10 мая 2011 г.

Հայաստանում կանայք ավելի շատ ենթարկվում են հոգեբանական, քան` ֆիզիկական եւ սեռական բռնության

Հայաստանում կանայք ենթարկվում են բռնության գրեթե բոլոր տեսակներին` ֆինանսականից մինչեւ ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական: Եվ ցավոք, նրանցից քչերն են իրենց մեջ համարձակություն գտնում մասնագետների օգնությանը դիմել. գերադասում են հեծծել ամուսնու կամ ընտանիքի մյուս անդամների դագանակի տակ, քան իրենց խնդիրների մասին պատմել «ուրիշներին»: Այդ են վկայում Հայաստանում գործող` կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի հասարական կազմակերպությունների հետազոտությունները:

NEWS.am-ը զրուցել է այդ ՀԿ-ներից մեկի` Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանի հետ:


Նա պատմեց, որ Կենտրոնին են դիմում ամենատարբեր տարիքի եւ կարգավիճակի կանայք, եւ իրենց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ զարհուրելի պատմություններ պատմում: Այդ բռնությունների համար առիթ են ծառայում կենցաղային ամենատարբեր հարցերն ու երբեմն անհեթեթ երեւույթները: Բռնության տարածված տեսակը, որին ենթարկվում է կանանց ճնշող մեծամասությունը, հոգեբանականն է: «Դա բռնության այն տեսակն է, երբ կինն ընտանիքում անընդհատ լսում է, թե ինչքան վատն է ինքը, մեղավոր է բոլոր հարցերում, վատ կին է ու վատ մայր եւ ընդհանրապես` մեղավոր է ընտանիքի հետ պատահած բոլոր դժբախտությունների հարցում»,-ասաց հոգեբանը:

Նա նշեց, որ հոգեբանական բռնության հետեւանքով, կանանց մոտ ի հայտ են գալիս հոգեբանական որոշակի խնդիրներ, մասնավորապես` նրանք սկսում են տառապել ցածր ինքնագնահատականով, դադարում են իրենց կին, առավելեւս` լիարժեք մարդ եւ ընտանիքի լիիրավ անդամ զգալ: Ընդհուպ` դադարում են հետեւել եւ խնամել իրենց, հոգալ մարմնական տարրական պահանջները: «Այպիսի կանանց հետ աշխատանքում մեր թիվ մեկ խնդիրն այն է, որ բարձրացնենք նրանց ինքնագնահատականը»,-ընդգծեց հոգեբանը:

Որպես հոգեբանական բռնության օրինակ նա նշեց կնոջ նկատմամբ խանդի եւ անվստահության հողի վրա կառուցված վերաբերմունքը: «Մեզ դիմել էր մի շահառու, ով պատմում էր, թե տնային կալանքի է ենթարկվել ամուսնու կողմից, եւ անգամ պատշգամբ դուրս գալու եւ լվացք փռելու իրավունք չունի: Նա պատմեց, որ ամեն անգամ լվացք փռելու է դուրս եկել ամուսնու պարտադիր ներկայությամբ եւ ուղեկցությամբ, ով կարծել է, թե դիմացի շենքի տղամարդ հարեւաններից մեկը կարող է աչք տնկել իր կնոջ վրա ու այսպիսով վիրավորել իր` ամուսնու տղամարդկային ինքնասիրությունը: Մի անգամ էլ, երբ նա տանը չի եղել, կինն «առանց ուղեկցորդի» է լվացք փռելու դուրս եկել: Երբ ամուսինն իմացել է այդ «հանցագործության» մասին, սկանդալ է սարքել` դրանից բխող հետեւանքներով»,-պատմեց հոգեբանը:

NEWS.am-ը պարզեց, որ ամուսնու ծայրահեղ խանդի հետեւանքով կինը որոշ ժամանակով լքել է նրան` այսպիսով հայտնելով իր բողոքն իրեն չվստահելու հանդեպ: Որոշ ժամանակ անց նա կրկին միացել է ամուսնուն, ով այդ ընթացքում փոքր ինչ փոխել է իր դիրքորոշումը եւ կնոջը որոշակի ազատություններով ապահովել:

Հոգեբանի կարծիքով`հաճախ է հանդիպում բռնության այն տեսակը, երբ իր ցանկացած քայլի մասին կինը պարտավորված է լինում տեղեկացնել ամուսնուն` ե՞րբ դուրս եկավ տնից, ո՞ւր գնաց, ի՞նչ արեց, ե՞րբ տուն եկավ եւ այլն: Հոգեբանի դիտարկմամբ, այս երեւույթը պաթոլոգիական անվստահության դրսեւորում է, որով տառապում է հայ տղամարդկանց մեծ մասը:

Նրա խոսքով, տարածված բռնության տեսակներից է նաեւ տնտեսական բռնությունը, երբ կինն աշխատում է` միայնակ հոգալով ընտանիքի ապրուստը: Բռնության այս ձեւն իր տեսակի մեջ նաեւ աշխատանքային շահագործում է, որին, սակայն, շատ կանայք տրվում են ինքնակամ` դա համարելով բնական երեւույթ:

Հոգեբանի խոսքով, Կենտրոնին դիմում են նաեւ ֆիզիկական բռնության հետեւանքով առաջացած տարբեր վնասվածքներ ունեցող կանայք: Ֆիզիկական բռնության հեղինակները, սովորաբար, այդ կանանց ամուսիններն են, քիչ չեն նաեւ ընտանքի մյուս անդամների (սկեսուր, սկեսրայր) կողմից բռնության ենթարկվելու դեպքերը:

Ֆիզիկական բռնությունները, կոմպլեքս բնույթ են կրում`ուղեկցվում են հոգեբանական եւ սեռական բռնությամբ, որոնց հետեւանքով, հոգեբանի հավաստմամբ, կանայք ընկնում են դեպրեսիայի մեջ, ոմանց մոտ ի հայտ է գալիս ընդհուպ ինքնասպանության դիմելու ցանկություն:

Կենտրոնի` NEWS.am-ին տրամադրած ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալները վկայում են, որ բռնության դեպքերի մասին ահազանգերի թիվն այս տարի աճել է: Պատճառն, ըստ Կենտրոնի տնօրինության, այն չէ, որ ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը: Պատճառն այն է, որ բարձրացել է կանանց իրազեկվածության աստիճանը «ընտանեկան բռնություն» երեւույթի, ինչպես նաեւ այդ երեւույթով զբաղվող ՀԿ-ների վերաբերյալ:

Այսպիսով, 2011թ.ի առաջին 4 ամիսների ընթացքում Կենտրոնի Ազգային Թեժ Գծին եղել է 873 զանգ, որից 499 զանգը վերաբերել է ընտանեկան բռնությանը:

Հատկանշական է, որ 499 զանգից 299-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 193-ը` ֆիզիկական եւ միայն 7-ը`սեռական:

2011թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Ճգնաժամային Կենտրոնում գրանցվել է 227 այց, որոնցից 209-ը (113 առաջնային, 96 կրկնվող) ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (159-ը ֆիզիկական, 49-ը`հոգեբանական եւ միայն 1 այցելություն է եղել սեռական բռնության վերաբերյալ):

Նույն ժամանակահատվածում կենտրոնի մարզային 4 Ճգնաժամային Կենտրոններում գրանցվել է 278 այց: Այդ այցերից 257-ը եղել են ընտանեկան բռնության վերաբերյալ, որից 188-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, իսկ 69-ը` ֆիզիկական:

Կանանց իրավունքների կենտրոնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար 24 ժամ գործում է Ազգային Թեժ Գիծ Հեռախոսային Ծառայություն հետեւյալ հեռախոսահամարներով` 0 800 80 850 կամ 010 54 28 28:
                                                                                                                          news.am

Комментариев нет:

Отправить комментарий