21 февр. 2011 г.

Ինչո՞ւ է հայկական կարտոֆիլն ավելի թանկ, քան՝ եվրոպականը

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բանջարեղենը ավելի թանկ է, քան նույնիսկ Եվրոպայում։ Առանց Եվրոպա գնալու էլ դրա վկայությունը կարելի է գտնել՝ հայկական արտադրության սխտորը, լոլիկը կամ վարունգը ավելի թանկ են, քան թուրքականը, սիրիականն ու չինականը։ Գյուղմթերքի ցանկացած վաճառողուհի, երբ բարձր գին է նշում, անպայման դրան հավելում է՝ սա տեղականն է։

Հատկապես շատ է չարչրկվում կարտոֆիլի հանգամանքը։ Կարտոֆիլը եվրոպական սուպերմարկետներում կարելիէ ձեռք բերել կգ-ը 60 սենթով կամ մոտ 220 դրամով, այնինչ Երեվանում այն վաղուց հատել է 300-ի սահմանը։

Նույնիսկ այն տարիներին, երբ մենք ունեցել ենք կարտոֆիլի բարձր բերք՝ ավելի թանկ ենք իրացրել, քան բազմաթիվ եվրոպական մայրաքաղաքներում։ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նույնիսկ այս առիթով կատակում է՝ աշխարհի ամենաթանկ կարտոֆիլ արտադրող հայ գյուղացին ամենաաղքատներից է։

Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հայաստանում արտադրվում են հիմնականում կարտոֆիլի տեղական սորտեր, որոնք աչքի չեն ընկնում բարձր բերքատվությամբ, սակայն համային ու որակական հատկանիշներով գերազանցում են եվրոպական սորտերին։ Հայաստանում 1 հա-ից կարտոֆիլի բերքատվությունը գտնվում է 180 ցենտների սահմաններում, այնինչ եվրոպական սորտերը մինչեւ 500 ցենտներ բերք են տալիս։

Եվրոպայում ամենահայտնի սորտերն են գերմանական «Գրանոլան» ու «Դիամոնթը», ինչպես նաեւ հոլանդական՝ «Օռլան», «Բանբան» ու «Բուրենը»։ Այս սորտերը մեծ տարածում են գտել ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում։ Նույնիսկ հարավ Արեւելյան Ասիայի խիտ բնակչություն ունեցող երկրները (Բանգլադեշ կամ Հնդկաստան) այս սորտերի կիրառման շնորհիվ հասել են կարտոֆիլի ինքնաբավության, ժամանակ առ ժամանակ նույնիսկ արտահանումներ են կազմակերպում։

Հայաստանում եւս փորձեր եղել են փոխել կարտոֆիլի սորտերը: Այդպիսի փորձ արել է «Մուլտի Ագրո» ընկերությունը՝ իր դաշտերում ցանելով «Գրանոլա» սորտը։ Արդյունքները գերազանց էին, առաջարկվող գինը՝ կրկնակի էժան հայկական սորտերի համեմատ։ Սակայն պահանջարկը նման կարտոֆիլների նկատմամբ շուկայում մեծ չէ՝ հայ ազգաբնակչությունը նախընտրում է ավելի թանկ, սակայն ավելի սննդարար տեղական սորտերը։

Նշենք նաեւ, որ հայ գյուղացիները շատ ավելի նվազ չափով են թունաքիմիկատներ ու պարարտանյութեր օգտագործում, քան Եվրոպայում, ինչը հայկական մթերքը էկոլոգիապես ավելի անվնաս է դարձնում։ Բարձրադիր շրջաններում, որտեղ հիմնականում աճեցվում է կարտոֆիլը, հողի ու ջրի աղտոտվածության մակարդակն այնքան էլ բարձր չէ։

Այսպիսով՝ հայկական կարտոֆիլը թանկ է եվրոպականի համեմատ պարզապես այն պատճառով, որ ավելի լավն է։ Գուցե նաեւ հայ սպառողի շահերից է բխում, որ հայ գյուղացին չի գնում սորտերի փոխման։                                                             
                                                                                                              Սամվել Ավագյան
                                                                                                                 NEWS.AM

Комментариев нет:

Отправить комментарий