13 мая 2011 г.

«Եվրատեսիլի» արդյունքների բողոքարկման շուրջ խոսակցություններին պատասխան կտրվի առաջիկա ասուլիսում

«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Հայաստանը ներկայացնող Էմմիի` եզրափակիչ փուլ չանցած «Boom-boom» երգը համարվում էր ակնհայտ առաջատար եւ լուրջ մրցակից բոլոր մասնակիցների համար:

«Այդ էին վկայում արտասահմանյան մամուլի ամենօրյա անդրադարձները, Գերմանիան ներկայացնող Լենայի առանձնահատուկ համակրանքն ու ուշադրությունը մեր երգի նկատմամբ, ինչպես նաեւ այն, որ ակումբներում առավելապես հնչում էր հենց այս երգը», - ասված է Գոհար Գասպարյանի հայտարարությունում:

Գ. Գասպարյանը նկատել է նաեւ, որ եզրափակիչ փուլ չի անցել նաեւ Նորվեգիան ներկայացնող երգիչը, ով «նույնպես համարվում էր առաջատար եւ ակնհայտորեն լավ հանդես եկավ»: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղեկացմամբ` Հանրային հեռուստաընկերության եւ Էմմիի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով:

«Իսկ մնացած հարցերի պատասխանները կտրվեն մամլո ասուլիսի ժամանակ մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Էմմիի մենեջերը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Էմմին եւ եւս 4 երկրների ներկայացուցիչներ բողոքարկել են «Եվրատեսիլ2011»-ի կիսաեզրափակչի արդյունքները` նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել:

Իսկ արդեն այսօր Էմմիի մայրը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ ոչ Էմմին, ոչ էլ Հանրային հեռուստատեսությունը չեն բողոքարկել մրցույթի արդյունքները: «Սիրելինե՛րս, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են առ այսօր, ովքեր հավատացել եւ հավատում են Էմմիին։ Ուզում եմ ասել, որ Էմմին չի բողոքարկել, որովհետեւ «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հանրային հեռուստատեսությունն է, միայն «Հ1»-ը կկարողանա ինչ-որ գործողություն անել, որը նույնպես չի բողոքարկել: Մանրամասները` մամլո ասուլիսի ժամանակ, երբ կվերադառնան»,- գրել է Նադեժդա Սարգսյանը:

Նշենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին:                                      news.am

Комментариев нет:

Отправить комментарий