Մարիամ Մաթևոսյան
Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, մենք պարեբար կներկայացնենք “Թափանցիկ հանրային ծառայություն” ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքներ կատարած մեր այցերի մասին:
Եթե Գորիսի համայնքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմանական միջոցը գազը կամ փայտն է, ապա Սիսիանի համայնքներում՝ “առաջատար դիրքերում” է աթարը, կամ ինչպես իրենք են ասում՝ քարման: Սիսիանի բոլոր գյուղերում էլ այս վառելիքը առաջատար է: Գյուղում շրջելիս՝ շատերի տների մոտ կտեսնես խնամքով կիտված աթարի կույտերը:
Շաքիի բնակիչ Մանվել Հովակիմյանը ևս իր տունը աթարով է տաքացնում. “Գազը թանկ հաճույք է: Ճիշտ է աթարը “կեղտոտ” վառելիք է՝ ծուխը մի կողմից, հոտը՝ մի, բայց ի՞նչ անենք, ո՞նց տաքանանք ձմռանը”: Տարածքը, որտեղ Մանվել պապը գոմաղբից աթար է ստանում, փոքրիկ տնտեսության է վերածվել:
Մեր խնդրանքով Մանվել պապը պատմեց աթար ստանալու ողջ գործընթացի մասին. “Նոյեմբեր ամսից աթարը լցնում ենք գետնին, մայիսին նոր կտրում ենք ու մինչ ուշ աշուն թողնում, որ չորանա: Աթարին վնասում են գարնանային անձրևները, եթե աշունն էլ անձրևային է լինում, աթարը թաց է մնում ու այն դժվարությամբ է վառվում. կարգին տաքություն չի տալիս”:
“Աթարը պիտի չոր լինի, որ լավ տաքացնի, մեր մոտ 7 ամիս ձմեռ է՝ հոկտեմբերից-ապրիլ,- ասում է Մանվել պապը: -Լեռնային գոտի է, անտառ չունենք, փայտի համար էլ՝ գումար չունենք: Կապանից են փայտ բերում, բայց շատ թանկ գներով՝ 1 խոր. մ՝ 20 000 դրամ են վաճառում, դե արի ու մեր ստացած չնչին թոշակով փայտ գնի“:
Ջրույցը ծավալվել էր հենց աթարի կույտերի մոտ: Ոչ մի տհաճ հոտ չկար, ամեն ինչ կոկիկ էր. մի տեղ աթարը բուրգի էր վերածվել, մի տեղ՝ սեղանի, մի տեղ էլ՝ չզարմանաք՝ բազկաթոռի, որի վրա նստել էր Մանվելի թոռը, ով ուշադիր լսում էր մեր զրույցը:
Ինչպես պարզեցինք, աթար ստանում են ոչ միայն կովի թրիքից, այլև՝ ոչխարի, որը ավելի լավ հումք է. ”Ոչխարի աթարը ավելի լավ է, քանի որ ոչխարը անընդհատ գոմում ոտքի տակ տրորում է, էլ երկար չես չարչարվում, իսկ կովերիրն ամեն օր հանում են, թրիքը մնում է թույլ ”,-ասում է Մանվելի համագյուղացի Ռաֆիկ պապը:
Հ. Գ. Գազ, լույս,փայտ...այս շարքը արժանիորեն կարող է շարունակել աթարը:
Սրա որակի համար չկան պատասխանատուներ, չկան գնային տատանումներ, հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը, վստահ եմ, երբևէ չի խոսել ու չի խոսի սրա մասին…
Մենք՝ քաղաքացիներս, մի անգամ գյուղ գնալ-գալուց հետո մեզ «քիմմաքրման» ենք ենթարկվում՝ թրիքի ու գյուղական այլ արգասիքներին հոտերից ազատելու համար…իսկ այդ նույն թրիքը գյուղացու համար տաքանալու միջոց է: Որքան շատ գոմաղբ, այնքան ջերմ ու տաքուկ ձմեռ:
Комментариев нет:
Отправить комментарий