3 мар. 2011 г.

Պարզաբանում. ինչո՞ւ են դպրոցներում երեխաներից պահանջում նրանց ծննդականներն ու ծնողների անձնագրերը

Նախակրթարաններում եւ դպրոցներում երեխաներից ծննդականներ, ծնողների անձնագրեր պահանջելու գորընթացի վերաբերյալ պարզաբանում են ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունն ու Ոստիկանությունը:

Ըստ այդմ, նշվում է, որ այդ գործընթացի նպատակը բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է։

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացի կազմակերպման նպատակով մինչեւ 16 տարեկան երեխաների հաշվառման համար անչափահասի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը պետք է դիմի իրենց հաշվառման վայրը սպասարկող ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային ծառայություն` ներկայացնելով երեխայի ծննդյան վկայականը եւ ծնողի անձնագիրը, եւ հաջորդ իսկ աշխատանքային օրվանից ցանկացած պահի կարող է ստանալ տեղեկանք` հաշվառված լինելու վերաբերյալ:


Եթե մինչեւ 16 տարեկան երեխան արդեն իսկ հաշվառված է պետռեգիստրում, հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կարող է դիմել երեխայի հաշվառման վայրը սպասարկող անձնագրային ծառայություն եւ տեղեկանքը ստանալ դիմելու հաջորդ աշխատանքային օրվանից:

Իսկ եթե մինչեւ 16 տարեկան երեխան չունի ծննդյան վկայական, ծնողը պետք է օրենքով սահմանված կարգով դիմի ծննդյան վկայական ստանալու եւ հետո միայն` հաշվառվելու համար:

Այսպիսով, մի շարք այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Գործընթացը շարունակվելու է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ եւ իրականացվելու է անվճար:

Նշենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին։

Հատկանշական է, որ դպրոցներում երեխաներից պահանջում են նաեւ անշարժ գույքի սեփականությունը հաստատող վկայականներ, թեեւ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զոյա Բարսեղյանը NEWS.am-ին հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չկա:
                                                                                                                      News.am

Комментариев нет:

Отправить комментарий