Բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա կառուցված Տաթեւի վանական համալիրում կյանքն աշխուժացել է: Վանքի վանահայր Միքայել աբեղա Գեւորգյանն ասում է` այդ ամենը ճոպանուղու շնորհիվ է: Մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկները` գալիս են, շրջում, դիտում, լուսանկարվում ու լուսանկարում հնամենի վանական համալիրի ամեն մի շինությունը, հիանում Որոտանի կիրճով, զարմանում մեր նախնիների ստեղծագործ մտքի վրա եւ մի փոքր հուշանվեր գնելով` հեռանում Տաթեւից:
Տաթեւի վանքի զարգացումը սկսվել է Թ դարի 2-րդ կեսից, երբ վերածվել է Սյունյաց եպիսկոպոսական կենտրոնի, իսկ որպես հիմնադրման տարեթիվ նշվում է 848 թվականը:
Վանքը նշանակալի դեր է կատարել երկրի մշակութային կյանքի զարգացման գործում, այստեղ են կենտրոնացված եղել հազարավոր արժեքավոր ձեռագրեր, վանքապատկան եւ իշխանական բազմաթիվ վավերագրեր: Տաճարի կառուցումը սկսվել է 895 թ. եւ ավարտվել 11 տարի անց` 908-ին:
Նոր տաճար կառուցելուց հետո վանքում իրար հետեւից սկսել են կառուցել նաեւ սեղանատուն, գրատուն, դամբարան, զանազան արհեստանոցներ, պահեստներ եւ շատ ու շատ օժանդակ եւ օգտակար կառույցներ, որոնք պետք է օգնեին վանքին որպես վանական համալիր հանդես գալ եւ բարգավաճել:
11-րդ դարում սելջուկները ասպատակել են վանքը, սակայն շատ չանցած` այն վերականգնվել է, վերակառուցվել է Ս. Գրիգոր եկեղեցին, որը, սակայն, հիմնահատակ կործանվել է 1138 թ. երկրաշարժի ժամանակ: Ս. Գրիգոր տաճարը կիսակործան մնացել է ավելի քան մեկ դար, եւ միայն 1274 թ., Հայրապետ եպիսկոպոսի ժամանակ, վերաշինվել են գմբեթն ու եկեղեցին: Տաճարն այս վիճակով մնացել է մինչեւ 1931 թ., երբ մի նոր երկրաշարժ կրկին ավերել է այն:
Այս եւ մի շարք այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ վանքի բակում տեղադրված ցուցատախտակներն ընթերցելիս: Չնայած` վանական համալիրի պատմությանն առավել լավատեղյակներն արդեն հասցրել են նկատել որոշ անճշտություններ այդ ուղեցույցներում եւ բարձրաձայնել: Մարտունեցի դպրոցական մի աղջնակի կարծիքով` դա այնքան էլ էական չէ: Օրինակ` իրենք արդեն մի քանի ժամ է` Տաթեւում են ու որեւէ մեկի մտքով չի անցել մոտենալ ցուցատախտակներին ու կարդալ:
«Որովհետեւ մեր ուսուցչուհին ամեն ինչ բացատրում է, ինչի՞ կարդանք,- արդարանում է Արմինեն,- համ էլ էդ արտասահմանցիները, որ կարդում են, ինչի իրանց միտքը մնու՞մ է, թե ով, երբ եւ ինչ է կառուցել»:
Մարտունեցի դպրոցականները դեռ նախորդ օրը երեկոյան էին ավտոբուսով հասել վանք, գիշերել վանքի պարիսպների հարեւանությամբ ու լույսը բացվելուն պես իրենց աշխույժով լցրել վանական համալիրի տարածքը:
Գիշերային այցելուների պատճառով առավոտը ժամը 7-ից իր աշխատանքն էր սկսել մոմավաճառ Արտաշես Հովհաննիսյանը: Արտաշեսը, բացի մոմից, այցելուներին նաեւ հուշանվերներ է առաջարկում: Փոքրիկ սրահում հազար ու մի մանրուքի բավականին լայն տեսականի կա:
400 դրամով կարելի է Տաթեւի պատկերմամբ հյուսածո կախազարդ ձեռք բերել, որպես հիշատակ վանք այցելության: Արտաշեսը 90-ականներին Տաթեւի վանքում մի քանի աշխատանք է կատարել` մոմ է վաճառել, տնտեսվարությամբ զբաղվել եւ պահակություն արել: Ասում է` ինչ թեմը ձեւավորվել է ու վանքում էլ մշտական քահանա կա, Տաթեւի կյանքում շատ բան է փոխվել:
Այս երկու տարվա աննախադեպ աշխուժացումն էլ բարենորոգ ճանապարհներն ու օդային ճանապարհի կառուցումն են ապահովել: «Տաթեւը գործող եկեղեցի է համարվել 1988-ից, բայց մշտական քահանա չենք ունեցել: Երբ մկրտության կամ հարսանիքի հարց է լինում, Գորիսից էր քահանան գալիս, իսկ հիմա ամեն ինչ կարգավորվել է, մենք մեր քահանան ունենք, վանքը սկսել են վերանորոգել, դե ճոպանուղին էլ ինչ կառուցել են, քառակի անգամ մարդկանց հոսքն ավելացել է»,- գոհունակություն է հայտնում վանքի մոմավաճառը:
«Մարդիկ գալիս են ճոպանուղու համար, նաեւ վանք են այցելում»,- խոստովանում է հայր սուրբը: Հարակից գյուղերի բնակիչներից շատերն այս առիթով նույնպես անկեղծացել են. 40-50 տարի ապրելով Տաթեւի հարեւանությամբ` վանքը տեսել են միայն ճոպանուղու կառուցումից հետո: «Սա նշանակում է, որ սյունեցին հեռու՞ է հավատքից»,- հարցնում եմ վանահորը:
«Գիտեք, միանշանակ պատասխանել այդ հարցին ես չեմ կարող, որովհետեւ Աստված է սրտեր քննողը, ոչ մեկս չենք կարող ասել, էս մեկը քրիստոնյա է, էս մեկը քրիստոնյա չի: Մենք սրտի խորքերը չենք կարող քննել, սա մեկ: Ամեն տարածաշրջան էլ իր բարի եւ վատ կողմերը ունի: Հայտնի է, որ շիրակցին ավելի հավատասեր է, ավելի եկեղեցուն մոտ է, բայց սյունեցիներն էլ որոշակի իրենց բարի կողմերը ունեն, իրենց անդրդվելիությունը, իրենց անսասանությունը, երբեմն հնազանդությունը, որ արտահայտվում է հոգեւորականի նկատմամբ, բայց, իհարկե, եկեղեցամոտ չեն: Նույն տաթեւցին, որ հարեւանությամբ է ապրում, էլի ուշ-ուշ է գալիս եկեղեցի»:
Տաթեւի վանահայրն արդեն 3 տարի է` ապրում է վանքում: «Պիտի վանքերում անպայման աղոթք հնչի,- ասում է Միքայել աբեղան,-սա շատ կարեւոր երեւույթ է: Մի գերմանացի կին, որ էստեղ էր եկել, ինձ մոմեր տվեց եւ խնդրեց վառել` ասելով, որ ինքը Գերմանիա վերադառնալով պիտի մշտապես ապրի այն մտքով, որ հեռավոր Հայաստանում, Տաթեւի վանքում մի լույս է վառվում: Այսինքն` լույսը աղոթքի միջոցով այստեղ մշտապես կա, անգամ եթե աշխարհում խավար լինի, այստեղ լույս միշտ կա, ու այդ լույսի խորհուրդը շատ կարեւոր է»:
Տաթեւի վանքում մկրտության եւ պսակադրության արարողություններ կատարվում են: Պատարագներին ու ժամերգություններին, ցավոք, հատուկենտ հավատացյալներ են մասնակցում: Հայաստանի տարբեր անկյուններից մկրտվելու կամ ուխտի պատրվակով վանք են հասնում Տաթեւ անունը կրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
«Տաթեւիկներն այստեղով անպայման անցնում են` լինի դա պարզ այցելություն, մկրտություն, թե ուխտ»,- ասում է հայր սուրբը: Մինչեւ 2016 թ. վանական համալիրն ամբողջովին նորոգվելու է: Այդ տարի նշվելու է վանքի ամենամեծ կառույցի` սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու 1110-ամյակը:
Առաքելոց կամ Կաթողիկե անունով հայտնի եկեղեցին, որ նաեւ կոչվում է Պողոս-Պետրոս, նվիրված է երկու առաքյալներին: Վանքը, հավանաբար, կառուցվել է այն նույն տեղում, որտեղ կառուցված է եղել հին եկեղեցին, ենթադրելի է, որ անունն էլ փոխանցվել է հնից: Եկեղեցին ունի բազիլիկ հատակագիծ` կենտրոնական գմբեթով, որ հենված է երկու գլխավոր սյուների վրա:
Մարտունեցի դպրոցականները պատրաստվում են հեռանալ: «Պազ» մակնիշի ավտոբուսը շարժվում է վանքի պարիսպների մոտից, իսկ Տաթեւի կայանից ճոպանուղու հերթական վագոնն է ուղեւորվում Հալիձոր: Ոչ մարտունեցի դպրոցականները, ոչ տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկներից որեւէ մեկը վանքում տրված պատարագին այդպես էլ չեն մասնակցում:
Երանուհի Սողոյան
Комментариев нет:
Отправить комментарий