3 апр. 2013 г.

Տաթև-Գորիս տրանզիտ-2

Գևորգն ու Լուսինեն մամուլի ակումբում
Լուսինե Պողոսյան
սկիզբը այստեղ՝ Տաթև-Գորիս տրանզիտ

...Աչքերիս չէի հավատում..

Որքա~ն ծանոթ փողոց, որքա~ն ծանոթ շենք: Որտե՞ղ էի տեսել սա... Գլուխս բարձրացրեցի և տեսա Գորիսի "Մամուլի ակումբ" գրառումը, բայց այն ինձ ԴԱ չհիշեցրեց: Ուրեմն ... Ա~խ, այս դուռը ..

Ինչե~ր ասես, որ չի տեսել այս սպիտակ դուռը...

Քանի~ անգամ ոտքով բացվել, դեպի փողոց է գնացել այս հին դուռը, սպիտակ դուռը:

*** 
Գևորգն արդեն "շշմած" հայացքով էր ինձ նայում: Վերջապես սթափվեցի և բացեցի "անծանոթ" դուռը: Պարզվեց, որ ԳՄԱ-ում ուշացած ճամփորդների համար էլ տեղ կա :
Ապշած էի, բայց որպեսզի "Գիքորը քաղաքում" իրավիճակում չհայտնվեի, ստիպված ուշքի եկա :

Սկսվեց լրագրողական իրարանցումը, որը քչից-շատից հարազատ էր ինձ: "Խխունջներից" անցանք Քարահունջ և 2-րդ միջնակարգ, հետո հետ եկանք մեր տուն ու հիշեցինք, թե ինչի համար ենք հավաքվել...

Գնացինք, ինչպես ասում են , "ներքին կուխնիա" և որպեսզի այն չդառնա "արտաքին", չեմ բացի փակագծերը:

Խոսեցինք, խոսեցինք ու վերջապես, "ամառ" բառը լսելուց հետո, "բախտի բերմամբ, թե պատահմամբ" հիշեցի նախկին "Տաթև-Գորիս" տրանզիտը:

*** 
Պատմե՞մ:

Ուրեմն ... Առավոտ էր, ընդ որում`ամառային: Տաթև գյուղի լուսապայծառ առավոտներից մեկը:

Արևի շողերը ոչ միայն ընկել էին Արամազդի չհալած ձյան, այլև իմ "զոռով" փակված աչքերի վրա:

"Զոռով" փակված աչքերս "զոռով" բացեցի և տեսա մի սպիտակ թուղթ: Հետաքրքիր էր: Վեր կացա: Ու "լուսնոտի" նման քայլելով մոտեցա... չէ, չմոտեցա, ուղղակի մտա պատի մեջ: Այդ պահին հիշեցի Րաֆֆու այս տողերը. "Ամեն առավոտ, երբ ծագում էր տվնջյան լուսատուն, նրա առաջին ճառագայթները ողջունում էին շինական աղջիկների աշխատանքը":

Մեկ էլ` տատիկիս ասածը. " Բալա ջան, տատին ղուրբան լինի քեզ, օդերավ մի քայլի, վեր եր ընգես, ովա՞ պահիլո՞ւ":

Հա', էն տեղում էինք, որ թուղթ տեսա, չէ՞:

Դե', վերջապես հասկացա` ինչ էր դա: Գրված էր."Facebook"-ում քնելը չի օգնի, որ ժամը 9-ին արթնանաս":

Հենց այսպիսի "No comment" վիճակով էլ ավարտեցի տնային գործերի թեզս ու "լավ է" գնահատականը ստանալով` ուղևորվեցի Գորիս. էլի' բախտի բերմամբ , էլի' Գորիս...

Ժամանակս էլի թանկ էր, բայց այս անգամ այն ավելի շատ նման էր Տաթևի սողանքներին` շա~տ էր...


*** 
Գնում էի պապայիս "Տուռբո ջիպով", որն իր հետ տանում էր գյուղի փոշին, բայց` մաքուր սրտերը...

Էլ չասեմ, թե 20 շրջադարձ կատարելուց և ճոպանուղու հետ "մրցելուց" հետո, ինչ վիճակում էր գլուխս: Ոչ էլ կասեմ, որ մի զբոսաշրջիկ ոչխարի հետ էր նկարվում, մեկն էլ "շալվարն" էր պոկում մոշի թփերից, իսկ, ա'յ, էն մյուսը, իր ընկերներից հետ չընկնելու համար, ԻՄ ծառի ճյուղի, չէ', էն մյուս ճյուղի վրա, կանաչ թաշկինակ էր կապում: Ա'յ, այսպես ... մի ձեռքով բռնել էր ինչ-որ շիշ, ոտքը դրել էր ծառիՍ վրա, մյուս ձեռքով ճյուղն էր իջեցրել, բերանով էլ ... էլ չտեսա ինչ եղավ...

Ականջակալներս "դրեցի", ու ուղեղս, կարճ ասած, անջատվեց:

*** 

Գորիսում էինք: Պապաս ինձ ու մամայիս "ուղարկեց" "դուրս", ես էլ մամայիս "ուղարկեցի" վարսավիրանոց: Գնացի պապիկիս ասած "ինտեռնիտի" փողը մուծելու, ու թեև պապիկս արդեն չկա , բայց ՆՐԱ գերարագ "ինտեռնիտը" ինձ համար ինֆորմացիա է գտնում: Գնում էի...

Գնում էի , գնում էի ... հետո էլի գնացի, շուռ եկա ու տեսա ծանոթ "փեթակը" :

Անցա ...Բայց` մի վայրկյան ... Կամաց-կամաց անցնում էի մայթով ու տեսա 2 աղջկա: Մեկը կողպեք էի գցում, մյուսն էլ ինձ էր նայում: Աղջիկներ էին էլի...

Աշխարհում էնքա~ն աղջիկ ա, միայն Չինաստանում են "սահմանափակ" քանակով, դե', աշխարհ ասելով , մենք` հայերս, հասկանում ենք Հայաստանը : Ա~, էլի "թռա" թեմայից...

Հիշում եմ, շատ լավ եմ հիշում 45 թիվն էր , մտանք Բեռ... Հիշում եմ, որ էն աղջիկը մյուսին ասաց, որ կողպեքը լավ չի աշխատում, էն մյուսն էլ ասաց . "Հետո կփոխենք":

Նրանք գնացին, իսկ ես, ինչպես խանութ մտած պարսիկ, վազեցի խմիչքների` կողպեքի մոտ :

Այսպես պատահաբար տեսա "Գորիսի Մամուլի ակումբ" պաստառն ու մտածեցի.

"Կգա՞ մի օր, որ ես այստեղ աշխատեմ":

Բայց հիշելով, որ ես լրագրող չեմ ` մտա "փեթակ":

Հը~մմ ... Սա էր տրանզիտը, որը դեռ շարունակվում է: Չնայած ես հիմա ո'չ ավտոբուսում եմ , ո'չ էլ` ավտոմեքենայում, բայց շարժվում եմ ...Երկրագնդի նկատմամբ:

*** 
... Երեկո է, ավելի ճիշտ` գիշեր: Տաթև գյուղի անդորրը միայն ստեղնաշարի ստեղների ձայնն է խանգարում, իսկ իմ 100 դրամանոց գրիչը դեռ խզմզվում է տարբեր թղթերի վրա: Գրիչս կվերջանա, բայց գրիչիս թանաքը դեռ հետքեր կթողնի սպիտակ թղթերիս վրա:

Այն վերջացավ, այդ պատճառով ես չեմ կարող ավարտել իմ վերջին նախադասությունը ...

Комментариев нет:

Отправить комментарий