12 сент. 2012 г.

100000 մարդ է վայելել «ՏաԹևեր» ճոպանուղին

Երկու տարի առաջ, երբ «ՏաԹևերի» ճոպաններն արդեն ձգված էին, քչերն էին պատկերացնում, թե որքան մեծ կլինի դրա ազդեցությունը հարակից համայնքների զարգացման վրա:

Բավական է միայն նշել, որ ճոպանուղու կառուցմամբ այս զբոսաշրջային գոտի այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Հուլիսի 21-ին գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը: Երջանիկ 100000-րդը Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54 տարեկան է, այժմ տնային տնտեսուհի է: Ամուսնացած է, ունի երկու տղա: Ապրում է ամուսնու, ավագ որդու, հարսի ու երկու թոռնուհիների` 1 տարեկան երկվորյակ Անահիտի ու Աստղիկի հետ: Ընտանիքի անդամները չեն աշխատում, զբաղվում են հողագործությամբ:

«Մենք մեծ սիրով ու խնամքով տիկին Անահիտի համար ընտրել ենք մի փոքրիկ անակնկալ, որն էլ կհանձնենք նրան սեպտեմբերի 14-ին՝ հանդիսավոր արարողության ընթացքում»,- այս մասին տեղեկացրեց «Տաթև» հիմնադրամի Մարքեթինգի բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:Նման աննախադեպ ակտիվությունը Տաթևի զբոսաշրջային գոտում զարկ է տվել տեղական ձեռներեցությանը: Ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր: Այն «Տաթև» հիմնադրամի սոցիալական, ոչ կոմերցիոն, երկարաժամկետ ներդրումային ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է խթանել տարածաշրջանի շարունակական զարգացումը, նպաստել կայուն տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այն, որ ճոպանուղու աշխատակազմը համալրված է հիմնականում հարակից շահառու համայնքների և Գորիս քաղաքի բնակիչներով, նոր աշխատատեղեր են ստեղծվում նաև տեղի մանր և միջին ձեռնարկություններում: Տեղաբնակները նոր հյուրանոցներ և հյուրատներ են կառուցում՝ օրեցօր ավելացող այցելուների պահանջները բավարարելու համար: Միայն 2012թ.-ի ընթացքում Գորիսում և ճոպանողու հարակից տարածքներում բացվել է մոտ 12 հյուրանոց և հյուրատուն: Ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտներում նկատվող մրցակցությունը նպաստել է սպասարկման որակի բարելավմանն ու բիզնեսի խթանմանը:
***
«Տաթև» հիմնադրամի գործունեության նպատակն է ստեղծել կայուն զարգացման մոդել, որն ամեն տարվա հետ ավելի մեծ ազդեցություն է գործելու հարակից շահառու համայնքների զարգացման վրա, լուրջ ազդակ է դառնալու Հայաստանի հարավի տնտեսական, ինչպես նաև զբոսաշրջային, գիտական ու մշակութային կյանքն աշխուժացնելու համար, և կարող է կիրառվել Հայաստանի բոլոր շրջաններում: Ծրագրի հիմքում ընկած ֆինանսական պլանավորման միջոցով հնարավոր է կապիտալ ներդրումներն այնպես ուղղորդել, որ ապահովվի ծրագրի կայունությունը և ինքնաֆինանսավորումը:

                                                                                                                     HayNews.am

Комментариев нет:

Отправить комментарий