10 мая 2011 г.

Կեղծված փաստաթղթերով 2 «ազատամարտիկ» կանգնել են դատարանի առջեւ

Գյումրիի բնակիչներ Սուսաննա Պետրոսյանն ու Հրաչյա Ավետիսյանը 2004թ-ից մեքնայությունների միջոցով ձեռք են բերել փաստաթղթեր, թե իբր Արցախյան պատերազմի մասնակից են եւ 6 տարի շարունակ ստացել են ազատամարտիկի թոշակ ու օգտվել այլ արտոնություններից:

Նրանց նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններին եւ Հայաստանի պաշտպանության նախարարության քաղաքացիական հայցով` գործի դատական վարույթ է սկսվել: «Խոսքը Սուսաննա Պետրոսյանի եւ Հրաչյա Ավետիսյանի մասին է. նրանք փաստաթղթեր են սարքել, որ, իբր, 4-րդ գումարտակից են, սակայն սուտ է, ես այդ գումարտակի հրամանատարի տեղակալն եմ, նման մարդկանց չեմ ճանաչում»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է չորրորդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ավետիք Մուրադյանը` շարունակելով, որ նման դեպքերը երկուսով չեն սահմանափակվում: Իրականում ազատամարտիկների թիվը շատ ավելի փոքր է, քան ցուցակներում ներկայացված է:

«Գիտեք ինչ, վիրավորական է, մարդիկ, ովքեր կարտոֆիլի մարգերում են թաքնվել, այսօր մեզ հավասար ազատամարտիկ են դարձել, օգտվում են բոլոր արտոնություններից: 5 հազար ազատամարտիկ է եղել, նրանց մի մասը մահացել է, սակայն հիմա ցուցակները հասնում է 20 հազարի, էդ ո՞նց է ստացվել»,- կարծիք է հայտնել չորրորդ գումարտակից մեկ այլ մարտիկ` Հովհաննես Ստեփանյանը: Ըստ նրա դատարանն էլ արդարադատություն իրականացնում է «գործը քննելով ոչ թե ըստ էության, այլ` մակերեսորեն»:

«Դատարանն արագացրած վարույթով է քննում, ասում են, ինչքան վնաս եք տվել` մուծեք ու վերջ: Այնինչ փաստաթղթեր են կեղծվել եւ պետք է պարզել, թե ով է դա արել: Գուցե պետական մարմինների մեղքն էլ կա այդ կեղծիքում»,- եզրակացրել է Հովհաննես Ավետիսյանը:

Չորրորդ գումարտակի մարտիկների խոսքով` իրենք անելու են ամեն ինչ, որ պարզվի, թե ովքեր են իսկական մեղավորները: «Պիտի կազմակերպությունները գտնենք: Հիմա շատ նորահայտ կազմակերպություններ կան, որ նախկինում չկային: Դրանք փուչիկ են եւ հիմա այնպես ենք անելու, որ դրանք բոլորը պայթեն»,- դատարանում հայտարարել է Հովհաննես Ստեփանյանը:                                                                                              news.am

Комментариев нет:

Отправить комментарий