26 сент. 2012 г.

Սյունեցի աշակերտները ռոբոտներ ստեղծելու դասընթացներ կանցնեն

Առաջին անգամ սյունեցի դպրոցականների համար կկազմակերպվեն ռոբոտատեխնիկայի դասընթացներ, որոնց ընթացքում նրանք կսովորեն ծրագրավորում, կծանոթանան տեխնիկայի հիմնական հասկացություններին ու համակարգչային տեխնոլոգիաներին, կիրականցնեն փորձեր, կտեղծեն մոդելներ եւ այլն: Այն հնարավորություն կտա աշակերտներին խաղերի միջոցով իրենց գիտելիքները խորացնել ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, ծրագրավորում եւ կենսաբանություն առարկաներից: Իրականցվող ծրագիրը «Վորլդ Վիժն»-ի «Շահագրգիռ կողմերը հանուն երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի բաղադրիչ մասն է, որի համար անհրաժեշտ թանկարժեք սարքավարումները ձեռք են բերվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
«Դասընթացների ընթացքում ռոբոտները կպատրաստվեն լեգո հիմքի վրա, ինչը աշակերտներին հնարավորություն կտա կյանքի կոչել իրենց բոլոր մտահղացումները եւ ստեղծել ռոբոտների տասնյակ հազարավոր տարբերակներ», - «Արմենպրես»-ի թղթակցին ասաց «Վորլդ Վիժնի» երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, մոնիտորինգի գնահատման փորձագետ Արտակ Սաղաթելյանը: Ըստ նրա` ծարգիրն իրականացվում է Սյունիքի եւ Արագածոտնի մարզերի չորս քաղաքներում` Կապանում, Սիսիանում, Թալինում ու Ապարանում: Դասընթացներին կարող են մասնակցել 7-9-րդ դասարանների աշակերտները: Առկա ռոբոտների քանակը կբավականացնի տարեկան ունենալու 10 խումբ: Յուրաքանչյուր խմբի գործունեության ժամկետը 3-4 ամիս է: Կապանում դասընթացները կանցկացվեն թիվ 1 հիմնական դպրոցում, որին կարող են մասնակցել ոչ միայն քաղաքային այլեւ գյուղական դպրոցների աշակերտները: Դասընթացները աշակերտների համար կանցկացվեն անվճար: Ծրագրի պատասխանատուների ու դպրոցականների հետ սեպտեմբերի 25-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին մի քանի ռոբոտներ, սխեմաների օգնությամբ բացատրվեց դրանց աշխատանքը, ցուցադրվեց տեսանյութ:                                                                            www.armedu.am

Комментариев нет:

Отправить комментарий