20 февр. 2011 г.

Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի հետ քննարկել է գնաճի խնդիրը

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ: Այս մասին ասված է ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում: Հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գների միտումները և ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա: 

Կարևորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային քաղաքականության դերն ու հնարավոր ազդեցությունները: Դիտարկվել են նաև աշխարհում դրամավարկային քաղաքականության ժամանակակից մարտահրավերները, քաղաքականությունների հնարավոր ճշգրտման ուղղությունները և այս զարգացումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Կենտրոնական բանկը մտահոգված է գնաճային սպասումների ավելացմամբ, ինչը հունվարի վերջին հանգեցրել է 12-ամսյա գնաճի երկնիշ ցուցանիշի ձևավորման: Փետրվարի 8-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.25%-ից բարձրացրել է մինչև 7.75%` փորձելով զսպել փողի առաջարկի գործոնով պայմանավորված գնաճը: ԿԲ-ի կանխատեսմամբ` առաջիկա ամիսներին հնարավոր է գնաճի կանխատեսված արժեքներից շեղում` աճի ուղղությամբ, քանի որ գյուղատնտեսության ճյուղի հետագա միտումները դեռևս անորոշ են, իսկ տարեսկզբից պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվել են էական գնաճային ճնշումները, ինչը ևս ներքին տնտեսությունում ուժգնացնում է 2010-ից փոխանցված գնաճային ճնշումները:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. հունվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.2 տոկոսային կետով` կազմելով 10.6%:
2009թ. գնաճը կազմել է 6.5%, 2010թ.` 9.4%, իսկ 2011 թ. պետական բյուջեով կանխատեսվում է 4±1.5% գնաճ:
                                                                                                                       TERT.AM

Комментариев нет:

Отправить комментарий