30 окт. 2011 г.

Անցումը ձմեռային ժամանակի խնդիրներ կստեղծի երկրորդ հերթով դասի գնացող ուսանողների համար

Հոկտեմբերի 31-ից Հայաստանի` ձմեռային ժամանակի անցնելու պատճառով մի շարք խնդիրներ են առաջանում երկրորդ հերթով դասի գնացող մարզի ուսանողների համար: Դեռեւս սեպտեմբերից Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Երեւանի դպրոցներում եւ մանկապարտեզներում պարապմունքները սկսվում են ժամը 8.30-ին, բուհերում` 9.30-ին տրանսպորտի բեռնաթափման նպատակով: 

Մի շարք բուհեր, օրինակ` ԵՊՀ, որոնք ունեն շատ ուսանողներ եւ քիչ լսարաններ, ստիպված դասերը կազմակերպում են երկու հերթով: Իսկ ժամը 9.30-ի սկսելու պարագայում երկրորդ հերթով դասի եկող մարզի ուսանողների համար տուն հասնելը մեծ խնդիր է: 
Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից փորձեցինք ճշտել, թե բուհերը ազատ են դասերի սկսման ժամը փոխելու մեջ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ եթե բուհում նման խնդիր կա եւ բուհը չի կարողանում որեւէ կերպ լսարաններ հատկացնել դասերը ավելի վաղ սկսելու համար, ապա կարող է առաջարկությամբ դիմել նախարարությանը` դասերը ավելի վաղ սկսելու համար: «Հարցը կքննարկվի, եթե հիմնավորում լինի, կմտածեն առաջարկության մասին»,- նշեց նա:

Նշենք, որ «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 3-ին ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ ետ տալ: Ժողովրդի լեզվով ասած` քնելու ենք մեկ ժամ շատ, իսկ մթնելու է ավելի շուտ:

                                                                                                              news.am

Комментариев нет:

Отправить комментарий