1 июл. 2012 г.

"Կարծես բնակչությունը մի ազգ է, պետությունն` այլ"

Անահիտ Բաղդասարյան
Հունիսի 29-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ հանրային քննարկում: Թեման, հիմնականում, հանքարդյունաբերության հնարավոր բացասական ազդեցություններն էին: Այդ հարցը հուզում էր նաև Կապանի բնակիչներին, քանի որ

«Դինո գոլդ մայնինգ Քոմփընի» ՓԲԸ-ի կողմից շահագործվում է Կապանի հանքավայրը` պղնձի, ցինկի, արծաթի և ոսկու պաշարներով: Ներկա պահին հանքավայրը մշակվում է ստորգետնյա մեթոդով, սակայն ընկերությունը ուսումնասիրում է դրա բաց շահագործման հնարավորությունը:

Ներկա գտնվողներից յուրաքանչյուրը իր կարծիքն արտահայտեց հանքի բաց շահագործման և դրա ենթադրելիք ազդեցությունների մասին և նույնիսկ լուծումներ առաջարկեց:
«Նման ոճով հանաքաարդյունաբերությունն անթույլատրելի է: Պետք է հասարակական վերահսկողություն լինի: Չպետք է հույսներս դնենք պետության կամ անհատի վրա: Եկամուտների ոչ հավասարաչափ բախշում, բնապահպանական խնդիրների առկայություն և ոչ վերահսկողություն… այսքանը բավական է, որպեսզի մենք բացառենք հանաքաարդյունաբերության նման զարգացումը Հայաստանում,-ասում է Արմեն Փարսադանյանը և առաջարկում մի քանի լուծում.

Առաջին քայլը, որ պետք է անենք, հասարակության իրազեկումն է: Հասարակությանը տեղեկացնենք հանքաարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Քաղաքացիների կողմից վերահսկողություն պետք է լինի հանքաարդյունաբերության ոլորտում:

Հասարակական կառույցները այնպես ազդեն Ազգային ժողովի վրա, որ ընդունված որոշումները ինքնանպատակ չլինեն կամ էլ բխեն ոչ միայն բիզնես շահերից, այլև`հասարակության»:

«Ես վստահ եմ, որ այս խնդիրը կլուծվի, եթե հանքը լինի միայն “պետական”, այսինքն շահագործվի միայն պետության կողմից,- առաջարկեց Խորեն Հարությունյանը:- Այսօրվա գործարարի հոգեբանությունն այսպիսին է`քիչ փող ծախսի, բայց շատ եկամուտ ստանա, և քանի որ մեր պետությունն էլ այնպիսինն է, որտեղ անցնում է մաղարիչն ու կաշառքը, հանքաարդյունաբերությունն էլ կզարգանա: Մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ, թե չէ հասարակության մասնակցությունն ու կարծիքը ոչ մի տեղ չի անցնում»:

«Ազգային անվտանգության խնդիր էլ կառաջանա… եթե մենք ընդերքն ամբողջովին շահագործենք, ի՞նչ են ունենալու մեր սերունդները…

Պետք է պետական ռազմավարություն մշակվի; Հանքաարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների առջև խնդիր դրվի տվյալ տարածաշրջանի տնտեսական այլընտրանքային ճյուղերը զարգացնելու համար»,- շարունակեց Արմեն Փարսադանյանը:

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ Զանգիլանի թալանը տեղափոխվել ա Կապան: Կարծես բնակչությունը մի ազգ ա, ղեկավարությունն էլ` այլ, ու վերջինս փորձում ա այստեղից ինչքան հնարավոր է շատ եկամուտ պոկի»,- արտահայտվեց Խորեն Հարությունյանը:

Ներկաներին հուզում էր նաև կապանցիների առողջական վիճակը: Օրեցօր ավելանում է ուռուցքով հիվանդների և անոմալիաներով ծնվող երեխաների թիվը:

«Եթե այս պահին Ողջի գետից ջուր տանենք ստուգման, կտեսնենք, որ ռադիացիայի մակարդակը 2-3 անգամ նորմայից բարձր է»,- ասաց Դավիթ Ալեքսանյանը:

«Դե մենք կեղտոտ օդը շնչենք, թունավոր սնունդ ուտենք, հիվանդություններ ձեռք բերենք, բայց տեղացին հանքում աշխատելիս ստանա ընդամենը 100000-120000 դրամ, իսկ դրսից եկածը` 3000 դոլար»,- բողոքում էր Արևիկ Սիմոնյանը:

«Որոշակի փոխհատուցում չկա տուժողներին… գոնե անվճար բուժում ստանան հիվանդները, երեխաներին` ճամբարներ, իսկ հիվանդներին առողջարաններ ուղարկեն…,- ասաց Քրիստինեն,- Առաջակում եմ նաև ստորագրահավաք կազմակերպենք, դիմենք համապատասխան մարմիններին Կապանում ուռուցքաբանական կենտրոն բացեն: Մեզ համար նաև խնդիր է հիվանդներին Կապանից մայրաքաղաք տեղափոխելը»:

Փաստորեն կապանցիների մոտեցումներն իրատեսական էին… նրանք հասկանում են, որ չեն կարող դադարեցնել հանքաարդյունաբերության զարգացումը, ուղղակի պահանջում են մի քիչ ուշադրություն ու հոգատար վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ:

Քննարկումներն իրականացրել են «Գորիսի մամուլի ակումբը» և «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ները` «Համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության միջոց» ծրագրի շրջանակներում:



Комментариев нет:

Отправить комментарий