26 февр. 2011 г.

Այ, եթե ցանկությունների թեժ գիծ էլ լիներ...

Ասյա Ալեքսանյանն իր բազմանդամ ընտանիքով Քարահունջում է ապրում: Ղարաբաղյան հակամարտության շեմին Բաքվից հայրական ընտանիքի հետ Ասյան եկել է Քարահունջ: Ամուսնուն` Մամիկոնին, հանդիպել ու ընտանիք է կազմել Հայաստան գալուց հետո: 5 երեխա ունեն: Երեխաներից երեքն արդեն դպրոցահասակ են:

"Որ անկեղծ ասեմ, իմ ընտանիքի համար հեշտ տարիներ երբեք էլ չեն եղել, ինչպես սկսել ենք, էնպես էլ շարունակվում ա",-այդպես էլ…չհայկականացված շեշտադրությամբ պատմում է Ասյան. "Ամուսնացել ենք էն ամենադժվար տարիներին, սկսել զրոյից ու հազիվ յոլա ենք տանում, ոչ մի բան չենք ավելացնում": Ավելացել են…5 երեխաները:


Մայրը պատմում է, որ շատ նեղված են. "Մեկի կոշիկն ենք իրար անում, էն մեկի վերարկուն չկա, լույսն ենք մի քիչ շատ օգտագործում` ալյուրի ու կարտոշկի փողն ա պակասում, էլ պայուսակ, էլ գիրք ու տետր, էլ…":

Ասյան խոր հոգոցով պատմեց նաև, որ երեխաներից երկուսը աղիների հետ կապված խնդիրներ ունեն, հաճախ են բժշկի տանում, ու հաճախ է դեղորայքի կարիք լինում. "Ասում են երեխեքի մենյուն պիտի դիետիկ լինի, ամեն բան իրենց չի կարելի: Իսկի ամեն օրվա հաց հասցնելն է մեզ համար խնդիր, ես դիետիկ սնունդ որտեղի՞ց տամ":

Հետո Ասյան թվաբանություն է անում ."Ամսակա մեր տուն մտնող փողը միայն երեխեքի նպաստն ա` 50 000 դրամ: Օրինակ, էս ամիս լույսի փողը 12 000 էր, հլա պահիլով ենք անում, որ վառենք, ավելի շատ կլինի: Ջուրն էլ հիմա հաշվիչով ա: 50 000-ից որ էդքանը հանեք, տակին ի±նչ կմնա, դրանով պիտի մեր 7 շնչանի ընտանիքը ապրի": Նա երախտագիտությամբ է խոսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին, ով իրենց մի քանի անգամ օգնել է, հիմա էլ "գազը կապելու"  հարցում է աջակցում: Գոհ է և Քարահունջ համայնքի ղեկավարից, որ օգտակար է եղել  ՙբնակարանի հաշվով՚:

Հետո, ասես, դժվար ապրելու տպավորությունը մեղմելու, թե իր  "չկորած"  լինելը ընդգծելու համար, պատմեց 5-րդ երեխան ունենալուն առնչվող մի պատմություն:

"Հղի էի, երեխաս պիտի մի քանի օրից ծնվեր: Լսում էի, որ ծննդաբերելու համար պիտի պատրաստ լինեմ որոշակի…գումարով: Ես էլ, հղիության  "սերտիֆիկատի"  վրայի թեժ գծի հեռախոսով զանգեցի և կիսվեցի այդ մասին: Ինձ ասացին, որ իզուր եմ անհանգստանում, ամեն ինչ լավ կլինի, ու ես պիտի իմ իրավունքները ճանաչեմ: Ամեն ինչ բարեհաջող անցավ: Բժիշկ Կոլյայից շատ գոհ մնացի: Ինձ հետ լավ վարվեցին, չգիտեմ` զանգելս է՞լ էր օգնել, թե` բոլորի հետ են էդպես վարվում: Բայց հասկացա, որ շատ մարդիկ իրենք տալիս են, հետո ասում, թե` ուզում են":

Հետո էլ, ասում են, թե մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից…Իսկ Ասյա՞ն:

Ասյան էս կյանքից շատ բան չի ուզում. "Մենակ մի կով ունենայինք, որ թացանը տնից լիներ, առնելով չենք հասցնում, իսկ երեխան առանց կաթի ո՞նց պահես: Խոտի հարցն էլ դժվար ա, բայց մի բան կանենք, եթե կով ունենանք…": Այ, եթե ցանկությունների թեժ գիծ էլ լիներ…Ի՞նչ իմանաս…

                                                                                                              Վալերի Մանուչարյան

1 комментарий:

  1. Анонимный9:41 AM

    ANASNAVARK TOX VEKALEN KAM GNAN XARABAX @NDEX XNDRUM EN MASNAGETNER EV BAZMAZAVAK @NTANIQNER TALIS EN ANASUN KAM GUMAR ELEKTRAKANUTYUN@ CHNCHIN 60 KVAT ANVCHAR E XOTNEL ARAT

    ОтветитьУдалить