13 февр. 2012 г.

Ժամանակն է արդիական՝ վիրտուալ հնարավորությունների ներգրավմամբ նաև, հանրության իրազեկման մեխանիզմների վերանայման

 “Հանրային ծառայություններ” և “հանրային” բառով դարձվածք-արտահայտություններն այնքան են շրջանառվում մեր լրատվամիջոցներով ու ոչ առօրէական խոսակցություններում, քաղաքացիական հասարակության մասին զրույցներում, որ երբեմն թվում է, թե սա վաղուց արդեն մարսված՝ առաջնահերթությամբ շրջանցված էտապ է:

Ո՞վ չգիտի, որ մեր երկիրը կոչված է հանրային լինելու՝ բառի ամենաընդգրկուն՝ ժողովրդական ու դեմոկրատական իմաստներով, որ ամեն ինչ պիտի արվի հանրությանը հավուր պատշաճին սպասարկելու համար: Սակայն իրականում պարզվում է, որ որոշ արտահայտությունների գերարագ շրջապտույտը դեռ բնավ չի նշանակում, թե դրանք բնորոշող ոլորտներում ամեն ինչ “հալած յուղի” պես է: Դեռ ավելին, մի փոքր ուսումնասիրությունը ցավալիորեն պարզում է, որ ոչ միայն հանրային ծառայությունների ոլորտն է դեպ համեմատական կատարելություն անցնելիք ճանապարհին, այլև հենց իր առջև են ծառացած բազում ու բազմապիսի խնդիրներ՝ պայմանավորված թե’ երկրի սոցիալ-տնտեսական կացությամբ, թե’ նոր տնտեսական հարաբերություների ձևավորմամբ ու ճշգրտումներով, և’ թե…

Այ հենց այս վերջին “թե”-ն էլ թե’ հանրային խնդիրներով մտահոգ պետական կառույցներին կից գործող հանրային հանձնախմբերին, թե’ նախանձախնդիր անհատներին, թե’ քաղաքացիական ու հասարակական կառույցներին մշտապես մտահոգող խնդիրներից է: Խոսքը վերաբերում է հանրային սպասարկման ոլոտին, այն ներկայացնող բոլոր կողմերին՝ ծառայություն մատուցող-սպառող-վերահսկող-լուսաբանող-կագավորող շղթայի բոլոր՝ նաև չհիշյալ…հանգույցներին…

Հենց այս՝ ոլորտին ավելի մերձ լինելու և այն մոտիկից ու առավել խորը հասկանալու, խնդիրները վեր հանելու, պատկան կառույցներին ներկայացնելու ու հանրօգուտ զրույց ծավալելու մտահոգությամբ էլ “Գորիսի մամուլի ակումբ” հասարակական կազմակերպությունը, արդեն… ոչ առաջին նախաձեռնության շրջանակներում, փորձում է՝ նաև սպառողների ակտիվ ներգրավմամբ, կոնկրետ ուշադրության թիրախ տանել հանրային ծառայությունների որակի հարցը:

Ընթացիկ՝ “Տեղեկատվության ապահովում հանրային ծառայություններում” ծրագիրը, որն իրականացվում է Գորիս քաղաքի և ենթամարզի 21 գյուղական համայնքներում, շարունակաբար /մոնիտորինգ, հարցազրույցներ ոլորտի պատասխանատուների հետ, ներդիրներ, անցկացված մոնիտորինգի արդյունքներն ի մի բերող հաշվետվություն-գրքույկի տպագրություն / փորձում է, հնարավորինս համակողմանի ու մատչելի, հանրությանը հասանելի դարձնել իրեն մատուցվող ծառայությունների ոլորտները, ոլորտներին վերաբերող տեղեկատվությունը, նպաստել նրանց իրավունքների ու պարտականությունների իմացությանը…

Վերոհիշյալ գործողություններից հետո, վերջերս “Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ի հանդիպումների սրահում հավաքվել էին հանրային սպասարկման ոլորտի պատասխանատուներ, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ծրագրի ղեկավար Սուսաննա Շահնազարյանը համառոտ ակնարկով պատմեց նախաձեռնության, անցկացված մոնիտորինգի, տպագրված հաշվետվության, արված մյուս գործողությունների, առաջիկա անելիքների մասին: Ծրագրի համակարգող Շուշան Օհանյանի՝ իրականացված մոնիտորինգի հաշվետվության ամփոմփ ներկայացումից հետո, ակտիվ ու հետաքրքիր քննարկում ծավալվեց:

Քննարկման առանցքային հարցերից մեկը հանրային ծառայությունների, մատակարարումների հետ կապված ժամանակավոր ու տևական խնդիրների, տեխնիկական հրահանգների մասին հանրությանը իրազեկելու մեխանիզմների մասին էր: Քննարկման հենց սկզբում էլ պարզ դարձավ, որ սա իսկապես լուրջ խնդիր է:

Հայաստանի էլցանցեր “Տաթև” մասնաճյուղի Գորիսի էլցանցի գլխավոր ինժեներ Հ. Ավանեսյանն էլ չէր ժխտում, որ խնդիրն իրապես առկա է. “ Նախ՝ խնդրի քննարկումից առաջ հիշենք, թե ինչ լրատվամիջոցներ կան մեր ենթամարզում ու ենթամարզին՝ օպերատիվ առումով հասու: Օրաթերթ չկա, հանրապետականներն էլ, բնականաբար, ամենքին ու ամենուր չեն հասու, ռադիոն, որպես այդպիսին, չկա, տեղական “Լաստ” հեռուստատեսությունն էլ օրվա ոչ բոլոր ժամերին է հեռարձակվում և, Գորիսից դուրս, շատ փոքր շրջագծով է հասու: Եվ այդ պատճառով էլ մեր ողջ հանապետության տարածքում պլանային ու հարկադրված անջատումների մասին տեղեկատվությունը Հայաստանի էլցանցերը սպառողին հասցնում է Հ2-ի միջոցով: Ոչ շատ օպերատիվ հայտարարությունների դեպքում օգտվում ենք նաև”Լաստ”-ից, իսկ գյուղերում այդ գործում ամենաօպերատիվները էլի մեր հսկիչներն են:

Հայջրմուղկոյի ՓԲԸ-ի հարավային տարածքային մասնաճյուղի Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցը խոսեց այն մասին, որ իրենց սպասարկած Գորիս քաղաքում և թվով 9-ը՝ Շինուհայր, Խոտ, Հարթաշեն, Քարահունջ, Հալիձոր, Հարժիս, Տեղ, Կորնիձոր, Քարաշեն համայնքներում ապահովվող 24-ժամյա ջրամատակարմանը հիմնականում խոչընդոտ են ներքին ցանցի մաշվածությամբ պայմանավորված վթարները. “Նախ ասեմ, որ ես, որպես քաղաքացի, որպես ոլորտի պատասխանատու, ողջունում եմ այս նախաձեռնությունը: Անկասկած, նմանօրինակ համագործակցությունները հանրային ծառայությունների որակի բարձրացման միայն խթան կարող են լինել: Եվ քանի որ այսօր խոսակցության թեման հիմնականում մատուցվող ծառայությունների որակի ու իրազեկման մեխանիզմների մասին է, նշեմ, որ մեր ոլորտում էլ խնդիրը համարյա նույնն է. հիմանականում տեղեկատվությունը տարածում ենք տեղական հեռուստատեսությամբ ու էլի՝ մեր հսկիչներով:

“Իրավունքների տեղեկատվական կենտրոն”ՀԿ-ի նախագահ Մարատ Դադունցի նկատառումն այն մասին, որ սպառողների իրազեկման հարցում կարող են աջակից լինել տեղական ՀԿ-ների, քաղաքի առանձին կառույցների, անհատների բլոգներն ու կայքերը, երկու բանախոսներն էլ նշեցին, որ չնայած հետաքրքիր առաջարկ է ու, անկասկած, իրենց վերադասների հետ քննարկելի, բայց, կիրարկման առումով, դեռևս ոչ այնքան արդյունավետ է, որովհետև համացանցն այսօր քչերին է հասու և մեծ լսարան չի ապահովում”:

"Էյ ի Ջի սերվիս” ընկերության Գորիսի տեղամասի պետի տեղակալ Միքայել Հովհաննիսյանը, խոսելով ներտնային գազասպառման համակարգում անվտանգության գերզգայուն սարքավորումների տեղադրման արդեն ավարտուն գործընթացի մասին, նկատեց, որ, ցավոք, չնայած իրենց կողմից իրականացվող բացատրական աշխատանքներին, դեռ առկա է սպառողների՝ սեփական անվտանգության գործող երաշխիքների գերկարևորության գիտակցման թերացումը, և որ այս հարցում, իսկապես, կարևորելի են նմանօրինակ համագործակցություններն առանձնապես լրատվության ոլորտում ներգրվված ՀԿ-ների հետ:

Մ.Դադունցը հանրային ծառայությունների մասին իր մասնակի դիտարկումն ուներ. “ Այսօր, հանրային ծառայության /և՝ ոչ միայն/ բոլոր այն ոլորտներում, որտեղ…մոնոպոլիա է, խախտումներն ու խնդիրներն անխուսափելորեն կլինեն: Ամենակարևորը սպառողի իրավագիտակցության բաձրացումն է. նա պիտի, ինչու՝ ոչ, նաև պահանջատեր լինի:

Եվ նորից ուզում եմ պնդել, որ օգտակար կլինի վիրտուալ հնարավորությունների ու լսարանի ներառումն այս գործում”:

Մի կարծիք համարյա սևեռվեց. այն որ, իսկապես, ժամանակն է արդիական՝ վիրտուալ հնարավորությունների ներգրավմամբ նաև, հանրության իրազեկման մեխանիզմների լրջորեն վերանայման:
                                                                                                            Լենա Հովսեփյան




Комментариев нет:

Отправить комментарий