18 мая 2013 г.

Զբոսաշրջիկները հետաքրքրված չեն համայնքային թանգարաններով

Անահիտ Գրիգորյան
ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկանցվող «Թանգարանների գիշերն» այսօր հանդիսավոր է նշվելու զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունեցող Գորիս քաղաքում: Համայնքային իշխանության աշխատակազմի մշակույթի և սպորտի գծով մասնագետ Երվանդ Հակոբջանյանի խոսքով՝ այս տարի բավական հագեցած ծրագիր է նախատեսված:

Միջոցառումների մեկնարկը կտրվի երկրագիտական թանգարանում, որտեղ դպրոցականների համար դասախոսություն կկարդան թանգարանների պատմության մասին, ելույթ կունենան նաև դպրոցականները:
Առավել հագեցած է Ակսել Բակունցի տուն-թանգարանի միջոցառումների ծրագիրը: Այստեղ հոգևոր երգերի կատարումով հանդես կգա Գորիսի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, ելույթ կունենան անվանի գրողի անունը կրող դպրոցի սաները, ինչպես նաև ծրագրվում է ազգային կոլորտիով հագեցած երեկո՝ ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ, կպատրաստվեն զանգեզուրյան ճաշատեսակներ՝ աղանձ, խաշիլ:«Տուրիստական նոր երթուղիները՝ «Տաթևեր» ճոպանողին և Խնձորեսկի ճոճվող կամուրջը, կարելի է խոչընդոտ համարել թանգարանների այցելությանը»,- ասում է Գորիսի երկրագիտական և Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը:

Ըստ նրա՝ բավական կրճատվել է զբոսաշրջիկների այցը թանգարաններ, միայն դպրոցների հետ համագործակցության շնորհիվ է հնարավոր դառնում որոշակի այցելուներ ունենալ, ինչը նպաստում է նաև թանգարանների հետ երեխաների կապը պահպանելուն:

Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ակսել Բակունցի տուն-թանգարանում այս տարի Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցով կատարվել են վերանորոգման կապիտալ աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման և անվտանգության համակարգեր: Նախատեսվում է նաև ավարտել զետեղարանների վերականգման աշխատանքները, ծրագրվում է թանգարանի հարակից այգում տեղադրել տաղավար, որտեղ կարող են այցելուները հանգստանալ:

«Մասնագիտական կադրերի՝ գիդերի պակասի պատճառով ևս մեծ թվով այցելուներ ենք կորցնում»,- նշում է Սարգսյանը և հավելում, որ միայն Բակունցի տուն թանգարանի աշխատակիցն է կարողանում ֆրանսերենով հաղորդակցվել այցելուների հետ: Նրա խոսքով՝ նախկինում լինում էին վերապատրաստման դասընթացներ, հանդիպումներ, իսկ այժմ նման նախաձեռնություններ չեն իրականացվում:

Գորիսի երկրագիտական թանգարանը, որը Սյունիքի մարզում առաջին թանգարանն է և հիմնադրվել է 1940-ական թթ., կարծես թե «տուժում է»՝ համայնքային իշխանության ենթակայության տակ գտնվելով, քանի որ տեղական բյուջեն բավարար միջոցներ չունի ներդրումներ կատարելու համար:

Թանգարանում պահպանվում է 5000-ից ավելի ցուցանմուշ՝ հիմնականում հնագիտական նյութեր, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ կամ պատահականորեն, ու կենտրոնացվել են այստեղ: Հնագիտական և ազգագրական նյութերը Սյունիքի կենցաղն արտացոլող կահ-կարասիներ են, աշխատանքային գործիքներ, գործվածքներ և այլն:

Բավականին հարուստ է թանգարանի փաստաթղթերի ու լուսանկարների բաժինը: Շենքային պայմանները թանգարանային նմուշներն ամբողջությամբ ցուցադրելու հնարավորություն չեն ընձեռում:

Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի գծով մասնագետ Երվանդ Հակոբջանյանը նշում է, որ թանգարանի նմուշները գրեթե չեն թարմացվում, դրանք հիմնականում նվիրատվությունն են լինում բնակիչներից:

Թանգարանային նմուշների պահպանման համար բավարար պայմաններ չկան, իսկ վնասված նմուշների վերականգման համար մեծ ծախսեր են պահանջվում, որոնք հնարավոր չէ հոգալ 300-ական դրամ մուտքի վճարի և սակավաթիվ այցելուների պատճառով:

Ե. Հակոբջանյանի ասելով՝ միջոցների սղության պատճառով չի լուծվում նաև Սերո Խանզադյանի տուն-թանգարանի բարեկարգման, ցուցանմուշների դասակարգման հարցը:

                                                                                                                                    hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий