24 июл. 2011 г.

Ի՞նչ արժե Հայաստանում միջին կարգի ֆուրշեթ կազմակերպելը

Ֆուրշեթի միջին կարգի սեղան պատվիրելու եւ հյուրերի քաղաքակիրթ ընդունելություն կազակերպելու համար, պարզվում է, ամենհամեստ հաշվարկներով առնվազն 120-130 հազար դրամ է անհրաժեշտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին ֆուրշեթի ծառայություններ մատուցող մայրաքաղաքի մի շարք ընկերությունների մենեջերներ։

Ինչպես նշեց «Հյուր» սերվիսի մենեջեր Տաթեւիկը, իրենց մոտ ֆուրշեթների ֆիքսված գներ չեն գործում եւ հաշվարկները կատարվում են ըստ ուտելիքի տեսականու, սեղանի լայնքի եւ երկարության, նաեւ ըստ հանդիսության տեւողության եւ հյուրերի քանակի։
«Ֆիքսված գներ չկան, պարզապես շքեղ հյուրասիրությունները կարող են մինչեւ 300-400 հազար դրամ արժենալ, սրան գումարած ֆոնդյուն, որն, իհարկե, առանձին արժեք ունի»,- ասաց «Հյուր» սերվիսի մենեջերը՝ հավելելով, որ փոքր, 3 կգ շոկոլադի տարողությամբ ֆոնդյուն իրենց մոտ արժե 42 հազար, 10 կիլոգրամանոցը 84 հազար, 15 կիլոգրամանոցը՝ 120 հազար դրամ։

«Լա ֆուրշեթ» ընկերության մենեջեր Արմանն էլ ասաց, որ իրենց մոտ ֆուրշեթի արժեքը հաշվարկվում է ըստ անձերի։ «Միջինը, մեկ անձի համար անհրաժեշտ է 3500 դրամ՝ ներառյալ սպասքի, սեղանների, կատարված աշխատանքի եւ սննդամթերքի գները, իսկ ահա շքեղ ֆուրշեթը մեկ անձի համար պահանջում է շուրջ 8-10 հազար դրամ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց մոտ ֆուրշեթ պետք է պատվիրել առնվազն 2-3 օր առաջ։ «Ընդ որում, բացի մրգի տեսականուց, մնացած ամեն բան պատրաստվումմ է մեր խոհանոցում եւ տեղափոխվում պատվիրատուի բնակարան»,- ավելացրեց ընկերության ներկայացուցիչը։

«Շոկոլադ սերվիսի» տնօրեն Սոֆիա Տեր-Ղազարյանն էլ իր հերթին նկատեց, որ միջին, իր մեջ մսի, պանրի, աղցանների կանապեներ, հյութեր եւ խմորեղենի տեսականի պարունակող ֆուրշեթի գինն իրենց մոտ սկսվում է 120 հազար դրամից, իսկ ամենաշքեղ հյուրասիրությունները ֆիքսված գումարներ չեն սահմանում, քանի որ յուրաքանչյուր հաճախորդի համար առջավելագույն շեմը կարող է շատ տարբեր լինել։ Ընդ որում, այստեղ սնունդը պատրաստում են եւ հաճախորդի տանը, եւ ֆիրմայի խոհանոցում՝ ըստ պատվիրատուի ցանկության։

Նշենք, որ ֆուրշեթը (ֆրանսերեն fourchette –պատառաքաղ բառից) հյուրասիրության ձեւ է, երբ հյուրերը սնվում են կանգնած վիճակում, ազատորեն ընտրելով իրենց ցանկացած ուտելիքով կանապեները, որոնք, որպես կանոն, պատրաստված են լինում փոքր չափերով:

Ֆուրշեթը ենթադրում է հյուրասիրության ժամանակի սահմանափակում, այն է՝ 1-1,5 ժամ:
       
                                                                                                     news.am

Комментариев нет:

Отправить комментарий