23 июн. 2012 г.

“Եթե էստեղ չձանձրանամ, Ռուսաստան չեմ գնա”

Մարիամ Մաթևոսյան
Սովորաբար, ամառ ասելով հասկանում ենք` հանգի~ստ, ժամա~նց, ընկերական հավաքույթնե~ր…Բայց դա գորիսյան ամռանը համարյա չի վերեբերում:

Տարվա այս եղանակը սիրելի է բոլորի համար, բայց առավել մեծ ոգևորությամբ են սպասում երեխաները. վերջապես դասերը կավարտեն, մի լավ կհանգստանան, սրտերն էլ ուզածին չափ կխաղան: Ամռանն ամեն ոք իր նախընտրած ձևով է հանգստանում. մեկն արտերկիր է գնում՝ բարեկամին այցելության, մյուսը քաղաքից դուրս է հանգստանում: Իսկ շատ-շատերը մնում են քաղաքում. չէ՞ որ ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում իրենց երեխաներին հանգստյան տներ ուղարկել, երկրից դուրս տանել կամ էլ ծով` լողալու ուղարկել:
Իսկ ամառային ճամբարներն այնքան շատ չեն, որ շատ երեխաներն ընդգրկվեն: Ստիպված երեխաները բարարվում են իրենց բակով, լավագույն դեպքում՝ մեկ շաբաթով այցելում են հորաքրոջը կամ մորեղբորը: Մնացած 13 շաբաթն անց են կացնում են իրենց բակում: Դե’, մեր բակերն էլ մայրաքաղաքի պես խաղահրպարակներ չունեն:
13-ամյա Մխիթարն ու Տիգրանը մտերիմ ընկերներ են, զբաղվում են թեթև ատլետիկայով, իրենց խոսքով` ամառն անց են կացնում սպորտով զբաղվելով. “Մեր ծնողների շնորհիվ մեր բակում կա փոքրիկ մարզասրահ, որ դրսերում անիմաստ չթափառենք ու ամռանն էլ զբաղմունք ունենանք: Ամեն օր միասին մարզվում ենք, թենիս խաղում, ձգումներ ու ուժային վարժություններ անում, որ կարողանանք Երևանում անցկացվելիք մրցումներին հաղթել: Մենք չենք ձանձրանում ամռանը”:

Տղաների հետ զրույցի ժամանակ մեզ միացավ նրանց ընկեր Նարեկը, ով, այս տարի ևս, իր հանգիստը կանցկացնի Ռուսաստանում. “ Մի քանի օրից 2 ամսով Ռուսաստան եմ գնալու: Ճիշտ է, կկարոտեմ ընկերներիս, բայց եթե օրերս նույն ձևով չանցնեն, չձանձրանամ` հաստատ Ռուսաստան չեմ գնա: էնտեղ ընկերներ չունեմ, բայց ժամանցային վայրեր այքան շատ են, որ չեմ հասցնում ձանձրանալ”:

Մեր զրույց շրջանակն էլ ավելի մեծացավ: Արամը, ով տարածքում հեծանիվ էր քշում, նույնպես միացավ մեզ: Կանգնել ու հանգիստ լսում էր՝ առանց բան խոսելու: Հարցրեցի, թե որտե՞ղ և ինչպե՞ս է անցկանելու արձակուրդը, ասաց. “Էսպես էլի` հեծանիվ քշելով”: Հարցիս հաջորդեց մյուս հարցը. “Իսկ ամեն օր հեծանիվ քշելուց չե՞ս ձանձրանա”, ու ստացա հարցիս պատասխանը. “Բա ուրիշ հետաքրքրի զբաղմունք կա՞, հո ամեն օր կարուսել չե՞մ նստի”: Չկարողացա ոչինչ պատասխանել…

Մխիթարն ու Տիգրանը, դեռ ոգևորված իրենց սպասվելիք ճանապարհորդությունից էին խոսում, իսկ Արամը, ամառվա իր…միակ հավատարիմ ընկերոջ հետ, մեր կողքով պտույտներ էր գործում՝ ականջը չկտրելով մեր խոսակցությունից:

“Երեխաների ամառային հանգստի կազմակերպումը մտնում է քաղաքապետարանի տարեկան պլանի մեջ: Արդեն 5 տարի է, ինչ քաղաքապետարանը կազմակերպում է ամառային ճամբար,-մեր զրույցի ժամանակ պատմեց քաղաքապետարանի կրթության բաժնի մասնագետ Արմինե Հովակիմյանը: -Ամեն տարի, վարչապետի հրամանով, Սյունիքի մարզպետարանը` քաղաքապետարանի միջնորդությամբ, կազմակերպում է ամառային ճամբար՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

Այն իրականացվում է մարզի մասշտաբով: Գորիսից մասնակցում է 30 երեխա, նույնքան էլ` Կապանից, Սիսանից, Մեղրիից, Քաջարանից ու Ագարակից: Ընդհանուր առմաբ` մարզից մասնակցում է 140 երեխա: Ճամբարն իրականացվում է 2 փուլով. առաջինը՝ հուլիսի 1-ից 20-ը, երկրորդը՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը՝ յուրաքանչյուր մեկնարկում ընդգրկելով 8-13 տարեկան 15 երեխայի:

“ Ճամբար ուղարկում ենք հիմնականում անապահով ընտանիքների երեխաներին: Արդեն 4-րդ տարին է, ինչ երեխաներն իրենց հանգիստն անց են կացնում Հանքավանի “Լուսաբաց” ճամբարում: Այն իրականացվում է համակարգված, աշխատանքների հստակ բաշխմամբ՝ նախապես մշակված օրակարգ-գրաֆիկով: Աշխատակազմն ունի գլխավոր պատասխանատուներ, ավագ ու կրտսեր ջոկատավարներ, ինչպես նաև ընդգրկված են ուսանողներ, ովքեր կամավոր կերպով աշխատում են երեխաների հետ”,-ավելացրեց Արմինե Հովակիմյանը:

Վերջում էլ ավելացրեց. “Ցավոք, շատ քչերն են օգտվում այս հնարավորությունից”:

ՀԳ
Փորձենք միասին հիշել մեր քաղաքի ժամանցային վայրերը, որտեղ երեխանները կարող են հաճելի ժամանակ անց կացնել… Ես դժվարանում եմ նման վայր հիշել, իսկ դու՞ք:
Միակ ժամանցային վայրը մանկական զբոսայգու կարուսելներն են, բայց ինչպես Արամն է ասում. “Հո ամեն օր կարուսել չես նստի”…Հա` մանկական “Սիմբա” սրճարանն էլ…Լավ է, բայց այս ամենի համար վճարել է պետք նաև…Իսկ նման մի վայր, այգի, ասենք, որ հասու լինի բոլորին, անվճարունակին էլ…









Комментариев нет:

Отправить комментарий