2 сент. 2011 г.

Բնությունը նոր անակնկալի առաջ է կանգնեցրել Սյունիքի ֆերմերներին

Հանրապետությունում հացահատիկի ինքնաբավության խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության «ՀՀ-ում 2010-2013թթ. սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում արտերկրներում գրանցված» երաշխավորված կայուն եւ բարձր բերք ապահովող Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան տարածքներում, այս անգամ` Ռուսաստանի դաշնությունից ներմուծվել է էլիտային վերարտադրության սերմացու, անվճար տրվել ֆերմերային տնտեսություններին` հաջորդ տարում առաջին վերարտադրության սերմացուն 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության՝ Սյունիքի մարզում նույն ծրագրի շրջանակներում 2010 թվականին 32 ֆերմերային տնտեսություններ 1062.1 հա-ի համար ստացել են Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 318640 կգ ցորեն: 2011թվականին ակնկալվում էր հետ ստանալ կրկնակի ծավալով առաջին վերարտադրության սերմացու:

Ներկրված սերմի գերակշիռ մասը ցանվել է Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում: Եվ մինչև օգոստոսի կեսերից սկսված անբարենպաստ եղանակային պայմանները, մասնավորապես` երկարատև տեղումները, ծրագրում ընդգրկված ֆերմերները հույս ունեին, որ կարող են հաջողությամբ կատարել պայմանագրային պարտավորությունները: Սակայն բնությունը բերքահավաքից առաջ հերթական տհաճ անակնկալի առաջ է կանգնեցրել նրանց: Մասնավորապես՝ Սիսիանի որոշ տարածքներում, Գորիսի ենթամարզի Հարժիս, Հալիձոր, Տաթև, Շինուհայր գյուղերում հացահատիկի բերքն այլևս պիտանի չէ ոչ միայն որպես առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու, այլև անգամ հացաթխման համար:

Առաջին ահազանգը ստացվել է Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում, որի մասնագետներից, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության աշխատակիցներից կազմված հանձնախումբը լինելով Հարժիսի, Տաթևի, Հալիձորի, Շինուհայրի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններում, արձանագրեց, որ խոնավության պատճառով հասկիկներում հատիկն արդեն ծլել է, արմատային ծիլը երևում է, և ստացված բերքն այլևս պիտանի է միայն որպես անասնակեր, ինչպես նաև հնարավոր է օգտագործել սպիրտի արտադրության մեջ:

Սյունիքի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն Արմիկ Բակունցի խոսքով՝ դեռևս սերմացուի ներկրման ժամանակ կենտրոնի մասնագետները մշտապես այցելել են համայնքներ, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել, այսօր էլ ԳԱՄԿ-ի մասնագետները գնահատում են իրավիճակը և կշարունակեն խորհուրդ տալ, թե ինչ նպատակներով է հնարավոր իրացնել ստացված բերքը: Նա նաև նշեց, որ հատիկի ծլում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից ներկրված դաշտերում է նկատվում, այլև, առհասարակ, ցորենի, հաճարի, անգամ գարու գրեթե բոլոր այն ցանքատարածություններում, որտեղ դեռևս բերքահավաք չի կատարվել:

Գյուղաջակցության մարզային կենտրոնի գյուղատնտեսության խորհրդատու Լենո Բակունցի խոսքով՝ արդեն ակնհայտ է, որ, մասնավորապես՝ հարավային դաշտերում բերքի մեծ կորուստ կլինի, քանի որ բացի այն, որ հատիկները ծլել են, դրանք նաև վերածվել են պարկիկների` կորցնելով կշիռը:

Հարժիսի համայնքի ղեկավար Սուրիկ Հարությունյանը, ով 26 հեկտարի համար 7800 կգ ներկրված սերմ է ստացել, նշում է, որ ոչ միայն ֆերմերները չեն կարող վերադարձնել ստացած սերմվարկը, այլև մինչև այժմ գյուղի 585 հեկտարից բերքահավաք կատարվել է ընդամենը 80 հեկտարի վրա և այսօր արդեն խնդիր է հացի ապահովումը, քանի որ բերքի 60 տոկոսն այլևս պիտանի չէ պարենային արտադրության համար:

«Ինչ վերաբերում է ներկրված ցորենի վերադարձման խնդրին, ապա այդ պարտավորվածության մասին նախապես համապատասխան պայմանագիր է կնքվել, որով ֆորսմաժորային իրավիճակներ չեն նախատեսվում, և ֆերմերներն ինքնակամ ստորագրել են այն, ուստի պարտավորվել չվերադարձված յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարել հազար դրամ: Մեր հանձնախումբը գնահատում է իրավիճակը և այն կներկայացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Թե ինչ լուծում կտրվի խնդրին, դժվարանում եմ ասել, բայց գրեթե վստահ եմ, որ արտոնություններ չեն լինի»,- ասաց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը՝ նշելով, որ մարզ ներկրված սերմի 30 տոկոսը նախնական տվյալներով վտանգված է, ինչը լուրջ դժվարություններ կստեղծի սերմնարտադրություն կազմակերպելու համար:

Նա նաև հավելեց, որ հաշվի առնելով ամռան առաջին ամիսների բարձր ջերմաստիճանը՝ ֆերմերներն ավելի շուտ պետք է սկսեին բերքահավաքի աշխատանքները, ինչը հնարավորություն կտար զգալիորեն կրճատել բերքի կորուստը:

Իրենք` ֆերմերները, բերքահավաքի արդյունավետ կազմակերպման հիմնական խոչընդոտը համարում են կոմբայնների պակասը: Մարզում հաշվառված 152 կոմբայնների հիմնական մասը խորհրդային ծագում ունեն, իսկ որոշ գյուղերում, ինչպես, օրինակ, Մեղրիի Տաշտուն համայնքում կոմբայն ունեն` մասնագետ չունեն, և բերքահավաքը սկսել են ուշացումով:

Բերքահավաքի յուրաքանչյուր օրվա հետաձգումը, մասնագետների կարծիքով, այսօր արդեն օրական 50-100 ցենտներ բերքի կորուստ է ենթադրում և առաջիկա օրերի բնակլիմայական բավարար պայմանների դեպքում հնարավոր է 1 կոմբայնի հաշվով օրական հազիվ 8-10 հա հունձ կատարել, իսկ, ըստ գյուղվարչության պետի տեղեկատվության, սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի հացահատիկային մշակաբույսերի 16605 հա-ից հնձվել է 8000 հեկտարը:

Այն, որ գյուղատնտեսությունն առհասարակ, ռիսկային ոլորտ է և ավելի հաճախ ներդրված ջանքերի արդյունքները կարող են բավարար չլինել, հաստատվեց նաև այս անգամ, սակայն խրախուսելի է, որ գոնե որոշ կազմակերպություններ, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզում հացահատիկի մթերմամբ զբաղվող «ՀայկԺՈՍ» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել դժվարին պայմաններում աջակցել մարդկանց:

«Ծլված հացահատիկն այլևս հացաթխման համար պիտանի չէ, սակայն մեր ընկերությունը, ընդառաջելով ֆերմերներին, կարող է յուրաքանչյուր կիլոգրամի համար 5-10 դրամ պակաս գնով մթերել բերքը` փորձելով գործընկերների միջոցով իրացնել այլ նպատակների համար»,- հայտնեց ՍՊԸ-ի տնօրեն Սպարտակ Հակոբյանը:
                                                                                             Սուսաննա Շահնազարյան
                                                                                                                              hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий