27 апр. 2013 г.

Գորիսում չկան հայկական խոհանոցներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ավանդական ճաշատեսակներ համտեսել

Անահիտ Բաղդասարյան
Օրերը տաքանալու հետ ավելանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Գորիս, իսկ ամեն քայլափոխի նոր հյուրանոց տեսնելը գորիսեցուն արդեն չի զարմացնում: «Աչքդ չես հասցնում թարթել, մի նոր հյուրանոց են կառուցում: Ում տունն էլ մի քիչ մեծ ա, դրսից մի դուռ ա դնում, մի քանի սենյակ ավելացնում, անունն էլ դնում հյուրանոց: Ի՞նչ անեն... գոյության պայքար ա...ով ոնց կարողանում, փող ա աշխատում»,- ասում է գորիսեցի Երվանդ Սարգսյանը: Եւ, եթե այժմ հյուրանոցների կամ հյուրատների թիվ կամ անվանումներ նշեմ, հնարավոր է, որ դեռ երեկ նորն է բացվել եւ չի հասցրել տեղեկատվություն տարածել իր գործունեության մեկնարկի մասին:
Khachik's B&B
Գորիսում գործող առաջին հյուրատներից մեկի` «Խաչիկ»-ի տնօրեն Խաչատուր Միրաքյանը պատմում է, որ հյուրատուն բացելու որոշումը կայացրել է Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700 ամյակի նախատոնական օրերին. «Մտածեցի, որ զբոսաշրջիկների հոսքը կմեծանա, բայց, ցավոք, մինչև 2002թ-ը ոչ մի այցելու չունեցա, իսկ 2002թ-ին ընդամենը` մեկ հյուր: Երեք-չորս տարի նույն վիճակն էր, բայց ես չհուսահատվեցի, չհիասթափվեցի իմ փոքր բիզնեսից, եւ այսօր էլ հյուրատունը շարունակում է հյուրընկալել ցանկացողներին»,-ասում է նա:
Ֆրանսիահայ 28 ամյա երիտասարդ Ժուլիենը Հայաստան իր երկրորդ այցի ժամանակ որոշեց տեսնել նաև Հայաստանի հարավային շրջանը: Նրա վրա մեծ տպավորություն էին թողել Գորիսը, Տաթևը, Խնձորեսկը... Ժուլիենն ափսոսանքով է նշում, որ չկարողացավ ֆրանսերենով կամ անգլերենով մի գիրք գտնել, որտեղ ներկայացված կլինեին Գորիսի պատմությունը, սովորություններն ու տեսարժան վայրերը: Իսկ ընդամենը մեկ օր Գորիսում գիշերելու համար նախընտրել էր հյուրատուն, որը, նրա խոսքով, բավարար պայմաններ ուներ, հարմար գին:

Շահեն Զեյթունցյան
Այն ժամանակ, երբ դեռ Տաթևի ճոպանուղի, Խնձորեսկի կամուրջ, զբոսաշրջության զարգացման ծրագիր չկային, երբ բոլորը թերահավատորեն էին վերաբերում հյուրանոցի` որպես երկարատեւ եւ եկամտաբեր բիզնեսի, Շահեն Զեյթունցյանը 2005թ-ին Գորիսում բացեց «Միրհավ» հյուրանոցը, ասելով, որ մինչ այդ մարդիկ Գորիս չէին այցելում, քանի որ քնելու տեղ չկար: «Ճիշտ է առաջարկն է ստեղծում պահանջարկ, բայց այս պարագայում հակառակն էր: Երբ որ տեսան, որ Գորիսում էլ գիշերելու բավարար պայմաններ կան, սկսեցին զբոսաշրջիկներ այցելել»,-ասում է պարոն Շահենը: Նրա կարծիքով, սակայն, հյուրանոցների մրցակցություն կսկսվի այն հյուրանոցների միջև, որոնք ունեն հարմարավետ պայմաններ, բարձրակարգ սպասարկում և այլն: «Կարևորը այն է, որ նպատակը ոչ միայն ուղղակի եկամուտ ստանալն է, այլև զբոսաշրջության զարգացմանը նպաստելը, մարդկանց աշխատանքի տեղավորելը»,- շարունակում է պարոն Շահենը: Բարձրակարգ սպասարկում ապահովելու համար «Միրհավ»-ի աշխատակիցների համար կազմակերպվել են նաև անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ:

«ՄՎՆ» հյուրանոց
«ՄՎՆ» հյուրանոցի տնօրեն Մերի Ավետիսյանը նշում է, որ մրցակցությանը դիմանալու լավագույն տարբերակը ցածր գնով բարձր պայմաններ ապահովելն է, և այդ սկզբունքով էլ իրենք աշխատում են, այնպես, որ «բոլորի գրպանին մատչելի լինի և հարմարավետ»:

Գորիսի Տուրիզմի կենտրոնի տվյալներով Գորիս այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ֆրանսիացիներն են, երկրորդ տեղում են լեհերը, ապա իտալացիները, գերմանացիներն ու կանադացիները: Փոքր թիվ են կազմում ռուսները: Ձմռանը հիմնականում զբոսաշրջիկներ այցելում են Չինաստանից և Պարսկաստանից: Մեծամասնությունը հետաքրքրված է մշակութային տուրիզմով: Կենտրոնը զբոսաշրջիկներին տրամադրում է Գորիսի հյուրատների և հյուրանոցների մասին անհրաժեշտ տեղեկատվություն, բուկլետներ: «Իսկ որոշ հյուրատների և հյուրանոցների հետ կա նաև պայմանավորվածություն, և եթե տուրիստները մեր ուղեկցությամբ են տեղավորվում այնտեղ, դա մեզ որոշակի եկամուտ է բերում: Հյուրանոցներից օգտվողները մեծամասամբ խմբերով այցելողներն են, ովքեր ունեն իրենց հստակ երթուղիները»,- մեզ հետ զրույցում ասաց Տուրիզմի կենտրոնի աշխատակից Անի Բաղդասարյանը:

Զբոսաշրջիկների համար մեծ խնդիր է նաև սպասարկման ոլորտում աշխատողների օտար լեզու չիմանալու փաստը: Տիկին Ֆրանսուազը, ով գործի բերումով արդեն 3 շաբաթ է ինչ Գորիսում է, ֆրանսերեն է թարգմանել քաղաքի 2 սրճարանների ճաշացանկերը ու պատրաստվում է շարունակել: Նա ցավով է նշում, որ քաղաքում չկան հայկական խոհանոցներ, որտեղ կարող ես հայկական ավանդական ճաշատեսակներ համտեսել:

Комментариев нет:

Отправить комментарий