3 мар. 2011 г.

Սկսվել է ներմուծված ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով վարկերի տրամադրումը

Ֆինանսների նախարարությունն արդեն սկսել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել բյուջետային անտոկոս վարկեր` ներմուծված մարդատար մեքենաների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այսօր` մարտի 3-ին վարկային պայմանագիր կնքելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն է դիմել մոտ 47 քաղաքացի, որից 21 քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր: Նախարարություն դիմած մոտ 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվառումից եւ ներմուծեն Հայաստան` ազատ շրջանառության ռեժիմով, իսկ 6 քաղաքացիներ չէին ներկայացրել մաքսային տեղեկանքը:

Նշենք, որ քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տեւողությունը 30 րոպե է:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005-ից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչեւ 10 տեղանոց մարդատար տրանսպորտային միջոց(ներ) ՀՀ տարածք ներմուծած ֆիզիկական անձինք:

Նշենք նաեւ, որ Երեւան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչեւ 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները` համապատասխան մարզպետարան: Քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` տեղեկանք այդ մասին) պատճենը եւ

ա) 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի եւ իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները,

բ) տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երեւան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:

Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող եւ նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երեւան քաղաքի բնակիչը` մաքսատուն:

Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:

Երեւանի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:
                                                                                                                         News.am

Комментариев нет:

Отправить комментарий