19 июн. 2012 г.

Միջոցառում Գորիսի թիվ 2 մանկապարտեզում


Հունիսի 18-ին երեխայի իրավունքների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել Գորիսի թիվ 2 մանկապարտեզում: Ներկա էին Գորիսի քաղաքապետարանի, ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, ՀԿ-ների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր, ծնողներ: Միջոցառման բացման խոսքում հաստատության վարիչ Ժասմեն Խաչատրյանը մասնավորապես նշեց. ,,Այս միջոցառումը նվիրում ենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Չնայած, որ ավանդաբար նշում ենք հունիսի 1-ին, սակայն միայն այդ օրը բավարար չէ հասարակության ուշադրություն հրավիրելու յուրաքանչյուր երեխայի իրավունքների ու նրա շահերի պաշտպանության վրա:
Սա ուղղակի առիթ է կրկին հիշելու, որ երեխան խելամիտ հոգատարության և անվտանգ միջավայրում ապրելու ու մեծանալու հնարավորություն պետք է ունենա,,: Միջոցառման ծրագիրը հագեցած էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, և նախաձեռնությունն ինքինին նաև իրազեկման հնարավորություն էր, որի ընթացքում ներկաներին ներկայացվում էր երեխայի իրավունքները, ՀՀ-ում երեխայի պաշտպանության եռաստիճան համակարգը, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթները: Հիանալի կատարումներով մանուկներն իսկապես հիացրին հանդիսատեսին:

Սեյվ դը չիլդրեն-ի ներկայացուցիչ Ս.Մինասյանը կազմակերպության անունից երախտագիտություն հայտնեց մանկապարտեզի սաներին և տնօրինությանը, աշխատակիցներին, որ միջոցառմամբ ցույց տրվեց, թե որքան է կարևոր երեխայի հանդեպ բավարար վերաբերմունքը և նրա համար ինքնադրսևորման միջավայրի ապահովումը: Սեյվ դը չիլդրեն-ի կողմից Ժ.Խաչատրյանը միջոցառման նախաձեռնման համար արժանացավ շնորհակալագրի, իսկ մանկապարտեզին նվիրաբերվեցին մանկական խաղեր, ուսուցողական նյութեր:

Այս միջոցառումն կազմակերպվեց ,,Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան,, ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ,,Սեյվ դը չիլդրեն,, միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ,,Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,, կազմակերպության համաֆինանսավորմամբ: Այդ ծրագիրը նպատակ ունի աջակցելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նար համայնքային կառույցների գործունեությանը` հաստատություններում երեխաների պաշտպանության խնդիրները կանխելու, բացահայտելու և լուծելու նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий