5 окт. 2012 г.

«Երեխան կայծ է, ում փչելով պիտի կրակ դարձնենք»

Անահիտ Բաղդասարյան
«Ուսուցիչն ազգային բանակի առաջին զինվորներից է: Եվ այդ զինվորն իրավունք չունի թիկունք դարձնելու կամ գլուխ պահելու: Նա միշտ ճակատում պիտի լինի»,- այսպես է բնութագրում ուսուցիչներին Գորիսի Ակ. Բակունցի անվ. թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի Սալոնիկ Ջհանգիրյանը:

Մանկավարժների ընտանիքում մեծացած Ս. Ջհանգիրյանը մանկուց իրավաբան դառնալու մասին է երազել, սակայն ծնողների որոշմամբ նա նույնպես ընտրել է մանկավարժությունը: Ժառանգաբար փոխանցված այս մասնագիտությունը նրան կապում է դպրոցին՝ սկսած 1969թ.-ից:
«Բնավ դժգոհ չեմ, որ մանկավարժ դարձա: Ամենակարևորը՝ շատ եմ սիրել ու շարունակում եմ սիրել երեխաներին: Մանկավարժին դպրոցում պահող ուժը երեխաների նկատմամբ ունեցած սերն է»,- նշում է ուսուցչուհին:
Վաստակավոր ուսուցչուհու համար կա երկու մասնագիտություն, որի միջակություն չեն ընդունում. Բժիշկը, որը մարդուն ֆիզիկապես կսպանի և մանկավարժը, որը կկործանի միտքն ու հոգին. «Շենքը վերակառուցել հնարավոր է, բայց եթե երեխան, ցավում եմ արտահայտոըթյանս համար, խոտանված գնում է, նորից ետ բերելն անհնար է»:

Ս. Ջհանգիրյանը կրտսեր դպրոցում է աշխատում, քանի որ երեխաների այդ տարիքային շրջանը առանձնահատուկ է իր գույներով. «Կրտսեր դասարանի երեխաներն «անգրել գրատախտակներ» չեն, ինչպես շատերն են մտածում: Նրանք ունեն յուրովի մտածելակերպ, նրանց պետք է կարողանալ լսել, հասկանալ, հետո միայն ուղորդել: Երեխան կայծ է, ում փչելով պիտի կրակ դարձնենք: Եվ այդ կրակը հետո պիտի ջերմացնի մեզ, իր ծնողներին, հայրենիքին»:

Ուսուցչուհու վկայությամբ՝ աշակերտները առավոտյան 15 րոպե շուտ են հավաքվում և դասը սկսում օրվա նկարագրությամբ: «Դա հնարավորություն է տալիս երեխային ազատ խոսելու, մտածելու, տրամաբանելու: Դասարանում ոչ մի աշակերտ իր մշտական տեղը չունի, բացառությամբ այն երեխաների, որոնք տեսողության խնդիր ունեն: Առավոտյան աշակերտը նստում է այն նստարանին, որն ազատ է: Նպատակը՝ երեխաների մեջ հանդուրժողականություն սերմանելն է: Մերժված երեխա չկա դասարանում: Նրանք բոլորը հավասար են, իրար հարգում, ընդունում և լսում են: Գուցե հենց այս ամենի արդյունքում է, որ երեխաները հաճույքով են գալիս դասի, երբեք չեն ուշանում, կոնֆլիկտներ չեն լինում»,-սիրով պատմում է ուսուցչուհին:

«Եթե կրտսեր դպրոցում երեխաներն իսկապես յուրացնեն վարքի տարրական կանոնները, ապա դրանք արմատավորվում են որպես բնավորության գիծ: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ միշտ հանդիպել եմ հրաշալի աշակերտների և ծնողների: Եթե երեխան մտավոր խնդիր չունի, ապա նա կարող է ծրագրային նյութն առավելագույնս յուրացնել: Իսկ եթե ոչ, ուրեմն մեղավորը ես եմ, որ առավել մատչելի չեմ բացատրել, և ծնողը, որ զուգահեռ չի աշխատել»,- ասում է Ս. Ջհանգիրյանը:

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ: Պարգևատրվածների թվում կար 7 մանկավարժ, որոնցից մեկը հենց Գորիսի Ակ. Բակունցի անվ. թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի Սալոնիկ Ջհանգիրյանն էր: Մանկավարժը ստացավ Մովսես Խորենացու անվան մեդալ: «Ոչինչ չի փոխվել… պարզապես ավելի պարտավորեցնող է այն, որ քո համեստ աշխատանքը կարող են այդքան արժևորել»:

Ուսուցչի օրվա կապակցությամբ Ս. Ջհանգիրյանը բոլոր մանկավարժներին մաղթում է լինել առողջ և էլ ավելի նվիրվել դպրոցին:                                                    hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий