ենթարկենք, բայց ո՞րն է իմաստը»,- ասաց նա:


Երեխայի հոր խոսքով` մեղավոր բժշկի կողմից որեւէ արձագանք չի եղել, հիվանդանոցի տնօրենն է ներողություն խնդրել: Արկադին զգացված էր հատկապես Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետեւողականությունից եւ վերաբերմունքից. «Իմ համար կարեւորն այն է, որ երեխաս առողջ իմ տունը վազվզում է»: Իսկ թե ներե՞լ է նա արդյոք բժիշկներին, Արկադին ասաց. «Ես Աստված չեմ, որ ներեմ կամ չներեմ»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, մայիսի 3-ին բժիշկները 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել են վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին, մինչդեռ նա ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի ռենտգենի: Երեխայի ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը:

Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը: Այս դեպքից հետո Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում աշխատանքից ազատվել են մի քանի բժիշկներ` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ եւ Ա. Հարությունյանին որպես բուժքույր:                                                     news.am

Комментариев нет:

Отправить комментарий