25 февр. 2011 г.

Facebook–յան հեղափոխությունը Հայաստանում քիչ հավանական է. տեղեկատվական անվտանգության մասնագետներ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ սոցիալական ցանցերի հանդեպ ուշադրությունն ավելի մեծ է, քան պետք է, և դրանց դերը գերագնահատվում է։ Իր գործընկերներ Կարեն Վրթանեսյանի, Սեդրակ Մկրտչյանի հետ համատեղ ասուլիսին Քոչարյանը նշեց, որ քիչ հավանական է արաբական երկրներում տեղի ունեցող «Facebook–յան հեղափոխությունների» սցենարի կրկնությունը Հայաստանում։

«Վերջին երկու տարիներին Հայաստանում մի քանի շարժում առաջացան։ Facebook–ի խմբերում 5–6 հազար մարդ ակտիվ քննարկում էր որևէ խնդիր։ Բայց փողոց էին դուրս գալիս 100–150 հոգի։ Կա Facebook–յան գործակից, որը Հայաստանում 0.5–1 տոկոս է՝ այդքանն են փողոց դուրս գալիս»,– մանրամասնեց Տիգրան Քոչարյանը և որպես օրինակ բերեց «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի, ծառահատումների հետ կապված քննարկումները։


Նա նշեց, որ Facebook–ը և մյուս նման ցանցերը ինֆորմացիա տարածելու միջոց են, ոչ թե՝ շարժում կազմակերպելու։ Ըստ բանախոսի՝ աշխարհում 30–40 ոչ արաբական պետություն կա, որտեղ նույնպես տասնամյակներ ձգվող բռնապետական կարգեր են գործում, սակայն այդ պետություններում ամեն ինչ հանգիստ է։ «Ուրեմն ինչ–որ մեկին կամ մի քանի հոգու պետք է, որ արաբական երկրներում հեղաշրջումներ լինեն»,– եզրակացնում է Տիգրան Քոչարյանը։

Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Եգիպտոսում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ ռազմական հեղաշրջում, իսկ Facebook–ն էլ պարզապես գործիք է եղել դրա համար։

«Facebook–ը ինֆորմացիա տարածելու գործիք է, որից մասամբ օգտվեցին»,– ասաց նա։
Նույն թեմային անդրադառնալով՝ Սեդրակ Մկրտչյանը նշեց, որ հեղափոխությունը չի կարող լինել համացանցում։
«Հեղափոխությունը չի լինում ինտերնետում, այլ լինում է իրական աշխարհում։ Հայաստանում սոցիալական կայքերը դեռ իրական ազդեցություն չունեն»,– նշեց Սեդրակ Մկրտչյանը։

                                                                                                                                      Tert.am

Комментариев нет:

Отправить комментарий